ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին` նշելով, որ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը ընտրվել է կեղծիքով, որի վրա աչք չեն կարող փակել: Փաշինյանի խոսքով` 2018 թվականի մայիսից սկսած Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել իրեն:
Ավելի ուշ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։
Այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում կատարեց, ասելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանկ Հրայր Թովմասյանն իրեն գրիչ է տվել․
«Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:
Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում: Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»,- գրել էր վարչապետը:
Ժամեր անց Փաշինյանը ևս մեկ գրառում կատարեց․ «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։ Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց»։
Նշենք, որ գրիչը Korloff բրենդին է պատկանում և այն արժե 400- 530 եվրո։