Նոր մարմին կստեղծվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկայում կստեղծվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցին կոմիտե: Այս մասին նոր նախագիծը քննարկման է դրել ՀՀ արդարադատության նախարարությունը:

Պարզվում է, որ արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել նոր, մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն քննչական մարմին, որը ուսումնասիրություններ է իրականացնելու եւ օժտված է լինելու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:

Ի դեպ, նշենք, որ ներկայումս մեր հանրապետությունում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները: Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում:

Մեզ հայտնի դարձավ, որ նորաստեղծ Կոմիտեն կազմված է լինելու կենտրոնական եւ տարածքային մարմիններից: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու են մրցութային եւ արտամրցութային կարգով:

Ի դեպ, արդեն մասնագիտացված կադրերը՝ ՀՀ քննչական այլ մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչները, որոնք կբավարարեն պահանջները, կարող են մասնակցել Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտադիր պետք է ստուգի վերջիններիս բարեվարքությունը:
Բացի այս, Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով Կոմիտեի նախագահը կազմավորելու է մրցութային հանձնաժողովը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովը կազմավորվելու է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, 3-ը` պետական ծառայողներ, իսկ 1-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչեւ հունվարի 31-ը, Կառավարություն եւ Ազգային ժողով է ներկայացնելու նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում, իսկ Կոմիտեն յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունվարի 31-ը, հրապարակելու է տեղեկատվություն իր գործունեության մասին: Իսկ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին տրվելու է միանվագ դրամական օգնություն՝ կոմիտեի նախագահի սահմանած կարգով եւ չափով՝ աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

Նաեւ՝ ապահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգը եւ պայմանները սահմանում է կառավարությունը: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը` պայմանավորված պարտականությունների կատարմամբ, հատուցելու է պետությունը:

Ս.Հ.




Լրահոս