Այս պահին ուսումնասիրում ենք վարկային պայմանագրերը. Ծովինար Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ դեռ ուսումնասիրում են ոլորտը:

-Տիկի՛ն Վարդանյան, ի՞նչ արդյունք ունի Ձեր ղեկավարած հանձնաժողովը, 6 ամսից ավելի է՝ ստեղծվել է հանձնաժողովը:

-Այս պահին ուսումնասիրում ենք վարկային պայմանագրերը, նաեւ ԾԻԳ-ի հետ կապված բոլոր փաթեթները, դրանք ենք ուզել Ջրային կոմիտեից, որտեղ կան բոլոր այն տեղեկությունները, թե ինչպես են տարբեր կազմակերպություններ մասնակցել մրցույթների:

Այդ փաթեթներն ենք ուզել՝ հասկանալու համար՝ ընթացակարգերը ինչպես են եղել, ոնց են ընտրվել այն կազմակերպությունները, որոնք իրականացել են ծրագրերը, ինչու են մերժվել որոշները:

-Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովը դանդաղ տեմպերով աշխատում. կարելի է ասել, դեռեւս արդյունք չունեք, ինչո՞ւ:

-Կապված է փաստաթղթաշրջանառության հետ, քանակը շատ մեծ է փաթեթների, շատ մեծ ծավալի փաստաթղթեր են, ու ես չեմ կարծում, որ այդ ամենը դանդաղ է ընթանում: Մենք վերցրել ենք երկու մարզ, ու այնտեղ երկու ջրօգտագործող ընկերություններ կան, ջրային կոմիտեն է, այսինքն՝ այստեղ առկա փաստաթղթերի քանակը, դրանց կապվածությունը, դրանց ուսումնասիրությունը շատ մեծ է ու ժամանակատար է:

-6 ամիսը բավարար չեղավ հանձնաժողովին, ու ավելացվել է եւս վեց ամիս: Ձեր կարծիքով՝ դա բավարա՞ր է քննիչ հանձնաժողովին իր լիակատար աշխատանքների իրականացման համար:

-Կարծում եմ՝ բավարար կլինի, որովհետեւ հիմա ավելի համակարգված պատկերացում ունենք, թե ինչ պետք է արվի, աշխատանքի բաժանումներ են տեղի ունեցել հանձնաժողովում, պատգամավորական խմբերն ամեն մեկը մի ոլորտ է ուսումնասիրելու, որն ավելի է հեշտացնելու աշխատանքը: Մեր նպատակն է խնդիրների վերհանումը, հասկանալ, թե ինչ ուղղություններով պետք է լինեն օրենսդրական նախաձեռնությունները: Իսկ եթե լինեն բացահայտումներ, ապա կտեղեկացնենք դրա մասին:

Նյութը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս