Զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով. հաշվետվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019թ. կատարած հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվության սեղմագիր է ներկայացրել:

Հաշվետու ժամանակահատվածում՝

1. Հաստատվել է ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կառուցվածքը:

2. ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներով, ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համալիրներով եւ այլ միջոցներով:

3. Անցկացվել են մարտավարական զորավարժություններ եւ հսկողական պարապմունքներ: Զորքերի կառավարման ունակությունների կատարելագործման, ստորաբաժանումների դաշտային վարժվածության բարձրացման նպատակով 2019թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվել է ռազմավարական զորավարժություն՝ զորահավաքային ռեսուրսների ընդգրկմամբ (ամբողջ ծավալով ընդգրկվել են ՀՀ զինված ուժերի կցագրված զորահավաքային ռեսուրսները): Ռազմավարական զորավարժությունների ընթացքում 5 եւ 10 օր ժամկետով զինապարտները մասնակցել են զորամասերում մարտական ներդաշնակեցմանը:

4. Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ. մարտական դիրքերը եւ հենակետերը համալրվել են տեսադիտարկման համակարգերով, արեւային կայաններով, ապահովվել են խմելու ջրով եւ էլեկտրական հոսանքով:

5. Վերանայվել են ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերը, ներդրվել են տարբեր մակարդակի դասընթացներ: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» խորագրով գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 4-ամսյա դասընթաց: Նշված դասընթացի նպատակն է ամբողջական դարձնել ռազմական կրթության ցիկլը՝ ունենալով ամբողջական կրթություն՝ վարժարանից մինչեւ ռազմավարական օղակները:

6. Բարձրացվել է զինծառայողների դրամական բավարարման չափը:

7. Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել թիկունքային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ: 2019թ. հունիս ամսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջ կողմից փորձնական ծրագրի իրականացումը՝ ավելի քան 40 զորամասում իրականացվում է սննդի պատրաստման եւ մատուցման ծառայություն: Ձեռք են բերվել եւ ՀՀ զինված ուժերում ներդրվել նոր տեսակի կիսաճտքավոր կոշիկներ, առավել որակյալ եւ հարմարավետ գուլպաներ եւ տաք ներքնաշորեր:

8. Կնքվել եւ կատարվել են 2019թ. գնումների պլանով նախատեսված ներհանրապետական արտադրության եւ նորոգման պայմանագրերը:

9. Մշակվել եւ գործողության է դրվել (ՊՆ պաշտոնական կայքէջում տեղադրումով) ԶԼՄ-ների հավատարմագրման նոր կարգ: ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի (mil.am) բջջային հավելվածն արդեն հասանելի կլինի Android եւ IOS օպերացիոն համակարգերում:

10. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում եւ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով, ընդգրկվել է ՀՀ ԱԺ մեծ օրակարգ: Օրենքի նախագծում ամբողջությամբ հաշվի են առնվել ՄԻՊ աշխատակազմի կողմից ներկայացված կարգավորումները:

11. «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառության ընթացքում դասակի հրամանատարի պաշտոնի համալրման զինվորական պատրաստություն անցած եւ զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 2 տարի 3 ամիս (որից 3 ամիսը՝ որպես ուսումնական հավաքներ)՝ նախկին 3 տարվա փոխարեն:

12. ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 5 բնակե¬լի շենք՝ Գորիսում, Սիսիանում, Վայքում, Գյումրիում եւ Չոփրլուում (2020թ. հունվարի 28-ին նախատեսվում է եւս 2 շենքի հանձնում):

13. Շարունակվել են ՀՀ միջազգային ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը եւ զինված ուժերի զարգացմանն ուղղված աշխատանքները.

ՀՀ ԶՈւ զորախմբերը մասնակցել են ՀԱՊԿ զորավարժությունների,

ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակներում շարունակվել են ռազմաքաղաքական խորհրդակցությունները,

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրվել են ռազմատեխնիկական արտադրանքի մատակարարման պայմանագրեր,

Շարունակվել է ՀՀ ԶՈւ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին, ինչպես նաեւ հայ մասնագետների հումանիտար առաքե¬լությունը Սիրիայում:

14. Կատարվել են զինվորական կենսաթոշակների եւ ամենամսյա պարգեւավճարների նշանակումներ:

ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից նախկին զինծառայողներին տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմվել եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ են ներկայացվել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված նախկին զինծառայողների վերաբերյալ հատուցման գործեր:

2019թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ տրված հանձնարարականի համաձայն` իրականացվում են 1998-2007թթ. ընթացքում հակառակոդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված եւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրություններ` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելու դեպքում որպես Հիմնադրամի շահառուներ հաշվառելու եւ սահմանված կարգով եւ չափերով ամսական վճարումները կատարելու համար:




Լրահոս