ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրենց ոճին հավատարիմ աստղերը. նրանց ոչինչ չգայթակղեց և չստիպեց փոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել շարք՝ հայկական շոու-բիզնեսի այն աստղերի մասին, որոնք ինչ-ինչ հարցերում անգերազանցելի են: Այս անգամ անդրադարձել ենք մեր այն աստղերին, որոնք ամենահավատարիմն են իրենց ոճին: Փոխվեցին ժամանակները, պահանջները, սակայն այս երգիչ-երգչուհիները չտրվեցին հոսանքին՝ առաջնությունը տալով իրենց կատարած աշխատանքի որակին:

Հայկո

«Հայկական ռոմանսի արքա» տիտղոսը Հայկոյին ժողովուրդը տվել է դեռ շատ տարիներ առաջ: Մշտապես ներկայանալով դասական ոճի մեջ՝ Հայկոն կատարում է ե՛ւ հին հայտնի երգեր, ե՛ւ իր հեղինակած գործերը: Ռեստորանային երաժշտությունը Հայկոյին երբեք չգրավեց: Ու թեեւ շատերը պնդում են, թե պահանջարկն է ծնում առաջարկ, Հայկոն իր փորձով ապացուցում է, որ որակյալ երաժշտության միջոցով եւս կարելի է հետաքրքիր լինել, գումար աշխատել ու ճաշակ թելադրել:

Հասմիկ Կարապետյան

Մի առիթով կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն ասել է. «Կարելի է շփոթել Հասմիկ Կարապետյանի երգերը իրար հետ, բայց Հասմիկ Կարապետյանին որեւէ մեկի հետ շփոթել անհնար է»: Նախ՝ բնատուր յուրահատուկ ձայնը առանձնացնում է նրան մյուսներից: Բացի այդ, երգչուհին տարիներ շարունակ իր համար ստեղծել է ոճ, կերպար, որից երբեք չի շեղվել: Նույնիսկ ռոքային էլեմենտներով երգերը նա կատարել է իր ձեւով: Հասմիկին եւս հնարավոր չեղավ ներքաշել «շախով-շուխով» երգերի աշխարհ. նրա համար իր ստեղծած մոլորակում շատ ավելի հարմարավետ է:

Անդրե

Վերջին շրջանում Անդրեն ինքը օնլայն տիրույթում կարծիք էր հայտնել, որ այսօր արժեքավոր երգեր համարյա չեն ստեղծվում: Եվ, համաձայնե՛ք, նա այն աստղն է, որն իրավունք ունի հանդես գալու նման քննադատությամբ: Չէ՞ որ Անդրեի երգերն իսկապես մեղեդային են, բովանդակալից ու հիշվող: Այս երգչի համար որակը մշտապես առաջին տեղում է: Նա նախընտրեց լողալ հոսանքին հակառակ, քան դավաճանել իր սկզբունքներին:

Արամո եւ Էմմա Պետրոսյան

Դժվար է մի քանի տասնամյակ լինել բեմում եւ մնալ բարձունքում: Այսօր էլ նրանց ձայնը հեռուստադիտողի ու հանդիսատեսի համար նույնքան ցանկալի է, որքան 20 տարի առաջ, եւ դա՝ նաեւ այն հանգամանքի շնորհիվ, որ ամուսինները նախընտրեցին երգել քիչ, բայց ներկայացնել որակյալ պրոդուկտ, երեւալ ոչ ամեն բեմից, բայց հանդես գալ տպավորիչ ելույթներով, ամեն ամիս չթողարկել տեսահոլովակներ, բայց հետք թողնել հայ էստրադայի պատմության մեջ:

Արսեն Սաֆարյան

Նրան հաճախ անվանում են «Հայաստանյան Շառլ Ազնավուր»: Մինչեւ հիմա երկպագուները հիշում են Արսենի երգերը, որոնք թողարկվել էին կարիերայի սկզբում, օրինակ՝ «Բայց դու չես գալիս…»-ը: Նրա երգերը տարբերվում են ոչ միայն իրենց մեղեդայնությամբ, այլեւ խորը, իմաստալից խոսքերով: Դրանց զգալի մասի հեղինակը եղբայրն է՝ Արթուր Սաֆարյանը: Ու թեեւ Արսենը երգում է ակումբներում, կորպորատիվների ժամանակ, նա եւս հավատարիմ է մնում իր ոճին: Նույնիսկ ամենաուրախ, տոնական երգերը կատարում է յուրովի:

Անի Քրիստի

Նուրբ ձայն, վառ անհատականություն. Անի Քրիստին նույնիսկ տեւական դադարից հետո չմոռացվեց: Երգչուհու ինքնատիպությունը ստիպում է նորից ու նորից վերադառնալ նրա երգերին: Ո՛չ Հայաստանում, ո՛չ Միացյալ Նահանգներում նա գումար աշխատելու համար չդավաճանեց իր սկզբունքներին. նախընտրեց ձեռք բերել երկրորդ մասնագիտություն, դրա միջոցով հոգալ ֆինանսական խնդիրները, բայց հավատարիմ մնալ ինքն իրեն: Նաեւ այս հատկության շնորհիվ է, որ երկրպագուներն էլ իրենց հերթին են հավատարիմ մնում երգչուհուն եւ պահանջում են ակտիվ լինել երգարվեստում, թողարկել նոր երգեր ու տեսահոլովակներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս