«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից անցել է 4 օր, եւ շատ հարցեր դեռեւս չունեն իրենց պատասխանները: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ Գ. Կուտոյանը հունվարի 16-ին վարձակալած տաքսիով ուղեւորվել է Պարույր Սեւակի՝ իրեն պատկանող բնակարան, եւ հաջորդ օրը՝ հունվարի 17-ին, հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել նրա հետ, գնացել են նշված բնակարան, նրա կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է Կուտոյանի դին՝ քունքի վնասվածքով: Նշենք, որ Կուտոյանը երբեք աչքի չի ընկել ալկոհոլի նկատմամբ հակումով, լուռ, ինքնամփոփ է եղել, բայց նախորդ տարվա դեկտեմբերից հաճախ է ձգտել ալկոհոլի օգտագործմամբ հանգստացնել նյարդերը: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս գործով:
Մասնավորապես, տեղեկացանք, որ դեպքից առաջ Գեւորգի Կուտոյանը նամակ է ուղարկել կնոջը, որը անձնական բնույթի է եղել եւ բավականին սրտաճմլիկ, իսկ կինն էլ մտածել է, որ միգուցե էլի գինովցած է: Բանն այն է, որ շաբաթներ առաջ Կուտոյանն էլի գինովցած իրեն պատկանող զենքով կրակել է պատերին: Իսկ հարեւանները, որոնց հարցուփորձ է արվել, հայտնել են, թե պայթյունի նմանվող դմփոցի ձայներ լսել են, բայց կարծել են, թե կողքը շինարարություն է տեղի ունենում, դրա ձայներն են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։