«Դալմա Գարդեն» մոլում հունվարի 9-ին արտակարգ իրավիճակ էր: Բանն այն է, որ ներսում աշխատակիցները շենքի շարժ էին նկատել, ինչի համար բոլոր աշխատակիցները եւ ներսում գտնվող անձինք տարհանվել էին: Երկար ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՀՀ-ում երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո այն հերքվեց: Պաշտոնապես տեղեկություն հաղորդվեց, թե տանիքում օդափոխիչ սարքի սխալ տեղադրման պատճառով է նման դող զգացվել:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրականում շենքը կառուցվել է շինարարական նորմերի կոպիտ խախտումներով, ինչի համար էլ նման ցնցում է եղել: Ավելին, մեր տեղեկություններով՝ մոլի սեփականատեր Սամվել Կարապետյանը «դրսից» մասնագետներ է հրավիրել, որպեսզի պարզեն՝ արդյոք ինչն է խնդիրը, ու պարզվել է, որ իսկապես սխալ ձեւով է կառուցվել շինությունը, խաբել են սեփականատիրոջը, ինչի պատճառով էլ նման շարժ է զգացվել, որի հետեւանքը կարող է լինել շենքի փլուզումը: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ մոլի շինարարական հիմքերն այնքան թույլ են, որ հունվարի 9-ի ցնցումն առաջացել է այն բանից հետո, երբ ինչ-որ խանութ-սրահում շատ հաճախորդներ են մուտք գործել հայտարարված ակցիայի պատճառով:
Լուրեր կան՝ Ս. Կարապետյանը զայրացած հրահանգել է փակել «Դալմա Գարդեն» մոլը, մինչեւ առաջացած խնդիրները վերանան, եւ շենքն ամբողջությամբ ամրացվի։ Ի Դեպ, տեղեկացանք, որ առաջիկայում նման փլուզման վտանգ ունեն Երեւանի «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնը, «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը։
Առեւտրի կենտրոնի աշխատակիցների շրջանում տեղեկություն է շրջանառվում, թե այդ շարժը եղել է այն բանից հետո, երբ սկսել են շենքի տանիքում լողավազան կառուցել: Սակայն իրականում այլ իրավիճակ է։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչ ստուգումներ են իրականացրել «Դալմա Գարդեն» մոլում ու շինարարական նորմերի ինչ խախտումներ են հայտաբերել, որն իրենց պարտականությունն է։
-Պարո՛ն Շահբազյան, Դուք պարզե՞լ եք, թե, ի վերջո, հունվարի 9-ին ինչու Երեւանի «Դալմա Գարդեն» մոլ առեւտրային կենտրոնի շենքում ցնցում նկատվեց, ինչի՞ հետեւանք էր դա:
-Անկեղծ ասած, այդտեղ տեսչական գործառույթ չկա, քանի որ օբյեկտը ավարտված օբյեկտ է, ԱԻՆ-ի սեյսմիկ ծառայությունը ուսումնասիրություն իրականացրել է ու ինֆորմացիա է տվել, որ դա վերեւի դողոցն է:
-Բայց Ձեր ղեկավարած տեսչության գործառույթների մեջ է մտնում շինարարությունները հսկելը, որն այս պարագայում կատարվել է կոպիտ խախտումներով, Դուք՝ որպես տեսչության ղեկավար, պարզե՞լ եք, թե ովքեր են այդ թույլտվությունը տվել, որ այսօր առեւտրի կենտրոնի ղեկավարությունը հայտնվել է նման տհաճ իրավիճակում:
-Հիմա տեսչական մարմինը հրդեհային անվտանգության միջտարածությունների մասով տալիս է նախագծին եզրակացություն, ինչպես նաեւ աշխատանքի ավարտական շրջանակներում մենք քաղաքաշինական օբյեկտ, որպես այդպիսին, ընդունում ենք շինությունը: Այս օբյեկտը շուտ է հանձնվել, մենք գործառույթ չենք ունեցել, տեսչական մարմինը գործառույթ չի ունեցել:
-Արտակարգ իրավիճակ է գրանցվել մի տարածքում, որը, Դուք արդեն նշեցիք, հանձնվել է Ձեր վերահսկողության տակ, չե՞ք փորձել հասկանալ՝ ովքեր են այդ շինթույլտվությունները տրամադրել, ինչպես է կառուցվել շենքը, որ նման իրավիճակ է գրանցվել: Տեղեկություններ կան, որ այդ թույլտվությունների փաստաթղթերը ընդամենը ժամանակին վաճառվել են, ու որեւէ նորմ չի պահպանվել կամ ստուգվել:
-Տեղեկություն չունենք, ես նոր հանձնարարական եմ տվել, բայց նման տեղեկատվություն չունեմ: Մենք ավարտված օբյեկտի հետ կապված այլ գործառույթ չունենք:
-Բայց չե՞ք ուսումնասիրել՝ ովքեր են այն մեղավորները, որոնք նման թույլտվություն են տվել:
-Նախկինում թույլտվություն տրվել է քաղաքապետարանի կողմից, ընդունել է նախկին քաղաքաշինության տեսչությունը: Մենք ընթացիկ աշխատանքում գործ ունենք, սա ավարտված օբյեկտ է:
-Տեղեկություններ կան, որ նման փլուզման վտանգ կա նաեւ Երեւանի «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնում, «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում:
-«Ձյունիկ սառնարան»-ի հրդեհից հետո մենք սեյսմիկ եզրակացություն ենք պահանջել, որը դրական եզրակացություն է տվել, որ թույլ ենք տվել նաեւ աշխատանքներ իրականացնել: Մյուս առումով մենք տեղեկություն չունենք, ուսումնասիրություններ են կատարվել, տրվել են հանձնարարականներ, որից 2020 թվականի ծրագրում կնայենք: Մի անգամ մտել ուսումնասիրություններ ենք արել, տրվել է հստակ կարգադրագրեր, պետք է խախտումները վերացնեն, որից հետո մենք կմտնենք՝ հասկանալու համար՝ վերացրել են, թե ոչ: Կնայենք՝ ընթացիկ ինչ է եղել:
ՄԵԿԸ ՏԵՂԱԿԱԼ ՉՈՒՆԻ, ՄԵԿԸ՝ ԱՆԴԱՄ, ՄՅՈՒՍՆԵՐՆ ԷԼ՝ ՆԻՍՏԻ ՕՐ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հունվարի 20-ին մեկնարկելու է Ազգային Ժողովի գարնանային նստաշրջանը, որից առաջ հայրենի օրենսդիրները հանձնաժողովի նիստեր են սկսել անցկացնել: Չնայած հանձնաժողովի նիստերի մեկնարկին՝ անհուսալի վիճակում են անցած տարի խորհրդարանում ձեւավորված քննիչ հանձնաժողովների աշխատանքները, քանի որ գրեթե բոլոր հանձնաժողովներում անորոշ վիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովներում նիստերի օրերը չկան նշանակված, իսկ հանձնաժողով էլ կա՝ անգամ անդամ ու օրակարգ չունի:
Եւ այսպես, ԱԺ 2018 թվականի սեպտեմբերից սկսած՝ տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խորհրդարանի աշխատանքների մեկնարկի ժամանակ նոր կհստակեցվի հանձնաժողովի տեղակալի, անդամների եւ օրակարգի հարցը: Նշված քննիչ հանձնաժողովը դեռեւս նիստ չի անցկացրել:
ԱԺ ՀՀ ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկա օրերին կհստակեցվի, թե երբ է տեղի ունենալու քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Պատգամավորը հավելեց, որ այդ ժամանակ նոր կընտրվի հանձնաժողովի տեղակալը, որի համար իմքայլականները առաջադրել են Վահե Ղալումյանի թեկնածությունը: Մենք տեղեկացանք նաեւ, որ քննիչ հանձնաժողովը ունենալու է 14 անդամ:
ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք անհամբեր սպասում են ՀՀ ՊԵԿ-ի իրենց գրության պատասխանին, որից անմիջապես հետո քննիչ հանձնաժողովը նիստ կհրավիրի: Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով՝ իրենք դեռեւս դեկտեմբերի 30-ին ՊԵԿ-ին նամակ են գրել «Լիդիան Արմենիա» ընկերության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:Ստանալուց անմիջապես հետո իրենք կսկսեն իրենց գործունեությունը:
ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում քննարկում են հունվարի 29-ին նիստ անցկացնել:
ԱԺ Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կտրականապես մեր հեռախոսազանգերին ողջ օրվա ընթացքում չպատասխանեց, որպեսզի հասկանայինք՝ ինչ պլաններ ունեն հանձնաժողովի աշխատանքի հետ կապված:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ
Կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը շարունակվում է բուռն կերպով քննադատվել ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Նշենք, որ կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը հունվարի 9-ին է ներկայացվել խորհրդարանին: Ու թեեւ այս պահի դրությամբ պաշտոնապես քննարկումների փուլ չի մտել, այնուամենայնիվ, քննարկումներն ու քննադատություններն անպակաս են: Այս օրենքի նախագիծը ենթադրում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման հնարավորություն, երբ ապացուցվում է հարստացման չհիմնավորված լինելը: Սակայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մտահոգ են, որ այս օրենքը չի ծառայի իր նպատակին: Նախագծին արմատապես դեմ են հատկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք, մեր տեղեկություններով, արդեն քննարկումներ ունեցել են այս նախագծի շուրջ: ԲՀԿ խմբակցությունում եւս այնքան էլ կողմ չեն կառավարության ներկայացրած նախագծին, սակայն իշխանական խմբակցության պատգամավորները ձգտելու են ամեն կերպ պաշտպանել այն:
ԹԵԿՆԱԾՈՒ ՉԿԱ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փնտրտուքների մեջ է: Այս օրերին նրանք քննարկումների միջոցով փորձում են թեկնածու գտնել Հաշվեքննիչ պալատի անդամի համար: Բանն այն է, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ից Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, եւ նրա տեղը ՀՊ-ում դեռեւս թափուր է: Եվ սա՝ չնայած այն հանգամանքին, որ գլխադասային համարվող ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովում երկու անգամ ձախողվել է թեկնածուի ընտրությունը՝ մեկը՝ ԼՀԿ-ի կողմից ներկայացված, մյուսն էլ՝ «Իմ քայլը» խմբակցության: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այլեւս հակված չէ թեկնածու ներկայացնել, իսկ ԲՀԿ-ն էլ ի սկզբանե էր հայտարարել այս գործընթացին չմասնակցելու մասին: Այսինքն` թեկնածու առաջադրելու բեռը կրկին «Իմ քայլ»-ի ուսերին է:
ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱԿՏԻՎ ՉԵՆ
Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ անհատ փորձագետներին հրավիրել է մասնակցելու իր աշխատանքներին: Ըստ հայտարարության՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները կարող են դիմել մինչեւ հունվարի 20-ը: Իմքայլականների կողմից, սակայն, փորձ է արվում գաղտնի պահել ՀԿ-ների անունները եւ չգաղտնազերծել դրանք, քանի որ հստակ ժամկետ է տրված դիմումների համար, չնայած չի բացառվում, որ այդ ՀԿ-ները որեւէ կերպ կապ ունենան հենց իմքայլականների հետ: Գուցե դրանով էլ պայմանավորված է նախաձեռնողների գաղտնապահությունը։