ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Ավտոներկրողները երեկ բողոքի ակցիա էին անցկացնում Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց` պահանջելով լրացուցիչ ժամանակ, որպեսզի իրենց ներկրած մեքենաները մաքսազերծեն 2019 թվականի գներով: «Լրացուցիչ ժամանակ ենք ցանկանում. թող աշխատողներ ունենան, որ կարողանանք մաքսազերծել»,- նշել են ակցիայի մասնակիցները:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ է ներմուծել եւ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ է նշել, ապա այդ դեպքում տուգանք սահմանվո՞ւմ է, թե՞ ոչ: Նշեմ, որ, խախտումն առաջացրել է մաքսային վճարների պակաս հաշվարկում: Ուզում եմ իմանալ՝ խախտում սահմանելու դեպքում ինչ չափ է նախատեսվում:

Հարություն Գեւորգյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 203 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը, որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում՝ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց, առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով: Ի դեպ, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 212 հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները ենթակա են վերցման:

 

 

 

ՀԱՐՑ. Ո՞ր ուսանողները կարող են օգտվել կրթաթոշակից:

Լարիսա Հունանյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական կրթաթոշակը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին: Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում.
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին,
2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում),
3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,
4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: ՀՀ պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

 




Լրահոս