«ԿամԱԶ»-ների թեման փակվե՞ց. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախորդ տարի հայտարարել էր, որ քաղաքապետարանըորպես նվիրատվություն է ստացել գույք և չի հրապարակել, թե ովքեր են նվիրատուները:

Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել:

ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ ինչ փուլում են դատախազության ուսումնասիրությունները:

ՀՀ գլխավոր դատախազությունից, ի պատասխան ArmLur.am-ի հարցադրման, հայտնեցին հետևյալը.

«Երևան համայնքին աղբատար տրանսպորտային միջոցներ նվիրաբերելու դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նախագծման և շինարարության թույլտվություններ տրամադրելու և ինքնակամ կառույցներ օրինականացնելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա Երևանի քաղաքապետարանից պահանջվել են դրանց վերաբերյալ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը.

«Տերյան 5», «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն», «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ», «ԷՅՉ ԲԻ ԷՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերություններին, «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը տրամադրվել են համապատասխանաբար նախագծման, քանդման և (կամ) կառուցապատման թույլտվություններ, իսկ քաղաքացի Շողերինա Մկրտչյանի ինքնակամ կառույցը օրինականացվել է:

Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել: Ավելին, պարզվել է, որ, օրինակ, շինության նախագծման թույլտվությունը «Տերյան 5» ՍՊ ընկերությանը տրվել է 2017թ.՝ սահմանելով շինության վերգետնյա բարձրության մինչև 75.4 նիշ, սակայն 2019թ. տրված շինարարության թույլտվությամբ սահմանվել է բարձրության ավելի պակաս՝ 56 նիշ:

Պարզվել է նաև, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն», «ԷՅՉ ԲԻ ԷՄ ԳՐՈՒՊ», «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունները, ինչպես նաև «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, որն ըստ հրապարակումների կապված է «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության և քաղաքացի Շողերինա Մկրտչյանի հետ, Երևան համայնքին նվիրաբերել են 19 տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ աղբատար, իսկ «Տերյան 5» ՍՊԸ-ն նվիրաբերության պայմանագրով պարտավորվել է նվիրաբերել անշարժ գույք:

Նվիրաբերություն կատարած «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կամ դրան փոխկապակցված անձանց Երևանի քաղաքապետարանի կողմից թույլտվություններ չեն տրամադրվել:

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրաբերություններ կատարելն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարքի հակտանիշներ չի պարունակում:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ Երևանի քաղաքապետարանի և նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև վարչաիրավական հարաբերությունների պայմաններում վերջիններիս կողմից նվիրաբերություններ կատարելու հանգամանքն առաջացրել է և կարող էր առաջացնել այդ գործընթացներում շահերի բախման կամ այդ հարաբերություններից դուրս պայմանավորվածությունների և գործարքների առկայության ռիսկեր կամ առնվազն դրա վերաբերյալ ընկալում՝ ազդելով օրենսդրությանը համապատասխան իրականացված վարչաիրավական հարաբերությունների նկատմամբ հանրային վստահության վրա՝ ուսումնասիրության արդյունքներով Երևան քաղաքի դատախազությունից Երևանի քաղաքապետարանին հաղորդում է ներկայացվել՝ առաջարկելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքների ապահովման նպատակով սահմանել միմյանց հետ առերևույթ առնչակցվող վարչաիրավական և քաղաքացիաիրավական հարաբերությունների այնպիսի կարգավորումներ (հաշվի առնելով նաև միջազգային փորձը) և կիրառել այնպիսի ընթացակարգեր, որոնք կապահովեն այդ գործընթացների իրավական հիմնավորվածությունը, անհրաժեշտ թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Երևան քաղաքի դատախազությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդպիսի կարգավորումների և ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներին:




Լրահոս