«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին քննիչ, «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, իր փորձից ելնելով, խնդրահարույց է համարում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված որոշ դրվագներ․
«Ինքնասպանություն գործող անձն ինքնասպանությունից առաջ որ կրակոցներ արձակի՝ փոքր-ինչ խնդրահարույց է, կամ կարող ենք վկայել այն մասին, որ տվյալ անձը հոգեկան լարվածության մեջ է գտնվում, լարվածությունը հանելու համար կրակոցներ է արձակում կամ ուզում է ինքնասպանություն գործել, բայց չի կենտրոնանում եւ վերջում հասնում է նրան, որ ինքն իրեն է խփում։
Այդ վարկածից ելնելով՝ կարող ենք երկու ձեւով էլ տրամաբանել, բայց քանի որ նախաքննության մանրամասներ չգիտենք, ճիշտ կլինի չմեկնաբանել»։
Նա նաեւ շեշտեց, որ իր համար առավել համոզիչ է ինքնասպանության հասցնելու պաշտոնական մեղադրանքը։ Թե ով կարող է ԱԱԾ նախկին տնօրենին հասցնել ինքնասպանության, պատգամավորը չի կարող ասել, փոխարենը բացառում է, որ իշխանությունների կողմից նա երբեւէ ճնշումների է ենթարկվել, կամ ստեղծված մթնոլորտն է հոգեբանական ազդեցություն ունեցել նրա վրա․ «Որեւէ ձեւով ես չեմ ընդունում նման բացատրություն, միգուցե որոշ ուժեր ցանկանան սլաքներն այդպես տանել, բայց ես կարող եմ վստահեցնել, որ դա կապ չունի իշխանության հետ»։
Եվ որպես ապացույց՝ հիշեցրել է, որ Կուտոյանը որեւէ քրեական գործով չէր անցնում եւ կարգավիճակ չուներ։ «Իշխանությունը տղայական պիտի կանչեր, ինֆորմացիա՞ ստանար»,- հարցրեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։