Ինչ ճակատագիր է սպասվում Իջեւանի պատկերասրահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ․սկզբին, երբ Վարդան Ղալումյանը պաշտոնավարում էր որպես Իջեւան համայնքի ղեկավար, որոշվել է որ Իջեւանի պատկերասրահի շենքում պետք է գործի Իջեւան քաղաքի եւ Իջեւանի տարածաշրջանի բնակիչներին, մեկ պատուհանի սկզբունքով տարաբնույթ սոցիալական ծառայություններ մատուցող կենտրոն, շենքի մի հարկը գործելու էր որպես պատկերասրահ։

Հիշյալ կենտրոնը գործարկելու նպատակով վթարային այդ շենքը պետական բյուջեից հատկացվելիք 200 միլիոն դրամով պետք է հիմնանորոգվեր:

2019թ․հոկտեմբերի 12-ին Իջեւանում կայացել է Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքում սոցիալական ինտեգրված ծառայություների կենտրոն գործարկելու վերաբերյալ հանրային քննարկում, որի մասնակիցները նշել են, որ Իջեւանի պատկերասրահի շենքային պայմանները վատթար են, ցուցանմուշ հանդիսացող բազմաթիվ նկարներ ոչ թե պատից կախված են, այլ սրահի անկյուններում դրված:

Քննարկման ժամանակ հայտարարվել է, որ պատկերասրահի շենքի նորոգումից հետո դրա մի հարկը շարունակելու է գործել որպես պատկերասրահ: Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը հայտարարել է, որ պատկերասրահը նախկինում իր աշխատասենյակի դիմաց էր, եւ ինքը մշտապես տեսել է,թե ինչքան սակավ այցելուներ են լինում պատկերասրահում, այնտեղ անցկացվող մշակութային միջոցառումների մասնակիցները քչաթիվ են:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կինը` Արմինե Օհանյանը, բուռն ելույթ է ունեցել այդ օրը` ասելով, որ այդ շենքը պետք է միայն որպես պատկերասրահ ծառայի, այդտեղ պետք է մշակութային տարբեր ծրագրեր իրականացվեն: Գեղանկարչուհի Արմինե Թումանյանը Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար է դարձել 2019թ.հուլիսի 19-ին:

«Ժամադադար»հաղորդաշարի թողարկումներից մեկում Արմինե Թումանյանը հայտարարել է, որ Իջեւան քաղաքում սրճարան չկա, ուր ծխելն արգելված է, պատկերասրահի շենքի 3-րդ հարկում հարկ է նման սրճարան գործարկել: Նշենք, որ Իջեւանում առնվազն 2 սրճարան է գործում, ուր ծխելն արգելված է:

Նույն հաղորդման մեջ մարզպետի տիկինը այսպես է արտահայտվել 2019թ. սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Հայկ Ղալումյանի մասին. «Ժամանակավոր նշանակված է, ընտրությունները կլինեն մի քանի ամսվա մեջ, չգիտեմ, ամեն դեպքում, ես ավելի շատ սպասելիքներ ունեի, կարծում էի, որ մշակույթն ավելի գնահատող կլինի, բայց, փաստորեն, ոչ, բաց տեքստով խոսանք»:

Նշենք, որ Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, նրա հարսանիքի քավորը: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ հարցնելով նրա դիրքորոշումը Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքում «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող սոցիալական ինտեգրված ծառայությունների կենտրոն գործարկելու վերաբերյալ: Մարզպետի պատասխանում նշված է. «Իջեւանի պատկերասրահից Ինտեգրված սոցիալական ծառայության համար տարածք տրամադրելու հարցը դեռեւս քննարկման փուլում է»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս