Armenian text to speach

Հիմա էլ «Պատվի համար»-ն է էկրանավորվում. ովքե՞ր են խաղալու նոր ֆիլմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդեն հայտնի է, որ Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Նարինե Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ այլք նկարահանվում են «Առաջին ալիքի» 16 մասանոց նոր հեռուստանովելում, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Նախագծի նկարահանումներն արդեն սկսվել են:

Սոս Ջանիբեկյանը նկարահանումների առաջին օրվանից լուսանկար է հրապարակել եւ հայտնել, որ նոր ֆիլմը նկարահանվում է Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի հիման վրա: Սցենարը գրել է դրամատուրգ Անահիտ Աղասարյանը: Մկրտիչ Արզումանյանը եւս լուսանկար է հրապարակել նկարահանման ընթացքից եւ մակագրել. «Աշխատում ենք»:

Դերասանուհի Նարինե Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ մարմնավորում է Էլիզբարյանների ավագ դստերը՝ Ռոզալիային. «Շատ գովելի է այն հանգամանքը, որ սկսել են էկրանավորվել հայ դասականների գործերը, եւ հանրության կողմից էլ հետաքրքրություն կա դրանց նկատմամբ: 16 մասանոց ֆիլմի ֆորմատը թույլ է տալիս մի փոքր շեղվել դասական մոտեցումներից եւ արդիականացնել թեման, կերպարները, իրավիճակները դարձնել մերօրյա, այսինքն՝ ֆիլմն ադապտացվում է մեր ժամանակների հետ: Ես խաղում եմ ցոփ ու շվայտ կյանքով ապրող աղջկա. չենք կարող միանշանակ ասել՝ դրական, թե բացասական կերպար է Ռոզալիան: Առաջարկը մեծ սիրով եմ ընդունել նաեւ այն պատճառով, որ ֆիլմի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, որի հետ երկրորդ անգամ եմ աշխատում: Խաղալու եմ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ռաֆայել Քոթանջյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Աննա Էլբակյանը. ինձ համար դա մեծ պատիվ է»:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նույնպես ուրախ է, որ անդրադարձ է կատարվում դասական հեղինակներին: «Լավ ռեժիսորի ու ճիշտ ընտրված դերասանների շնորհիվ հնարավոր է լինում երկրորդ շունչ հաղորդել արդեն հայտնի գործերին: Երիտասարդներից շատերն, առհասարակ, ծանոթ չեն այս գործերին եւ նմանատիպ ֆիլմերի միջոցով են ճանաչում հայ դասականներին: Սա կարող է այլընտրանք լինել անորակ պրոդուկտին, որը, ցավոք, մեծ վարկանիշ ունի մեր օրերում: Ու թեեւ իմ կերպարը գլխավորներից չէ, ուրախ եմ, որ մասնակցում եմ այս նախագծին»,-ասաց Անահիտը:

Հավելենք, որ ավելի վաղ «Առաջին ալիք»-ը ներկայացրել է «Քաոս» 16-մասանոց ֆիլմը՝ Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա, եւ «Վերջին ուսուցիչը»՝ կրկին 16-մասանոց ֆիլմ՝ նկարահանված Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակի հիման վրա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս