Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերինստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին քրեական գործի շրջանակներում ստուգում է, թե ովքեր են զանգահարել կամ ումեն զանգահարել ԱԱԾ նախկին տնօրեն ԳեորգիԿուտոյանը եւ նրա ընտանիքի անդամները: Հիմա քննիչներըհերթով զանգահարում են բոլոր անձանց եւ ներկայացնում իրավիճակը՝ խնդրելով բացատրել, թե ինչու են զանգահարել ԱԱԾ նախկին տնօրենին կամ նրա ընտանիքի անդամներին: Ապա բոլորին հերթով խնդրում են ներկայանալ նախաքննական մարմին:
Նախաքննական մարմինն այս քայլով փորձում է պարզել՝միգուցե Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս ընտանիքի անդամներին սպառնացել են կամ հեռախոսով զանգահարել եւ կոնկրետ բան են ասել, ինչի հետեւանքով էլ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը կարող էր կորցնել ինքնատիրապետումն ու,նախնական վարկածի համաձայն,ինքնասպան լինել:
Նշենք, որ դեպքից անցել է 8 օր, եւ դեռ հայտնի չէ, թե ինչի համար է ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին, ինչը կամ ով կարող էր նրան դրդել ինքնասպանության, եւ ինչու է նա իր բնակարանում 35 կրակոցներ արձակել:
Հիշեցնենք, որ2020 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սեւակ փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ. Կուտոյանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սեւակ փողոցում գտնվող, իրեն պատկանող բնակարան:
Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին:
Քննությամբ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղեւորվել է Պարույր Սեւակի՝ իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: 2020 թվականի հունվարի 17-ին Գ. Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիսհետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: Նախաքննությունը շարունակվում է:
Քնար Մանուկյան