
Այսօր վաղ առավոտից հանրապետության մի շարք մարզերում անասնաբուծությամբ զբաղվողները փակել են տարբեր ավտոճանապարհներ՝ շարունակելով օրեր առաջ սկսած բողոքի ակցիաները:
Արարատի մարզի Մրգավետ գյուղում բողոքի ակցիայի մասնակիցների հետ փորձել է բանակցություններ վարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, սակայն նրա հորդորները՝ երեկոյան 17:00-ին հանդիպել մարզպետին, բացասական պատասխան են ստացել: Գյուղացիները պահանջել են հանդիպում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ:
Երկարատև բանակցություններից հետո պատգամավորն ու մսավաճառները համաձայնության են եկել՝ խնդիրը քննարկելու 17:00-ին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել որոշում, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։