Նոր ստեղծվելիք հանձնաժողովում «Իմ քայլը» երկու անդամ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել էր «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու մասին» որոշումը:

Համաձայն այդ որոշման՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, նաեւ դատավորների ընդհանուր ժողովը 1 անդամ պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից:

Եվ, ահա, հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ որոշման մեջ մեկ փոփոխություն է կատարել եւ ամրագրել, որ ի պաշտոնե այդ հանձնաժողովի կազմում կընդգրկվի նաեւ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, այսինքն՝ հանձնաժողովի անդամները դառնում են 16:

Բացի այդ, ստացվում է մի իրավիճակ, երբ իշխող խմբակցությունից երկու հոգի կլինեն հանձնաժողովի կազմում, քանի որ այս դեպքում Վլադիմիր Վարդանյանը ընգրկվում է ի պաշտոնե, սակայն, բացի դրանից, մեկական ներկայացուցիչ էլ պետք է լինի յուրաքանչյուր խմբակցությունից: Եվ ուշագրավ է, որ այս պահի դրությամբ իշխող ուժի այդ թեկնածուի անունը հայտնի չէ. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից կմասնակցի Տարոն Սիմոնյանը, ԲՀԿ-ից՝ Սերգեյ Բագրատյանը:

Հավելենք նաեւ, որ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ երեկ դիմել է որպես իրավաբան-գիտնական այդ խմբում ընդգրկվելու համար:




Լրահոս