Երիտասարդ տղա է, կարելի է զգուշացնել. Տիգրան Ուլիխանյանը՝ ավագանու անդամի վարքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել.

«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից և այսօր ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել այս հարցը քննարկելու համար:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ավագանու անդամի նման գրառումը որակեց սխալ արտահայտության հետևանք:

«Բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, կարելի է արձանագրել, որ սխալվել է և զգուշացնել»,-նշեց նա:

Հարցին՝ ինչու ՔՊ վերահսկող հանձնաժողովը քննարկում կամ հատուկ նիստ չգումարեց  «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանի նկատմամբ, ով նույնպես վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել իր թիմակցի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հասցեին,  մեր զրուցակիցն ընդգծեց.

«Ինձ չի հետաքրքրում, թե ով ում հասցեին է նման արտահայտություններ հնչեցնում: Ինձ հետաքրքրում է երևույթը, որը դատապարտելի է և մենք դատապարտում ենք: Վերջացավ: Կարծում եմ նաև անհատական մոտեցում է պետք: Երիտասարդ 20-ամյա  տղա է, կարելի է զգուշացնել, որպեսզի ապագայում այլևս նման քայլեր չանի»:

Նշենք, որ քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս