Ինչպես հայտնի է, Ռուսաստանի դատարանը բավարարել էր Ալրաղացի Լյովիկ մականունով նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը, եւ Սարգսյանին Հայաստան հանձնելու հարցը կքննարկվի։ Սույն որոշումից անցել է 48 օր, եւ դեռեւս Լեւոն Սարգսյանին հանձնելու գործընթացը ուշանում է, ինչը մի շարք հարցեր է առաջ քաշում:
Ինչո՞ւ է գործընթացը ուշանում. արդյոք դատախազությունը բավարար ապացույցներ չի՞ ներկայացրել, որի համար նրան չեն հանձնում, թե՞ այլ խնդիր կա:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործով մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ առաջարկություն է արել նախաքննական մարմինը քրեական գործով դատապարտյալներին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի եւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը, որի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննված քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան, եւ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատեւ՝ մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկման:
Վերջին շրջանում իրականացված քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանը, որը լարված հարաբերությունների մեջ է գտնվում Արմեն Ավետիսյանի հետ: Իսկ կոնկրետ ինչի՞ հիման վրա է ԱԱԾ-ն կարողացել ապացուցել, որ հենց Ալրաղացի Լյովիկն է այն պատվիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ԱԱԾ-ն առաջինը հարցաքննել է գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի հիմնադիր Արա Կարապետյանին, որը առավել հայտնի է Կոշիկի Արա անունով: Այս հարցաքննությունից հետո ԱԱԾ է բերվել եւ հարցաքննվել է Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, որը եւս սույն քրեական գործով դատապարտվածներից է:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հարցաքննել է գործով ազատազրկման մեջ գտնվող մյուս մեղադրյալներին` Արսեն Սողոմոնյանին, Բագրատ Սողոմոնյանին, Հայկ Մելքոնյանին, Արշակ Գրիգորյանին, Հովհաննես Նազարյանին, Սուրեն Մելքոնյանին, Նիկոլայ Խաչիկյանին, Աշոտ Խաչատրյանին:
Իսկ ի՞նչ ցուցմունք են տվել նրանք ԱԱԾ քննիչներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը ուշագրավ մանրամասներ հայտնեց քրեական գործից: Մասնավորապես, վերջինս հայտնեց, որ այս քրեական գործով ինքը ոչ միայն եղել է Հայկ Մելքոնյանի պաշտպանը, այլ նաեւ Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպանը. «Վերջիններիս շահերի պաշտպանը ես եմ եղել, որոնք այն ժամանակ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեցին: Ցանկանում եմ նախ հայտնել, որ ինձ նման տեղեկատվություն հայտնի չէ Արմեն Նիկողոսյանի մասով, թե արդյոք իրեն հարցաքննել են, թե ոչ, բայց դատելով հրապարակումներից՝ փաստորեն իրեն հարցաքննել են, իսկ թե նա ինչ է ասել, ինչ տեղեկատվություն է հայտնել, պաշտոնապես չգիտեմ: Ինչ վերաբերում է Հայկ Մելքոնյանին, ապա կարող եմ պաշտոնապես հայտնել, որ, այո, Հայկ Մելքոնյանին հարցաքննել են, ես իր հետ շփվել եմ եւ հետաքրքրվել եմ իրենից՝ արդյոք իրեն հարցադրում արել են Լեւոն Սարգսյանի մասով, ինքը ասաց, որ, այո, արել են: Նա քննիչներին հայտնել է, որ Լեւոն Սարգսյան անձնավորության ինքը չի ճանաչում, երբեւէ նրա հետ որեւէ առնչություն չի ունեցել, հետեւաբար նրա վերաբերյալ որեւէ տեղեկություն հայտնել չի կարող, մասնավորապես այն, որ, իբրեւ թե, հանցագործության պատվիրատուն նա է եղել: Նա ասել է, որ նման բան չի կարող հայտնել , քանի որ այդ մարդու հետ չի շփվել, չի ճանաչում, եւ ինքն էլ ինձ չի ճանաչում: Այն նյութում առկա փաստական հանգամանքը, որ Հայկ Մելքոնյանը ցուցմունք է տվել, թե, իբր, Լեւոն Սարգսյանն է եղել պատվիրատուն, ապա Ձեզ կարող եմ հայտնել, որ նման ցուցմունք չի տվել, այլ սա է ողջ իրականությունը»:
Ըստ Վաղարշակ Գեւորգյանի՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանին. «Առաջարկություն է եղել՝ եթե որեւէ տեղեկություն ունես Լեւոն Սարգսյանի հետ կապված, ապա այդ տեղեկությունը հայտնի, համագործակցի մեզ հետ, մենք էլ, բնականաբար, փոխադարձաբար կնպաստենք՝ Ձեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը կարգավորվի, այսինքն՝ Ձեր պատժի հետագա կրումը կմեղմացվի: Առաջարկություն է եղել համագործակցելու, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի: Պետք է նշեմ, որ նախաքննական մարմինը պարզաբանել է, որ նման համագործակցությունը նաեւ օրենքով նախատեսված կարգով կարող է ստանալ նպաստավոր աջակցություն»:
ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾԸ՝ ՊԱՏՈՒՀԱՍ
Ուշագրավ զարգացումներ են ծավալվում ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազի քրեական գործով: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Արամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որպեսզի ավագ դատախազը կալանքի տակ մնա:
Իսկ ի՞նչ պատմություն է սա: 2019 թ. ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանը ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար 2013 թ. 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թ. հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է 1300 ԱՄՆ դոլար:
Հենց այս արարքի համար էլ դատախազության ավագ դատախազը ներգրավվել էր որպես մեղադրյալ եւ 4 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվել: Այդ առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր, եւ գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նշենք, որ այս քրեական գործը քննում է դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին է:
Ու մինչ այս գործով դատական նիստերը ընթանում են, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա. Արամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով, որ դատախազության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը:
Սակայն այստեղ էլ դատավորներն են հայտնվել խնդրի առաջ: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանում գործը մակագրվել էր դատավոր Սերգեյ Մարաբյանին, սակայն նա հրաժարվել է քննել գործը, ինքնաբացարկ է հայտնել: Մեզ հայտնի դարձավ, որ Սերգեյ Մարաբյանը հիմնավորել է, թե՝ ծանոթանալով գործի նյութերին՝ «քրեական գործով մեղադրյալ է Լեւոն Կարապետյանը, ում հետ 2013 թվականին աշխատել եմ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում եւ ունեցել եմ մտերիմ հարաբերություններ: Այդ պայմաններում ողջամիտ օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է կասկածներ առաջանալ իմ անաչառության եւ օբյեկտիվության վերաբերյալ, այսինքն՝ առկա է Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված, դատավորի «անձնական կախվածության այլ հարաբերությունների պատճառով» ինքնաբացարկի հիմքը, ուստի ելնելով վերոգրյալից՝ գտնում եմ, որ պետք է կայացնեմ ինքնաբացարկի մասին որոշում եւ բողոքը ներկայացնել վերամակագրման»:
Գործը մակագրվել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Տեսնենք՝ ինչ կանի այս դատավորը:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման երկարաձգման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Բողոքը, սակայն, դեռեւս չի քննվել: Վերջին անգամ Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է դեկտեմբերի 25-ին, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Գ. Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա կալանքի տակ է 2019թ. օգոստոսի 30-ից:
ՇՈՐԹՄԱՆ ԴԵՊՔ
Երեւանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչեւ այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1.000.000 դրամ: Հունվարի 10-ին հերթական անգամ երիտասարդից գումար վերցնելուց հետո 26-ամյա աղջիկը բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հայտնաբերվել է շորթման առարկա 50.000 դրամը: Նույն օրը բաժին բերման է ենթարկվել նաեւ մյուս աղջիկը, որը 21 տարեկան է: Նրանք ձերբակալվել են:
ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Անչափահասների հարցաքննությունը կանցկացվի տեսահսկողության ներքո, հոգեբանի մասնակցությամբ, եւ եթե ավելի վաղ անցկացված հարցաքննությունը բավարարի դատարանին ստացված տեղեկատվության առումով, ապա անչափահասը չի կանչվի դատարան կրկնակի հարցաքննության համար: Այս մասին հայտարարել է «Իմ քայլ»-ի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով՝ դա արվում է երեխայի հոգեկանը պաշտպանելու համար, քանի որ երեխաները, նրա կարծիքով, որոշակի սթրեսի են ենթարկվում: Երկարատեւ քննարկումներից հետո օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԿՐԿԻՆ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
«Մենք դուրս ենք գալիս պայքարի, մենք ձեր ոչ մեկի կարծիքը չենք հարցնում, ոչ էլ նախարարի, ընդհուպ ամեն ինչի կգնանք»,- այս մասին ասել են Եղվարդում ծննդատան փակվելու դեմ բողոքող քաղաքացիները: Բուժաշխատողների խոսքով՝ արդարացի չէ, որ իրենք գրիչի մի հարվածով գործազուրկ են դառնում: Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են: Նշենք, որ մի քանի օր առաջ բողոքի ակցիա էր իրականացվում նաեւ Մարալիկում այդ խնդրի պատճառով: