2019 թ. ՀՀ պետական պարտքն աճել է 5,8 տոկոսով․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանի պետական պարտքի խնդիրը վերջին տարիներին միշտ էլ եղել է հատուկ ուշադրության առարկա: Խնդիրն այն է, որ տարեցտարի պետական պարտքն աճում է, այդ թվում՝ իշխանափոխությունից հետո, չնայած Փաշինյանը հանրությանը խոստանում էր, թե իրենք քայլեր են ձեռնարկելու պետության պարտքի ծավալները նվազեցնելու ուղղությամբ։

Թեպետ 2018 թվականին պետական պարտքի աճի տեմպը որոշակիորեն ընկել էր, այնուամենայնիվ, այն 2019 թ. կրկին էական ծավալներով ավելացել է։ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը, որը ներառում է ինչպես մեր երկրի արտաքին, այնպես էլ ներքին պարտքը, կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։

Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5,8 %-ով և պետական պարտքի ծավալները նվազեցնելու տեսանկյունից իշխանությունները հանրության սպասումները չեն արդարացրել։

Պարտքի աճին զուգահեռ՝ Հայաստանն ամեն տարի ավելացնում է բյուջեից պարտքի տոկոսներին տրամադրվող գումարները։

Եթե 2018 թվականին այդ գումարները կազմել են 139 մլրդ դրամ, 2017 թվականին՝ 122,1 մլրդ դրամ, ապա արդեն 2020 թվականի համար նախատեսված է վճարել շուրջ 170 մլրդ դրամ։

Այսպիսով, պետական պարտքի տոկոսավճարներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվում, քան կրթությանն ու առողջապահությանը։

Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը և ֆինանսական ոլորտի պատասխանատուները խուսափում են համախառն պետական պարտքի ցուցանիշներին անդրադառնալ, փոխարենը անդրադառնում են միայն արտաքին պարտքի ծավաների նվազեցմանը, որի շուրջ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարում՝ նշելով, թե արտաքին պարտքի ցուցանիշներն իշխանափոխությունից հետո նվազել են։

Քաղաքացիների մեծամասնությունն էլ, չունենալով համապատասխան գիտելիքներ, կարող է կարծել, թե պետության ունեցած պարտքը սահմանափակվում է միայն դրանով, սակայն այդ ցուցանիշները չեն արտացոլում ընդհանուր պարտքի դինամիկան։ Եվ նախընտրելի կլիներ, որ վարչապետն անդրադարձ կատարեր նաև ներքին պարտքին և ընդհանուր պետական պարտքի ցուցանիշին։

Ներքին պարտքը գոյանում է պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման միջոցով, այսինքն՝ պետությունը տոկոսով պարտք է վերցնում բնակչությունից, իսկ արտաքին պարտքը ձևավորվում է արտարժութային պարտատոմսերի թողարկման և արտաքին վարկերի ներգրավման հաշվին։

Եվ արտաքին պարտքի մասով ուշագրավ է, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը առանց բացառության միշտ դեմ էր քվեարկում բոլոր վարկային համաձայնագրերին՝ համարելով, թե վարկային միջոցները փոշիացվում են և նպատակին չեն ծառայում։

Սակայն արդեն վարչապետ Փաշինյանի համար նախկինում իր կողմից արված հայտարարությունները խոչընդոտ չեն, որպեսզի իր գլխավորած կառավարությունը ձեռնամուխ լինի արտերկրից նորանոր վարկեր ստանալու գործին։

Եվ չնայած այն հայտարարություններին, թե կառավարությունը 2020 թվականին մտադիր չէ դրսից նոր վարկեր վերցնել ու ավելացնել արտաքին պարտքը, այնուամենայնիվ, բացառված չէ, որ այս տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցող անկանխատեսելի աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում, ինչպես նաև երկրում ապրանքների և ծառայությունների հնարավոր գնաճը զսպելու և տնտեսությունը լրացուցիչ խթանելու համար կառավարությունը կրկին գնա նոր վարկեր վերցնելու ճանապարհով։

Սակայն այս հարցում իշխանությունների հիմնական խնդիրը պետք է լինի ներգրավված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը, որպեսզի հնարավոր լինի հավելյալ տնտեսական աճ ապահովել։

Եթե ներգրավված միջոցներն արդյունավետ և թիրախային չեն ծախսվելու, ապա դրանք ընդամենը միտված են լինելու պետության՝ առանց այն էլ ծանր բեռը ավելացնելուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս