Ինչու սոցիալական ծառայությունների դիմելիս որոշ դեպքերում քաղաքացու դիմումը չի ընդունվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հորդորում է քաղաքացիներին սոցիալական տարբեր ծառայությունների դիմելիս հայտը գրանցել գրավոր:

Այս մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ անդրադառնալով իրենց գերատեսչությունում ստացված ահազանգերին, թե գրավոր հայտերը չեն ընդունվում:

«Ահազանգեր ենք ստանում, որ սոցիալական տարբեր ծառայությունների դիմելիս որոշ դեպքերում քաղաքացու դիմումը չի ընդունվում, այսպես ասած՝ խրախուսում են չդիմել, բանավոր պատասխանելով՝ «չի հասնում»։ Հորդորում եմ սոցիալական որևէ ծառայությունից օգտվելու ձեր հայտը գրանցել գրավոր։ Դիմումի մերժումը կամ հաստատումը ևս ձեզ պետք է ներկայացվի գրավոր։ Սա օրենքի պահանջ է, որևէ այլ տեսակի պատասխան դրանից շեղում է, ուստի խախտումներ արձանագրելու դեպքում խնդրում եմ գրեք իմ կամ նախարարության ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել թեժ գիծ՝ 114»,- նշել է Բաթոյանը։

Նա նաև հիշեցրել է, որ դիմումի առկայությունը չի նշանակում այս կամ այն ծրագրից օգտվելու իրավունք, դա պայման է, պետական աջակցության համար իրենց իրավունքը ճշտելու համար։

«Ուստի, եթե նույնիսկ կասկածում եք, որևէ ծառայություն ձեզ համար նախատեսված է, թե ոչ, ապա դրա համար դիմում ներկայացրեք համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, եթե Ձեր բնակության վայրում դեռևս առկա չէ համալիր կենտրոն, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական ծառայություններ տրամադրող (զբաղվածության, սոցիալական ապահովության կամ բժշկասոցիալական փորձաքննության) կամ սոցիալական աջակցության տարածքային մարմիններին»,- գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։




Լրահոս