ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունն այսօր կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովում: Պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում: Այժմ գործող օրենքում ամրագրված է, որ դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչեւ չորս տարի ժամկետով, իսկ Մելքումյանն առաջարկում է այն դարձնել հենց չորս տարի, որը, սակայն, կարող է կա՛մ կրճատվել, կա՛մ երկարաձգվել, բայց 2 տարուց ոչ ավելի ժամկետով: Նաեւ Մելքումյանն առաջարկում է ամրագրել, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դիվանագետը առնվազն 2 տարի պետք է աշխատի Արտաքին գործերի նախարարության համակարգում, որից հետո միայն կարող է նշանակում ստանալ մեկ այլ երկրում: «Դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են չորս տարի ժամկետով, որը անհրաժեշտության դեպքում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է երկարաձգվել 2 տարուց ոչ ավել ժամկետով:
Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դիվանագետը առնվազն 2 տարի պետք է աշխատի Արտաքին գործերի նախարարության համակարգում, որից հետո միայն կարող է նշանակում ստանալ մեկ այլ երկրում», – ասված է Միքայել Մելքումյանի առաջարկում:
Հիմնավորման մեջ պատգամավորը նկատում է, որ այդպես հնարավորություն կտրվի՝ ե՛ւ աշխատակազմի, ե՛ւ դիվանագիտական կորպուսի ղեկավար կազմը պարբերաբար թարմացվի, եւ նույն մարդիկ անընդհատ նշանակումներ չստանան տարբեր երկրներում: Հավելենք, որ, որպես կառավարության ներկայացուցիչ, հարցի քննարկմանը հանձնաժողովում կմասնակցի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: Մելքումյանը նաեւ ընդգծել է, որ նման երեւույթ առկա է նաեւ միջազգային պրակտիկայում, եւ դիվանագետները պաշտոնավարման ավարտից հետո անմիջապես նշանակում չեն ստանում, այլ 2-3 տարի աշխատում են Արտաքին գործերի նախարարության համակարգում:
Նկատենք, որ դիվանագիտական ոլորտում փոփոխությունների, դեսպանների աշխատանքի արդյունավետության մասին հեղափոխությունից հետո մշտապես խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այդ մասին խոսել է նաեւ նրանց հետո փակ հանդիպումների ժամանակ, սակայն արդեն 2019 օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ժամանակ: «Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումներն ու նպատակները աշխարհի համար լինեն ավելի տեսանելի, ավելի լսելի եւ ավելի ընդունելի: Այս խնդրի լուծման կարեւորագույն փաստերից մեկը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն է, որը դարձավ բառիս բուն իմաստով համաշխարհային իրադարձություն, եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, դեսպանատները պիտի որ այդ փաստը օգտագործեին աշխարհում Հայաստանի ճանաչելիությունն ու հեղինակությունը բարձրացնելու համար»,-հայտարարել էր վարչապետը: Մեկ անգամ էլ նույն տարվա մարտին դիվանագետի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի շեշտադրումները կրկին բավական սուր էին: Նա հիշեցրել էր, որ դիվանագիտական կորպուսի մի մասն, այնուամենայնիվ, թավշյա հեղափոխության մասնակից չի եղել, այսինքն՝ միջազգային հանրությանը պատշաճ կերպով չեն ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները:
Եվ նաեւ դա է պատճառը, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան դիվանագիտական կորպուսում զգալի փոփոխությունների, եւ նախկին իշխանությունների օրոք աշխատած շատ դիվանագետներ այժմ պաշտոններ չեն զբաղեցնում: Եվ ազատում-նշանակումներից հետո եւս նկատվում էր այդ միտումը, որ արդեն պաշտոնական հաղորդագրությունների ժամանակ եւս պատշաճ կերպով նշվում էր հեղափոխության արդյունքները ներկայացնելու մասին:
Իհարկե, այն, որ փոփոխություններ պետք է լինեն նաեւ դիվանագիտական կորպուսում, միանշանակ ընդունելի է, սակայն Մելքումյանի առաջարկած փոփոխությունն իր մեջ նաեւ օբյեկտիվ դժվարություններ է պարունակում: Բանն այն է, որ հաճախ կան երկրներ, որ մեկ անձի կողմից 4 տարի զբաղեցնելու դեպքում անգամ կարող են դժվարություններ առաջանալ, եւ եւս որոշ ժամանակ անհրաժեշտ լինի՝ կապեր ձեռք բերելու, աշխատանք կատարելու համար: Իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկու տարով հեռանալը եւ նրա փոխարեն ուրիշին նշանակելը կարող է լրացուցիչ աշխատանքի պատճառ դառնալ: Իհարկե, սերնդափոխությունը կարեւոր է եւ փոփոխությունները նույնպես, սակայն պետք է հասկանալ՝ արդյոք այդ արագընթաց փոփոխություններն օգուտ կտան դիվանագիտական ոլորտին: Դիվանագետներին թերեւս երկու տարի անհրաժեշտ կլինի՝ երկրին խորությամբ ծանոթանալու, կապեր հաստատելու եւ իրապես դիվանագիտություն վարելը սկսելու համար։ Այս կարեւորությունը որեւէ դեպքում չպետք է անտեսել։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում: Հ. Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասել է, որ չի մեկնաբանում տեղեկատվությունը՝ վկայակոչելով «ՍԴ մասին» օրենքը, որը որոշակի արգելք է սահմանում դատավորների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների մասին տեղեկատվություն տրամադրելու հարցում: Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ընդ որում, նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը դեկտեմբերի 26-ին՝ ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը:
ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ
Խորվաթիան Եվրոպական խորհրդի եւ ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղարությանը հայտնել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, որի խոսքով՝ Խորվաթիան 18-րդ երկիրն է, որ տեղեկացրել է, Շվեդիան, Սլովենիան, Բելգիան եւ Ֆրանսիան եւս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռեւս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Խորվաթիայի խորհրդարանը միաձայն վավերացրել էր ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ներկայացնելով նախագահի ստորագրմանը:
125 ՀԱԶԱՐՈՎ ԱՎԵԼԻ
2019թ. ընթացքում մաքսային ձեւակերպում է ստացել 189 հազար 19 մեքենա՝ նախորդ տարվա համեմատ 125 հազարով ավելի: 2018թ. ներկրվել էր 64 հազար մեքենա: Այս մասին հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ ավտոմեքենաների ներկրման հետ կապված գանձումները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ կամ 58 մլրդ դրամով ավելի? նախորդ տարվա համեմատ: «Ընդդիմախոսներն ասում են, որ 2019-ի ավտոմեքենաների աննախադեպ ներհոսք չենք ունենալու 2020-ի ընթացքում, ի՞նչ եք պատրաստվում կատարել բյուջետային մուտքերի գծով ծրագրավորված ցուցանիշներն ապահովելու համար: Մենք նախկին պարտքերը մարելու ճանապարհով գնալով, 170 մլդր դրամ վերադարձնելով հարկատուներին՝ չեզոքացրել ենք ժամանակվոր էֆեկտ ունեցող եկամուտների ազդեցությունը հաջորդ տարիների նկատմամբ»,-նշել է Դ. Անանյանը:
ՏԱՐԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի գեղագիտական դաստիարակության կենտրոնում: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ գեղագիտական կենտրոնում գտնվող քաղաքացիները ականատես են եղել, թե ինչպես են ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ներխուժել գեղագիտական կենտրոն եւ որոշ աշխատակիցների տարել իրենց հետ ոստիկանության Մաշտոցի բաժին: Երբ տարածքում գտնվող քաղաքացիները հետաքրքրվել են, թե ինչու են ոստիկանները եկել եւ ինչու են աշխատակիցներին տանում, կենտրոնի ներկայացուցիչները ասել են, թե ապակի կոտրվելու պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց հետաքրքրվել, թե ինչու են աշխատակիցներին բերման ենթարկել: Ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ տարել են պարզաբանումներ ստանալու համար: Իսկ թե ինչի շուրջ պարզաբանումներ ստանալու, ոստիկանությունից չմանրամասնեցին: Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները որոշակի կոռուպցիոն գործարքների մասով կասկածներ ունեն, եւ պարզաբանումները հենց դրան են առնչվում:
ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ
Հունվարի 1-ից գործող վարորդական իրավունքի վկայականների տուգանային միավորների նոր համակարգը լուրջ անհանգստություն է առաջացրել տուրիստական գործունեությամբ զբաղվող միկրոավտոբուների եւ ավտոբուսների վարորդների համար: Պարզվում է՝ այդ ավտոբուսները սովորաբար կայանում են հյուրանոցների եւ ռեստորանների մոտ: Սակայն Փոքր կենտրոնում գտնվող ոչ բոլոր հյուրանոցներն ու ռեստորաններն են, որ ունեն կայանատեղիներ, իսկ «առաջին գիծը» գրեթե միշտ զբաղված է: Վարորդները երկրորդ շարքում կայանելու դեպքում կարող են զրկվել բալերից: Զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է ավտոբուսից իջնել ռեստորանին մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խնդրով տուրօպերատորները դիմել են Երեւանի քաղաքապետարան, եւ առաջիկայում կկայանա հանդիպում այս հարցերը քննարկելու նպատակով: Հնարավոր է՝ բացառություն արվի, ինչի արդյունքում տուրիստական ընկերությունների ավտոբուսների վարորդները կարող են մի քանի րոպե կանգ առ անել: