Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր քրեական ենթամշակույթ են կրում, բայց պայքարում են դրա դեմ. Սիփան Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայրենի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում եւ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության օրենսդրական առաջարկը: Այս նախագիծն ավելի հայտնի է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենք անունով, որին կողմ քվեարկեցին 73 պատգամավորներ, 20՝ դեմ, եւ 15՝ ձեռնպահ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ինքը գիտի նման անձանց, ովքեր քրեական ենթամշակույթը կրող են:

-Պարո՛ն Փաշինյան, ըստ Ձեզ՝ կկարողանա՞ն իրավապահ համակարգի ներկայացուցիչները պայքարել քրեական ենթամշակույթի դեմ:

-Դա միջոց է, գործիքակազմ է, որպեսզի իրավապահ մարմինները պայքարեն քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու եւ առհասարակ բացառելու համար:

-Նախորդ օրը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջեւ թեժ վիճաբանություն տեղի ունեցավ, որը կապված էր օրենքի հետ:

-Չէ, տեսեք, ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, որ, այո, պետք է պայքարել քրեական ենթամշակույթի, կրիմինալի դեմ, բայց կան պատգամավորներ, որոնց ելույթը անհասկանալի էր: Այսինքն՝ հստակ է, որ բոլորն էլ կարևորում են, որ պետք է պայքարել, արմատախիլ անել այն վատ երեւույթը, որն առկա է:

-Դուք Ձեր շրջապատում ունե՞ք այդ մշակույթը կրող անձանց, իրենք ինչպե՞ս են վերաբերվում այս օրենքին:

-Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր իրենք ոչ ուղղակի… լինելով քրեական ենթամշակույթի կրող՝ պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ՝ իրենց երեխաներին սովորեցնելով ամենալավ բուհերում, չցանկանալով, որ իրենց երեխաները շարունակեն իրենց ճանապարհը, դա էլ չէ՞ արդեն անուղղակի պայքար է: Այսինքն՝ քրեական ենթամշակույթ կրող մարդը չի ցանկանում, որ իր երեխան այդ մշակույթը կրի, ուզում է, որ իր երեխան լինի սովորած, կրթված, արժեք ստեղծող: Դա ավելի շատ փողոցում տիրող բարքեր են, եւ ես հստակ դեպքեր կարող եմ մատնանշել, որ նման մարդիկ բավականին հեռու են պահում իրենց զավակներին: Ու ես ողջունում եմ նման քայլերը, որ մենք մենակ չենք նաեւ այդ պայքարում:

-Բայց հաջողելո՞ւ եք այդ պայքարում:

-Ես չեմ կարող ասել, դա իրավապահների գործն է, իրենք ունեն գործիքակազ ու օրենքով սահմանված իրավասություններ: Գործիքներ ըտրվել են իրավապահ մարմիններին, ու, այո, ՀՀ-ում պետք է բացառել քրեական ենթամշակույթը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս