Հունվարի 23-ին` 14:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին:
Ներխուժած անձը՝ Արթուր Թորոսյանը, Արտաշատ քաղաքի բնակիչ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաքննական մարմինն արդեն պարզել է՝ Արթուր Թորոսյանը զենքը գնել է օրեր առաջ որսորդական խանութից հենց հյուրանոց մտնելու նպատակով:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերի (պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելը, օգտագործելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելը), հատկանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ էին հայտնի դարձել, որ նա նախաքննական մարմնում իր քայլը բացատրել է բավականին տարօրինակ կերպով:
Երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչու է նման բան արել, վերջինս բանավոր կերպով հայտնել է, որ ինքը մենակ չի եղել, իր մեջ մարդ կա, որը ստիպել է գնալ այդ քայլին: Ու հիմա ինքն իր միջի մարդու հետ պետք է խոսի, որ կարողանա պատասխանել իրավապահների հարցերին:
ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ վերջինս բավականին տարօրինակ բացատրություն է տվել իրավապահներին իր այդ քայլի հետ կապված: Ըստ պաշտպան Աղաջանյանի՝ Արթուր Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ դատարանում:
Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում :