Beeline-ի աջակցությամբ Գավառում ևս մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ի և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համագործակցությամբ Գավառ քաղաքում հաջողությամբ մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը։

«Ստարտափ Ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբները գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում և այսուհետ նաև Գավառում։

Գավառի «Ստարտափ Ակումբ» են հաճախում բիզնես հմտությունները և ստարտափ գիտելիքները զարգացնել ցանկացող 13-17 տարեկան շուրջ 37 պատանիներ։ Ծրագիրը կազմված է երեք փուլից, որոնք կենտրոնանում են համապատասխանաբար անձնական զարգացման, դիզայն մտածողության և բիզնես մոդելների ստեղծման վրա։ Պատանիները նաև ծանոթանում են ստարտափ էկոհամակարգի առանձնահատկություններին, ֆինանսական գրագիտության, բիզնես հաղորդակցման և ստեղծարարության հիմունքներին, խմբեր կազմում և մարզիչների աջակցությամբ զարգացնում իրենց ստարտափ գաղափարները:

«Գավառը առաջին համայնքներից էր, որտեղ մենք ծրագրել էինք Ստարտափ Ակումբ հիմնել, այն կնպաստի մարզաբնակ երիտասարդների ստարտափ էկոհամակարգում ակտիվ ներգրավվածությանը և կբարձրացնի նրանց սոցիալական իրազեկվածության մակարդակը։ Մենք աշխատանքներ կտանենք նաև Գավառի հարակից շրջանների դեռահասներին ծրագրում ներգրավելու ուղղությամբ, որովհետև այս համայնքների պատանիների շրջանում մեր ծրագրի հանդեպ հետաքրքրությունը համեմատաբար ավելի մեծ է» – նշեց ծրագրի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը։

«Մենք ստարտափների աջակցությանն ուղղությամբ հատուկ ռազմավարություն ենք վարում, և բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում այս ոլորտում: Այս ծրագիրն այդ ռազմավարության կարևոր մաս է՝ այսպիսով մենք նախապատրաստում ենք մեր երիտասարդ սերնդի ներուժը՝ ապագայում բիզնես սկսելու և հաջողությունների հասնելու համար: Ուրախ եմ, որ Գավառում էլ մեր երիտասարդները ժամանակակից բիզնես գիտելիքներ կստանան», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ը հանդես է գալիս որպես նախաձեռնության ռազմավարական գործընկեր:




Լրահոս