«Քաղաքական անասնագողություն», «դուք շատ փոքր մարդ եք», «դուք ոչ մեկ եք…». Երևանի քաղաքապետարանի շուրջ զարգացումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտում է գտել՝ կապված Երեւան քաղաքի ավագանու անդամի վարքագծի հետ: Խոսքը, մասնավորապես, 2019թ. դեկտեմբերի 25-ին գումարված ավագանու նիստի ժամանակ հնչած բազմաթիվ արտահայտությունների ու որակումների մասին է, որը, հանձնաժողովի գնահատմամբ, նսեմացնում է մարդու արժանապատվությունը, խախտում հանրային ծառայողի վարքագծի սկզբունքները:

Մեջբերվում է, օրինակ, «քաղաքական անասնագողություն», «բարոյական օրինաչափություններից զուրկ», «դուք շատ փոքր մարդ եք», «չեմ պատրաստվում սեղմել ձեր կեղտոտ ձեռքը», «դուք ոչ մեկ եք, որ հարցադրում անեք ավագանու անդամին» արտահայտությունները:

Ընդ որում, հետաքրքիր է, որ այս խոսքերը հիմնականում հնչել են Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից, եւ սա այն հայտնի նիստն է, որից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել էր հետ կանչել ավագանու իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին, սակայն հետո փոշմանել էր:

Եվ հաշվի առնելով այդ նիստում հնչած խոսքերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջարկում է Երեւանի քաղաքապետին եւ ավագանուն հանձնաժողովի հետ առաջիկայում մշակել համայնքային ծառայողի եւ ավագանու անդամի վարքագծի կանոններ: Եվ նշվում է նաեւ, որ խախտվել են ոչ միայն գործող իրավակարգավորումներով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքները, այլեւ մեր հասարակության մեջ համընդհանուր ընդունված էթիկայի նորմերը:




Լրահոս