Գեորգի Կուտոյանը սեփական միջոցներով չէ Բրիտանիայում սովորել. ինչի հետքերով են գնացել իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դիմում-նամակ է ուղարկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն, դիմում ուղարկելով դեսպանատուն, խնդրել է, որպեսզի իրենց օգնեն եւ տեղեկություններ տրամադրեն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ Բրիտանիայում ուսանողական գործունեության մասին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե նա ինչպես է սովորել, արդյոք քննությունները բարեհաջող է հանձնել, ինչ խնդիրներ է ունեցել ուսումնառության ընթացքում եւ այլ մանրամասներ:

Նշենք, որ Cambrigetrust.org կայքից տեղեկանում ենք, որ Գ. Կուտոյանը բրիտանական Քեմբրիջի համալսարանի Cambridge Trust կրթաթոշակով 2019-2020թթ. ուսումնական տարում իրավագիտություն էր սովորում այս համալսարանի Սբ. Էդմունդի քոլեջում: Այսինքն՝ Կուտոյանը սեփական միջոցներով չէ Բրիտանիայում սովորել: Նա Հայաստան էր վերադարձել, ինչպես նրա մտերիմներն են նշում, ամանորյա տոների առիթով:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը՝ հասկանալու համար, թե ով, երբ, ինչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենի հետ:

Եւ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել:

Ի դեպ, մեկ ուշագրավ հանգամանք եւս. ԱԱԾ նախկին տնօրենի հետ կատարված դեպքի հրապարակման օրը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանին տարածքի տեսախցիկները առգրավվելու հարցում օգնելէ համատիրության աշխատակից Կարեն անունով մի երիտասարդ:

Նա իր օգնության դիմաց նաեւ խնդրանքով է դիմել Արթուր Մելիքյանին, որպեսզի Պարույր Սեւակ 8/1 հասցեի փողոցի մի հատվածում լուսացույց տեղադրեն, քանի որ դրա բացակայության պատճառով շատ մարդիկ են վթարի ենթարկվել տվյալ հատվածում:

Արդյունքում, մեզ հայտնի դարձավ, որ կոմիտեն օգնել է համատիրության աշխատակցին խնդրին լուծում տալու հարցում, եւ առաջիկայում վերոնշյալ հասցեում լուսացույցն արդեն կտեղադրվի:

Քնար Մանուկյան




Լրահոս