ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տալու կարգում լրացումներ եւ փոփոխություններ կկատարվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններ կատարելուց հետո հնարավորություն կընձեռվի եւս երկու խմբի պատկանող ուսանողների օգտվելու պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունից:
Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ֆինանսական աջակցությունից կօգտվեն բուհեր. այն կտրվի սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված եւ անվճար համակարգում չընդգրկված, երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, ինչպես նաեւ 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախատեսվել է, ՀՀ պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի շրջանակում առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողներին տրամադրել պետական կրթաթոշակ: Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ այս լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որորոշ բուհերում կրթաթոշակ տրամադրվում է անվճար համակարգ առաջին կուրս ընդունված ոչ բոլոր ուսանողներին:
Այսինքն` ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, իսկ առաջին կուրսում դրա գրավականը ընդունելության մրցույթի արդյունքներն են:
Ստացվում է, որ բոլոր բուհերի առաջին կուրսի ուսանողներին հնարավորություն կընձեռվիօգտվելու պետական կրթաթոշակ ստանալու իրավունքից: Նշենք, որ այս որոշման նախագիծը երեկ է տեղադրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում եւ արդեն երեկվա դրությամբ հասցրել է հավաքել 6 կողմ եւ 1 դեմ ձայն:
Սյունէ Համբարձումյան