Օրերս դերասանուհի Լիա Զախարյանն իր ձմեռային արձակուրդն էր վայելում Եվրոպայում: Նա հանգստյան օրերն անցկացրել է Ավստրիայում եւ Չեխիայում, եղել է այդ երկրների մայրաքաղաքներում, այցելել տեղի մշակութային հայտնի օջախներ, տեսնվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ուղեւորության մեկնել է սեփական նախաձեռնությամբ: Ութ օր Լիան կտրվել է գործնական թոհուբոհից եւ հայտնվել եվրոպական ամենամշակութային մայրաքաղաքներից երկուսում:«Ժողովուրդ» օրաթերթը Լիայի հետ զրուցել է եվրոպական արկածների, առաջիկա գործնական ծրագրերի եւ 2020 թվականից դերասանուհու սպասելիքների մասին:
-Լիա՛, Վիեննայում եւ Պրահայում ի՞նչը Ձեզ ամենաշատը տպավորեց: Ստացվե՞ց Ձեր երազած հեքիաթային հանգիստը վայելել, թոթափել ողջ տարվա հոգնածությունը… Ի դեպ, կարծես թե առաջին անգամ այդ երկրներում եղաք, այո՞:
-Այո, սա իմ առաջին այցն էր, ուզում էի` կյանքումս նորություն լիներ, եւ նախընտրեցի ճամփորդության միջոցով դա անել: Բացահայատեցի, ճանաչեցի այդ երկրները, որոնք տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ են ընդունում: Ճամփորդությունն իսկապես օգնեց նոր էմոցիաներ ապրել, նոր զգացողություններ ունենալ: Ամեն վայրում ինքս ինձ նորովի բացահայտեցի: Նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր խոհանոց, նոր լեզու, նոր մտածելակերպ. այս ամենը ստիպում է, որ քեզ բոլորովին այլ կերպ դրսեւորես ամեն մի միջավայրում:
-Իսկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ եղա՞ն: Ի՞նչ զգացումներ ապրեցիք:
-Պրահայում եւ Վիեննայում այցելեցի հայկական եկեղեցիներ, մասնակցեցի պատարագի, հանդիպեցի հայ համայնքի հետ, որը բավական լավ դիմավորեց ինձ: Հաճելի է տեսնել քեզ սիրող ու հարգող մարդկանց ժպիտները, ապրել անսպասելի էմոցիաներ: Ինձ համար դա ամենակարեւոր ասպեկտներից մեկն էր:
-Իսկ մշակութային ո՞ր օջախ այցն էր ամենահիշարժանը, ինչո՞վ այն առանձնացավ:
-Ինձ համար առանձնակի տպավորիչ էր այն, որ Վիեննայի օպերա-սրահում (ի դեպ, այն աշխարհի ամենահին օպերաներից է) տեսա բալետ՝ Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ը: Ամբողջ մարմնով փշաքաղվել էի… Բեմադրությունն արված էր շատ բարձր մակարդակով: 2 ժամ 45 րոպե վայելել եմ բալետը… Հիանալի էր հարաբերվել բարձր արվեստի հետ, գտնվել բացառձակ այդ վայրում, դիտել հենց այդ բեմադրությունը:
-Առաջիկայում բեմական կամ էկրանային կյանքին վերաբերող ի՞նչ ծրագրեր ունեք: Ձեզ նոր դերերում կտեսնե՞նք:
-Աշխատում եմ մի ներկայացման շուրջ, որի մասին դեռ չեմ կարող խոսել: Միայն կասեմ, որ մեկնարկել են փորձերը: Փետրվարից ամեն բան հայտնի կդառնա, եւ ես առավել մանրամասն կխոսեմ նախագծի մասին: Հեռուստատեսային առաջարկներ եւս ունեմ: Հեռուստադիտողն ինձ էլի կտեսնի էկրանին: Բայց այդ մասին եւս շատ բան հայտնել դեռ չեմ կարող:
-2020 թվականից ի՞նչ սպասելիքներ ունեք՝ կապված գործնականի կամ գուցե նաեւ անձնական կյանքի հետ:
-Շատ մեծ սպասելիքներ ունեմ թե՛ ճամփորդելու, նոր վայրեր բացահայտելու, թե՛ գործնական եւ անձնական, ընտանեկան կյանքի հետ կապված: Խոսքը իմ սեփական ընտանիքն ունենալու մասին է:
-Ձեր կողքին հիմա կա՞ մեկը: Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:
-Ոչ ոք չկա կողքիս:
-Այսինքն՝ բա՞ց եք նոր էմոցիաների համար:
-Ես միշտ եմ բաց նոր էմոցիաների համար (ծիծաղում է):
-Ինչպիսի՞ տղամարդ չի կարող լինել Ձեր կողքին:
-Չգիտեմ, ես չեմ որակավորում մարդկանց: Իդեալական մարդիկ չկան, ինքս էլ իդեալական չեմ… Երբեմն ումից խուսափում ենք, հենց նրան էլ հանդիպում ենք…
-Համենայնդեպս, կարգավիճակի փոփոխության պատրա՞ստ եք…
-Այո, հոգեպես, գիտակցաբար պատրաստ եմ այդ փուլին: Աստված առաջ…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին եւ ՀՖՖ գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ՖԻՖԱ-ի նախագահը նաեւ Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է հանդիպման կազմակերպության` Ցյուրիխում գտնվող կենտրոնական գրասենյակում: «Հարգելի՛ նախագահ, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները 2019թ. դեկտեմբերի 23-ին կայացած Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ձեր գիտելիքները, կառավարման հմտություններն ու փորձը՝ որպես նախկին ՀՖՖ գլխավոր քարտուղար, անկասկած, կնպաստեն այս գեղեցիկ խաղի զարգացմանը ձեր երկրում: Դուք միշտ կարող եք ապավինել իմ անձնական օգնությանն ու ՖԻՖԱ-ի աջակցությանը այս նպատակն ի կատար ածելու: ՖԻՖԱ-ի դռները միշտ բաց են Ձեր առջեւ ֆուտբոլի զարգացմանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարցի քննարկման համար: Կցանկանայի մոտ ժամանակներս հրավիրել Ձեզ Ցյուրիխ: Շնորհակալ կլինեմ, եթե իմ շնորհավորանքները փոխանցեք նաեւ գործադիր կոմիտեի՝ այդ օրն ընտրված անդամներին:
Ձեզ եւ Ձեր թիմին մաղթում եմ հաջողություններ՝ հաղթահարելու բոլոր մարտահրավերները, եւ հուսով եմ` շուտով կրկին կհանդիպենք», – ասված է Ջիանի Ինֆանտինոյի ուղերձում: