
Չնայած հունվարի 20-ին մեկնարկած ԱԺ լիագումար նիստերն այսօր ավարտվեցին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթը թեժ է լինելու ԱԺ հանձնաժողովների բաց եւ փակ հանդիպումներով:
Ինչպես հայտնի է, կառավարության երեկվա որոշմամբ՝ հունվարի 27-ն ու 28-ը լինելու են ոչ աշխատանքային օրեր, եւ արդեն 29-ից պատգամավորները կրկին գործի են անցնելու: Եվ հենց այդ օրը ՀՀ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպելու է քննարկումներ «Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների կազմակերպման խնդիրները» թեմայով:
Արդեն հաջորդ օրը՝ հունվարի 30-ին, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է քննարկում կազմակերպել «Հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դերը Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում» թեմայով:
Նկատենք, որ սա ամենաթերբեռնված հանձնաժողովներից մեկն է: Եվ մյուս շաբաթ նաեւ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հանդիպում կունենա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: