Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2020թ հունվարի 20-ին սկսվել է 1973թ. ծնված, Երեւանի Էրեբունի թաղամասում գրանցված Մարտուն Սամվելի Աթոյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1992թ. զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով ինքնակամ լքել է զորամասը եւ օգտագործելով ԽՍՀՄ նմուշի անձնագիրը՝ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Մարտուն Աթոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նպատակ ունենալով այլ անձի տվյալներով վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ նա ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսարան է ներկայացրել եղբոր՝ Նաիրի Աթոյանի անձնագրի լուսապատճենը եւ իր լուսանկարները, ինչի հիման վրա ստացել է եղբոր կենսագրական տվյալներով, սակայն իր լուսանկարով ՀՀ վերադարձի թիվ 265450 կեղծ վկայականը եւ 2013թ. օգոստոսի 23-ին «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետով, առանց սահմանված փաստաթղթերի ապօրինի հատելով ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ ժամանել է Երեւան:
Այդ արարքի համար Մ. Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը») եւ 329 հոդվածի 1-ին մասով(«Առանց փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ դատախազությունը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ