Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության տեսլականն է ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը:
Այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում միջազգային կազմակերպությունների հետ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը:
«Ռազմավարության տեսլականն է ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը: Մենք նախատեսում ենք ռազմավարությամբ ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն: Սկզբունքները, որոնք երկար քննարկված են, մի կողմից շատ պարզ են, միևնույն ժամանակ, կարծում եմ, դրանք վերահաստատման կարիք ունեն ռազմավարությամբ»,-ասաց Գրիգորյանը:
Նա վստահեցրեց՝ նախանշված տեսլականի իրագործման գործում կառավարությունը որդեգրել է ավելի նախաձեռնողական, թափանցիկ գործելակերպ: Նա կառավարության կողմից նախաձեռնված այդ համաժողովը համարեց պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումների թափանցիկության և ներառականության ապահովման կարևոր բաղադրիչ: Աշխատանքային հանդիպումը նպատակ ունի գործընկերներին ներկայացնել բարեփոխումների օրակարգը՝ ի ցույց դնելով փոփոխությունների իրականացման քաղաքական կամքը և որոշակիացնել դոնոր հանրության հետ համագործակցությունը և բարձրացնել դրա արդյունավետությունը: «ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է դոնոր հանրության ներգրավվածությունը՝ ռազմավարության իրականացման գործում և արձանագրում է, որ այդ կառուցողական համագործակցության շնորհիվ է նաև հնարավոր դարձել վերջին շրջանում պետական ֆինանսների կառավարման բնագավառում առանցքային փոփոխություններ իրականացնելը»,-ասաց Գրիգորյանն ու նշեց՝ իրենց դիտարկմամբ, նշված համագործակցությունն ունի ընդլայնման ներուժ, որի իրացումը հնարավոր է համատեղ ջանքերի համախմբմամբ: