ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 29-ի նիստում ուժը կորցրած կճանաչի 2018 թվականի մարտի 7-ի №66 Ա որոշումը: Այլ կերպ ասած՝ ուժը կորցրած կճանաչի «Լիդիան Արմենիա» ընկերությանը դեռեւս 2018 թվականի մարտի 7-ին տրված ռադիո հաճախականությունների օգտագործման թույլտվությունը:
Նշենք, որ հանձնաժողովը Վայոց ձորի մարզում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար ընկերությանը տրամադրել էր 152,625 ՄՀց եւ 157,625 ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովը ոչ միայն ուժը կորցրած է ճանաչում այդ որոշումը, այլեւ ընկերությանը պարտավորեցնում է պետական բյուջե վճարել օգտագործած ռադիոկապի վճարը: Խոսքը 126 հազար դրամի մասին է: Ի դեպ, «Լիդիան Արմենիա» ընկերությունը մտադիր է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը:
Նշենք, որ մոտ 2 տարի է՝ Ամուլսար տանող հողային ճանապարհները Ջերմուկ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները փակել են: Նրանք դեմ են հանքի շահագործմանը: