Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից նախորդ տարի ավելի քան 350 վարչական վարույթ է իրականացվել ԱԳԼՃԿ-ների հանդեպ՝ դրանցում գործող սանհանգույցներում սանիտարահիգիենիկ խնդիրների պատճառով, ինչի արդյունքում զգալի շտկումներ են կատարվել: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից:
Շուրջ 270 վարչական վարույթ է հարուցվել դեղերի շրջանառության վերահսկողության մասով` գնալով ստացված բողոքների, թեժ գծով ստացված զանգերի ու ձեռք բերված տվյալների հետքերով՝ պարզելու ՀՀ-ում գրանցման և օրինական ներմուծված լինելու տեսանկյունից կասկած հարուցող, չդրոշմապիտակավորված դեղերի առկայությունը։
Գեղարքունիքի ու Արարատի մարզերում բուժհաստատությունների դիահերձման բաժանմունքներում լայնածավալ զննումներ են իրականացվել, տրվել են արձանագրված բազմաթիվ խախտումների վերացման կարգադրագրեր։ Այս գործընթացը շարունակվում է այլ մարզերում։
Նաև լայնածավալ զննումներ են իրականացվել շինհրապարակներում՝ աշխատողների անվտանգության նորմերի պահանջների կատարման ուղղությամբ:
2020-ին իր գործունեության ընթացքում առաջին անգամ ԱԱՏՄ-ն առաջնորդվելու է ստուգումների ծրագրով։ Դրանում ընդգրկված է շուրջ 200 ռիսկային գնահատված ընկերություն։ Ծրագրված ստուգումներին զուգահեռ՝ կլինեն նաև չծրագրվածները՝ հիմք ընդունելով ԱԱՏՄ թեժ գծով, մամուլով և դիմում-բողոքների տեսքով ստացված տեղեկությունները։ Մինչ այժմ տեսչական մարմինը վարչական վարույթներ է իրականացրել սեփական նախաձեռնությամբ։
2019-ի տարեվերջին ԱԱՏՄ խնայված միջոցների հաշվին կառավարության որոշմամբ ձեռք բերվեց նոր աշխատանքային գույք և համակարգչային տեխնիկա՝ այդպիսով բարելավելով աշխատանքային պայմանները։ Փոխարինվեց խիստ հնամաշ գույքն ու հին տեխնիկան․ նախկինում 2-3 աշխատող ստիպված էր աշխատել մեկ համակարգչի վրա, որոնք նույնիսկ նորմալ չէին աշխատում։
Տեսչական մարմնի վրա դրված խնդիրներին օպերատիվ արձագանքելու, հատկապես սահմանային անցման կետերում տեսչական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով թարմացվել և վերազինվել է ԱԱՏՄ ավտոպարկը․ 11 մեքենա հատկացվել է կառավարության որոշմամբ, ևս 8-ը՝ ԵԱՏՄ կողմից՝ գործընկերային սկզբունքով։