ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ նաև Արցախյան հակամարտությանը եւ ներկայացրեց, թե, իր խոսքով, ինչպիսի «գյոզալական» ժառանգություն է թողել այդ հարցում Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, բանակցության պայմաններից մեկն էլ եղել է 7 տարածքի հանձնումը՝ հետագա բանակցությունների դիմաց:
Փաշինյանի հայտարարություններին պատասխանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի հարցով իբր գաղտնազերծած բանակցային ժառանգության նմանօրինակ մատուցումը վկայում է մի կարևոր ու վտանգավոր երևույթի մասին՝ Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար: Նա այնքան է վախենում, որ անգամ փաստաթղթի նախագիծը մեջբերելով՝ հղում է անում մամուլում հրապարակված տարբերակին, թեպետ բանակցային ամբողջական փաթեթը պաշտոնական նամակագրությամբ իր ձեռքի տակ է:
Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթի մեխը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է՝Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
1. Եղե՞լ է արդյոք Հայաստանում որևէ ղեկավար, որը չի խոսել խնդրի կարգավորման փոխզիջումային լուծման մասին:
2. Ո՞ւմ բանակցային ժառանգությունն է ամրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:
3. Ի՞նչ փաստաթղթի շուրջ է այսօր բանակցում Նիկոլ Փաշինյանը:
Թող պատասխանի այս հարցերին, եթե այդքան խիզախություն կունենա:
Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, ով հպարտանում է իր այն թեզով, որ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար»: