ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ մարզում քանի սպանդանոց կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` Հայաստանում մսավաճառներն ու անասնապահները բողոքի ակցիա են իրականացնում` ընդդեմ սպանդանոցային պարտադիր մորթի: Եւ խոստացել են, որ այսօրվանից տարբեր մարզերի մսավաճառներ իրենց մարզերում են ճանապարհներ փակելու:

Նշենք, որ սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: Հայաստանը սպանդանոցային պարտադիր մորթին ամբողջությամբ պետք է անցներ 2018 թվականին: ՀՀ կառավարության որոշմամբ`պետք է անցնեին 2018 թվականի հուլիսի 1-ից,սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշել է վերահսկողությունը խստացնել հունվարի 15-ից՝ ակնկալելով, որ վաճառակետերում կհայտնվի անվտանգ, լաբորատորիայով ստուգված միս: Այսինքն՝ բակային մորթ չպետք է լինի:

Ի դեպ, բակային մորթ կթույլատրվի ծիսական նպատակներով, եթե գառ է մատաղ արվելու, եւ միսը բաժանվելու է, այլ ոչ թե վաճառվելու:

Իսկ ո՞րն է խնդիրը կամ դժվարությունը, որ մսավաճառներին այդքան բարկացրել է: Մսամթերքի իրացման կետերում բոլոր տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական 5-րդ ձեւը, որ նշանակում է անասունը մորթվել է սպանդանոցում, ստուգված, անվտանգ միս է: Կբացառվի հիվանդ, սատկած կենդանիների վաճառքը, ինչպես նաեւ մսավաճառները ստիպված կլինեն գալ հարկային դաշտ եւ գերշահույթ չեն ունենա: Բացի այդ, հինգերորդ ձեւին կցված հատուկ կոդը հնարավորություն է տալիս, որ սպառողն էլ իր հեռախոսով արագ պարզի՝ինչ կենսագրություն ունիիրեն առաջարկվող միսը: Իսկ եթե մսավաճառը չունենա անասնաբուժական 5-րդ ձեւը, կտուգանվի 300 հազար դրամի չափով,ու կկասեցվի նրա ունեցած մսի վաճառքը:

Բայց, մյուս կողմից, անասնապահները վստահ են, որ մսի գինը շեշտակի կբարձրանա սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուց հետո,քանի որ սպանդանոցային ծառայությունից օգտվելու դեպքում իրենց մոտ լրացուցիչ ծախսեր են առաջանալու: Օրինակ՝ սպանդանոցներն առաջարկում են հետեւյալ սակագները՝ մեկ խոզը՝ 5000 դրամ, ոչխարը՝ 3500 դրամ, կովը՝ 10-12 հազար դրամ: Սրանք առավելագույն գներն են:

Ըստ մսավաճառների՝ կենդանուն սպանդանոց հասցնելու համար էլ է գումար ծախսվելու. հատուկ մեքենայով պետք է դա անել:

Սակայն, ըստ ՍԱՏՄ-ի, տեսչական մարմինը սպանդանոցների հետ հուշագիր է ստորագրել, սահմանել առավելագույն գներ, նաեւ այն, որ 3 գլուխ կենդանուց ոչ պակաս կենդանիների տեղափոխումը մինչեւ 30 կիլոմետրը անվճար է լինելու,իսկ 30 կիլոմտերից ավելը կլինի ինչ-որ վճար, որը, ի դեպ, հոգալու է գյուղացին:

Բայց եւս մի կարեւոր հանգամանք.թեեւ Հայաստանում արդեն 6 օր է, ինչ սպանդանոցային պարտադիր մորթի նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանված, բայց սպանդանոցների քանակը դեռ բավարար չէ, այսինքն՝ ոչ բոլոր անասնապահներին են հասանելի այդ սպանդանոցները: Եւ գյուղացին պետք է գումար ծախսի ու ոչ սարքին փողոցներով կենդանուն հասցնիտասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող սպանդանոց: Էլ չենք խոսում այն մասին, որ գյուղացին հսկայական գումարներ է ծախսում ողջ տարվա ընթացքում անասուն պահելու, մեծացնելու համար:

Բացի այս, սպանդանոցներ կան, որոնք հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել: Բանն այն է, որ այդ սպանդանոցների սեփականատերերը իրանցիներ են եւ անասնապահներին մերժում են՝ պատճառաբանելով, որ իրանցիները եթե իմանան՝ այդ սպանդանոցում խոզ է մորթվել, ապա չեն օգտվի, քանի որ դա իրենց կրոնական համոզմունքներին դեմ է՝ «հարամ է»: Նշենք, որ նմանատիպ սպանդանոց գործում է Արարատի մարզի Մասիս քաղաքում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցրեց, որ հանրապետության բոլոր մարզերում սպանդանոցներ կան: Ապա օրինակ բերեց Կոտայքի մարզը, որտեղ, նրա խոսքով, կա 10 սպանդանոց եւ բավականին ցրված: Այսինքն՝ հարակից գյուղերի բնակիչների համար դժվարություն չի առաջանա: «Բայց ամենակարեւոր բանն եմ ասում, խնդրում եմ, ուշադիր եղե՛ք.որեւէ գյուղացի իր կենդանուն սպանդանոց չի տանում:

Սա կարեւոր է: Սպանդանոցների հետ մենք ունենք պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր սպանդանոց պատրաստ լինի կենդանիներին տեղափոխել: Բայց հավատացե՛ք, որ այդ ավել վճարը լուրջ ազդեցություն չի ունենալու մսի գնի կամ գյուղացու գրպանի վրա: Այսպես, թե այնպես, մորթին իրենք գումար տալիս են: Օրինակը բերեմ խոզի մասով.ենթադրենք՝ գալիս են ու խոզը մորթում են 3000 դրամով, սպանդանոցը մորթելու է 5000 դրամով: Եթե 2000 դրամը բաժանում ենք 50 կիլոգրամի վրա, եթե պետք է դրա պատճառով խոզի մսի գինը 40 դրամով բարձրանա, թող բարձրանա: 40 դրամը կիլոգրամի մեջ լավ պայմաններում մորթվող մսի պարագայում նորմալ թիվ է»,- նկատեց Ավետիսյանը:

Մեր զրուցակցին փոխանցեցինք նաեւ սպանդանոցների՝ թվով քիչ լինելը: «Գործող 39 պատրաստ սպանդանոց ունենք, եւ կառուցվում է եւս 35-ը: Երբ այս որոշումն ուժի մեջ մտավ անցած տարվա հուլիսի 1-ից, Հայաստանում կար գործող 17 սպանդանոց, մեկուկես տարվա ընթացքում՝ մինչեւ անցած տարվա վերջ, սպանդանոցների թիվը հասավ 22-ի: Այսինքն՝ տարիուկեսվա մեջ 5 սպանդանոց է բացվել, վերանորոգվել, եւ վերջին մի քանի օրվա ընթացքում թիվը հասավ 39-ի:

Սպանդանոց կառուցողները տեղացիներ են, սակայն մի մասը, որոնք որ ժամանակին սարքել են եւ պայմանավորվածություն են ձեռք բերել իրացիների հետ, տվել են իրենց վարձով կամ միայն իրանցիների համար են մորթ իրականացնում: Դրանք այդքան շատ չեն: Մենք երբ սպանդանոցների ցանկը տալիս ենք, պարտադիր նշում ենք՝ սպանդանոցները ինչ կենդանի են մորթում: Բոլոր մարզերում, այդ թվում՝ Երեւանում, կա սպանդանոց, որտեղ խոզ է մորթվում»,- տեղեկացրեց տեսչական մարմնի ղեկավարը:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզում գործող երկու սպանդանոց կա՝ Ճամբարակում եւ Սեւանում, կառուցման ընթացքի մեջ՝ մեկ հատ Գավառում, երկու հատ՝ Սեւանում, մեկ ՓՄՁ ԶԱԿ-ով կառուցված՝ Մարտունիում, մեկ հատ էլ չգործող՝ Ճամբարակում:

Տավուշի մարզում կա երկու գործող սպանդանոց՝ Դիլիջանում եւ Նոյեմբերյանում, երեք հատն էլ կառուցման փուլում են:

Լոռիում կան գործող հինգ սպանդանոց, իսկ երկուսն էլ կառուցման փուլում են:

Շիրակի մարզում կա երկու գործող սպանդանոց, ութ հատն էլ կառուցման փուլում են, իսկ մեկը չի գործում:

Արագածոտնի մարզում գործում է մեկ սպանդանոց, երկուսը կառուցման փուլում են, մեկն էլ՝ ՓՄՁ ԶԱԿ-ով:

Արմավիրում մեկ հատ սպանդանոց կառուցվում է, չորսը գործում են, մեկն էլ չի գործում:

Կոտայքի մարզում տասը գործող սպանդանոց կա:

Արարատի մարզում կա 6 սպանդանոց, որից 3-ը՝ Այնթապում, երկուսն էլ կառուցման փուլում են:

Վայքում մի հատ սպանդանոց է գործում, երկուսը կառուցման փուլում են:

Սյունիքի մարզում երկու գործող սպանդանոց կա, եւս երկուսը կառուցվում են, մեկն էլ՝ ՓՄՁ ԶԱԿ-ով:

Այսպիսով, ՀՀ ոչ բոլոր մարզերի մսավաճառները կարող են ֆիզիկապես օգտվել սպանդանոցների ծառայություններից, քանի որտեղեր կան, որ պարզապես սպանդանոցներ չկան: Իսկ ի՞նչ պիտի անեն այդ բնակավայրերի մսավաճառները:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս