ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Երևանում կայացած հանդիպմանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Համատեղ մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Գործընկերոջս տեղեկացրի խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումների մասին: Այս համատեքստում ցանկանում եմ կարևորել ԵՄ-ի առաջատար երկրներից մեկի՝ Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ տեղեկություններ կան այն մասին, որ բանակցություններ են վարվում, որպեսզի Արցախում անազատության մեջ գտնվող ադրբեջանցիների և Ադրբեջանում գերեվարված պատանդների հարազատները կարողանան փոխայցեր կատարել:
«Սա օրակարգային հարց է, որի շուրջ հուսով եմ վերջնականացնել անհրաժեշտ քայլերը, ինչը հնարավորություն կտա իրականացնելու նման մարդասիրական նախաձեռնություն: Հուսով եմ՝ այն իր դերն ունի փոխվստահության միջոցների համատեքստում: Ուզում եմ նկատել զգայունությունն այս հարցի նկատմամբ, ձևաչափերը գտնելը բավական բարդ է, բայց հուսով ենք կկարողանանք վերջնականացնել: Կարծում եմ, պետք է շարունակել մտածել, գտնել լուծումներ, ինձ համար առաջնային հարցերից է մեր հայրենակիցներին ի վերջո Հայաստան վերադարձելը»,-հավելեց ՀՀ ԱԳ նախարարը: