Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը:

Այս մասին Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքում նախօրեին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ վերաբնակեցման ուղղությամբ ևս շրջադարձային փոփոխություններ են սպասվում:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը պետք է լինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումն ու ասֆալտապատումը: Դա մեր քաղաքական թիմի տեսլականն է՝ հանրապետության հարավային թևի զարգացման հետ կապված: Օրեր առաջ Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքում կուսակցական ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել եմ, որ սպասվող համապետական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում դա կդառնա մեր առաջնահերթ ծրագրերից մեկը:

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու օրինակով համոզվեցինք, որ շատ կարճ ժամանակում այն էականորեն փոխեց տարածաշրջանի բնակավայրերի զարգացման ընթացքը: Արցախի հարավային թևը ևս ունի չիրացված տնտեսական հսկայական պոտենցիալ, որի օգտագործման համար բարեկարգ ճանապարհը կարևորագույն դերակատարում է ունենալու:

Հանդիպման ընթացքում հայտարարել եմ, որ վերաբնակեցման ուղղությամբ ևս շրջադարձային փոփոխություններ են սպասվում: Մեր նպատակն է բնական աճի և հայրենադարձության ծրագրերի վերանայման արդյունքում մինչև 2030թ.-ը Արցախում բնակչության թիվը 150 հազարից հասցնել 200 հազարի: Համոզված եմ, որ այն իրատեսական է և հաջողությամբ կպսակվի:

Ոգևորված եմ, որ մեր հավակնոտ ծրագրերին ոչ պակաս համարձակությամբ իրենց գործուն աջակցությունն են հայտնել Որոտանի ենթաշրջանից «Ազատ հայրենիք»-ի շարքերն այդ օրը համալրած ավելի քան 100 մեր հայրենակիցներ:

Շարունակե՛նք նախաձեռնածը՝ կերտե՛նք հզոր ու միասնական Հայրենիք»,- գրել է Ա. Հարությունյանը:




Լրահոս