ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ «Միջազգային ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում: 2019-ի արդյունքներով՝ Հայաստանը ստացել է 5.54 միավոր՝ նախորդ 4.79 միավորի փոխարեն, եւ 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը:
«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն՝ Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը: Ընդ որում, տարածաշրջան ասելով՝ նկատի ունենքոչ միայն փոքր, այլ նաեւ մեծ իմաստով: Հայաստանը շարունակում է համարվել, այսպես ասած, հիբրիդային ռեժիմունեցող երկիր»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:
Դրան զուգահեռ հրապարակվեց նաեւ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գործադիր կոմիտեի հերթական նիստի ժամանակ ընդունված բանաձեւը, որտեղ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը եւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող ճնշումներին: Բանաձեւը հեղինակել եւ ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Բանաձեւը նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին եւ ահազանգում է, որ հանրային ճնշումը չարաշահելով՝ իշխող կուսակցության օգտին զսպումների եւ հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու համար, թե ինչ հակասական տեղեկատվություն է տարածվել՝ ՀՀ-ի ժողովորդավարության հետ կապված:
-Պարո՛ն Շարմազանով, Կենտրոնամետ դեմոկրատների բանաձեւը, որը հեղինակել է ՀՀԿ-ն, այլ բնորոշում է ներկայացրել Հայաստանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլ տվյալներ է ներկայացնում: Իրականությունը ո՞րն է, ինչպե՞ս դա պարզի հանրությունը:
-Ես չգիտեմ, թե ովինչ գնահատական է տալիս՝ Փաշինյանը կամ ինչ-որ միջազգային կառույցներ. ես նման գնահատական տվողներին փաստերով եմ պատասխանում: Այդ ո՞ր ժողովրդավարական երկրում է վարչապետը կոչ անում շրջափակել դատարանները, այնուհետեւ հաջորդ օրը անձամբ մասնակցում դատարանների շրջափակմանը, այդ ո՞ր ժողովրդավարական երկրում է գործադիրի ղեկավարը իր կողմնակիցների հետ արշավում ԱԺ-ի վրա, այդ ո՞ր ժողովրդավարական երկրում է վարչապետը իր քաղաքական ընդդիմախոսներին բաժանում սեւերի եւ սպիտակների, բաժանարար գծեր քաշում: Այդ ո՞ր ժողովրդավար երկրում է ՍԴ դատարանի դատավոր ընտրում, բայց ԱԺ-ում ՍԴ-ում հռչակում է իրեն ՍԴ-ի նախագահ, ու ո՛չ վարչապետը եւ ո՛չ էլ թիմակիցները ծպտուն չեն հանում:
Ո՞ր ժողովրդավարական երկրում են խմբագրություններ մտնում, վարչապետն էլ թաթիկներ կտրելու հայտարարություններ անում, ասֆալտին փռում, դատավորներին վնգստացող համարում:
-Բայց Կենտրոնամետ դեմոկրատների բանաձեւը ,նշվում է, որ պատվիրել են ՀՀԿ-ականները: Դա այդպես չէ՞:
-Այդ մեղադրողները թող մեղադրեն գործադիրի ղեկավարին ու իրենց, որ երկիրը սարքել են իրենց«դյուքյանը», ովինչ ուզում, անում է: Մենք բոլոր մեր հայտարարություններում նշել ենք, որ այս հակաօրինական, հակաժողովրդավարական գործողությունների դեմ պայքարելու ենք բոլոր օրինական ձեւերով՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս բարձրաձայնելով այս խնդիրները: Մենք պետք է սպասենք, թե հիմա էլ ոնց են կուլ տալիս Սահմանադրական դատարանը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ