ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ դեպքում հնարավոր չէր ընտանիքս փրկել. Իրինա Հարությունյանը՝ նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
irina harutyunyan

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի Իրինա Հարությունյանն է: Նա պատմել է այս տարվա հետ կապված ծրագրերի, անձնական կյանքի, նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին:

-Իրինա՛, 2020 թվականն ինչպե՞ս սկսվեց Ձեզ համար, երկրպագուներին ի՞նչ անակնկալներ են սպասվում այս տարի:

-Այս տարին բավական բուռն սկսվեց, թողարկվեց իմ տեսահոլովակը՝ նկարահանված ռուսալեզու երգի հիման վրա: Անակնկալները շարունակական կլինեն ողջ տարվա ընթացքում: Հանդիսատեսին կարճ ժամանակահատվածում կներկայացնեմ տեսահոլովակներ: Հուսով եմ՝ տարբեր երկրներում շրջագայելու առիթներ եւս կլինեն:

-Հայկական շոու-բիզնեսում Ձեզ համար «գոյատեւելը» հե՞շտ է, դրա համար ի՞նչ է հարկավոր:

-Շատ բարդ հարց տվեցիք: Յուրաքանչյուր արտիստ ուզում է լինել ամենաերեւացող տեղում: Ոլորտում լինելու համար ամենակարեւոր հատկանիշները, որոնք պետք է ունենալ, աշխատասիրությունն է եւ նպատակասլացությունը:

-Մեր շոու-բիզնեսն էլ զերծ չէ սկանդալներից: Դուք դրանց կիզակետում հայտնվե՞լ եք: Ձեր հանդեպ դավադրություններ եղե՞լ են:

-Սա իրականում ինձ համար ցավոտ թեմա է: Ինքս ուրախանում եմ կոլեգաներիս հաջողություններով: Իհարկե, կան կոլեգաներ, որոնք հաջողությամբ ավելի շատ եմ ուրախանում, քանի որ ստանում եմ փոխադարձ ջերմ վերաբերմունք:

Շատ անգամ իմ հանդեպ եղել է անարդար մրցակցություն: Կցանկանայի հետկուլիսային ցածրակարգ պահվածքի ականատեսը չդառնալ, բայց ես դրականը տեսնող մարդ եմ, ամեն ինչի մեջ փորձում եմ լավը տեսնել: Եթե ամեն ինչի մեջ տեսնես լավը, երջանիկ կլինես: Իմ կյանքի կարգախոսն է՝ լինել պոզիտիվ, աշխատել եւ առաջ ընթանալ, երբեք չդադարել ստեղծագործել: Ես ինձ ուժեղ մարդ եմ համարում, չնայած նրան, որ փխրուն հոգի ունեմ.ինձ հեշտ է ցավեցնել, վիրավորել, բայց, դրա հետ մեկտեղ, դժվար է կոտրել:

-Շոու-բիզնեսում ընկերուհիներ ունե՞ք:

-Ես շատ տղա ընկերներ ունեմ շոու-բիզնեսում, որոնց հետ կիսվում եմ իմ հաջողություններով եւ զգում եմ, որ նրանք ուրախանում են իմ ամեն ձեռքբերումով: Ոլորտում ընկերուհիներ չունեմ, բայց ունեմ հարազատ մարդիկ:

-Եղե՞լ է այնպիսի մի պահ, երբ ցանկացել եք լքել ոլորտը:

-Ոչ, երբեք, հուսով եմ, որ չի էլ լինի նման պահ: Շատ եմ սիրում իմ աշխատանքը եւ ուրախանում եմ յուրաքանչյուր ջերմ խոսքից եւ հաշվի եմ առնում ամեն քննադատություն: Ինձ համար շատ կարեւոր է հանդիսատեսի կարծիքը:

-Լինել գեղեցիկ կին, բեմի մարդ, ունենալ ամուսնալուծվածի կարգավիճակ եւ գտնվել բազմաթիվ տղամարդկանց ուշադրության կենտրոնում դժվար չէ՞:

-Կնոջից է կախված, թե տղամարդն ինչպես իրեն կվերաբերվի: Տղամարդիկ ինձ շատ հարգում են, եւ ես դրանից շոյվում եմ: Հիշում եմ, որ տարիներ առաջ հասարակությունը բավական սուր էր արձագանքում ամուսնալուծություններին: Մարդիկ կարծում էին, որ պետք է պահել ամուսնությունը, եթե նույնիսկ դա անհնար էր…Ես կողմնակից չեմ բաժանություններին.եթե հնարավոր է ընտանիքը փրկել, ես կողմ եմ դրան, բայց իմ դեպքումուղղակի հնարավոր չէր փրկել:

Բայց ասեմ, որ մենք նախկին ամուսնուս հետ թշնամական հարաբերություններ չունենք, հակառակը՝ ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ ենք:

-Մի քանի տարի է՝ աշխատում եք ակումբում: Երգչուհիներից մեկն, օրինակ,մեզ պատմել էր, թե ինչպես է մի անգամ իրեն մոտեցել հարբած մի տղամարդ, ոչ ադեկվատ կերպով է իրեն դրսեւորել, եւ դրանից հետո ինքը հրաժարվել է երգել ժամանցային վայրերում: Ձեր դեպքում նման բան եղե՞լ է:

-Տասը տարի առաջվա եւ ներկայիս ակումբների այցելուները բավական տարբերվում են միմյանցից. դրական տեղաշարժեր կան: Իմ պարագայում, փառք Աստծո, տհաճ միջադեպեր չեն եղել:

-Որպես քաղաքացի չե՞ք խուսափում տեսակետ հայտնել ներքին քաղաքական կյանքի մասին: Ի վերջո, հեղափոխությունից ունեցած Ձեր ակնկալիքներն արդարացա՞ն:

-Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանը դեպի լավը կգնա: Որեւէ կուսկացությանը կամ գործչին չեմ պաշտպանում, ես հայաստանամետ եմ: Ինձ համար կարեւոր չէ՝ ով կլինի, օրինակ, վարչապետի պաշտոնում: Էականն այն է, թե ինչպես կլինի Հայաստանի վիճակը: Մեր ազգն արժանի է լավ ապրելուն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս