Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները: Տեղեկացվել է, որ CARD-ը զբաղվում է գյուղատնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ, որոնք հիմնականում ուղղված են անասնաբուծության, կաթի արտադրության և վերամշակման զարգացմանը, գինեգործությանը, մեխանիզացման ծառայությունների, բանջարաբուծության և պտղաբուծության զարգացմանը, ինչպես նաև ջերմատնային արտադրությանը։ Վերջին նախաձեռնություններից են խոզաբուծության, այծաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերը:
Սոցցանցի իր էջում վարչապետն անդրադարձել է այցին` գրելով.
Այսօր Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն կատարած այցի արդյունքներով համոզվեցի, որ գյուղատնտեսությունը Հայաստանում կարող է լինել շահութաբեր բիզնես:
Դրա համար անհրաժեշտ է երեք բան 1. Գիտելիք, 2. Գիտելիք, 3. Գիտելիք:
Կառավարության խնդիրն է, որ այդպիսի գիտելիքը Հայաստանում դառնա զանգվածային: