30-ամյա երիտասարդը գեղեցկության սրահում նախկին կնոջը ծեծել է․ ինչ պատիժ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Մհեր Գառնիկի Վարդապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14․40-ի սահմաններում, Իջեւան քաղաքի «Մագնոլիա» գեղեցկության սրահում ծեծի է ենթարկել իր նախկին կնոջը՝ Ի.Թ.-ին, քաշել նրա մազերից, ձեռքով հարվածներ հասցրել գլխին, ոտքով մեկ անգամ հարվածել կնոջ ոտքին՝ նրան պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող աջ ազդրի շրջանի արյունազեղման ձեւով մարմնական վնասվածք եւ ֆիզիկական ցավ:

Նախկինում չդատված Մհեր Վարդապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ 100 000 դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Մհեր Վարդապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է հունվարի 29-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս