ՔԵՖՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ. ԲԱԺԱԿ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Կարեն Սարուխանյանը եւ Սոֆյա Հովսեփյանը զրույց են ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Բայց նույնիսկ պարզաբանումներից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սարուխանյանին ճնշել են, որպեսզի մանդատը վայր դնի: Ինչպես հայտնի է, Մարալիկի ծննդատան փակման մասով քննադատություններին ի պատասխան՝ ֆեյսբուքյան բանավեճի վերջում Սարուխանյանը Սոֆյա Հովսեփյանին խորհուրդ էր տվել. «Ամուսնացի՛ր, կանցնի»: Սա, համաձայնեք, հատկապես տղամարդու կողմից, էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, անթույլատրելի վիրավորանք:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սարուխանյանից պարզել՝ ինչ ճնշումներ են եղել Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ կամ դրանից հետո: «Իմ վրա որեւէ ճնշում չի եղել եւ չի կարող լինել: Մանդատից հրաժարվելու, խմբակցությունը լքելու ու նման անիմաստ խոսակցություններ չեն եղել: Ես դեռ սպասում եմ տիկին Հովսեփյանի կողմից ներողության, քանի որ տիկինը, ինձ մեղադրելով, որեւէ ապացույց չի ներկայացրել: Թիմակից գործընկերոջ հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելը բարոյական քայլ չեմ համարում»,- պատասխանեց նա՝ հիշեցնելով, որ ինքն արդեն ներողություն խնդրել է Սոֆյայից:


Սոֆյա Հովսեփյանն իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ պատրաստ է փաստերով ցանկացած տեղ ցանկացած քննարկման մասնակցել:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը Սարուխանյանից տեղեկացավ, որ երեկ կազմակերպված «Իմ քայլի» խնջույքին Սոֆյա Հովսեփյանի հետ չի շփվել: Այսինքն՝ կողմերը միմյանց հետ բաժակ չեն բարձրացրել, որ «բարիշեն»:

 

 

 

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ուժային կառույցների հետ հանդիպումների շրջանակում երեկ մոտ 3 ժամից ավելի հարցուպատասխան է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարարը փակ հանդիպմանը բացահայտել է բոլոր այն խնդիրները, որոնք հուզել են լուսավորականներին՝ որոշակի բաներ, իհարկե, պահելով լեզվի տակ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի հենց սկզբում ՀՀ պաշտպանության նախարարի եւ խմբակցության պատգամավորների միջեւ պայման է կապվել, որ հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցներին մանրամասն տեղեկություն չտրամադրվի` երկրի անվտանգությամբ պայմանավորված: Տեղեկացանք, որ ամենաակտիվը նախարարին հարցեր տալիս եղել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը հորդորել է նախարարին ամեն ինչ անել՝ բանակային վատ բարքերը վերացնելու համար: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել նաեւ հունվարի 13-ի՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ նույն խմբակցության պատգամավորների հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ պատգամավորները ոստիկանապետից նախ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական նախաձեռնությամբ կարող են օգնել ոստիկանությանը, որպեսզի իրենք հանրության շրջանում իրենց պաշտպանված զգան, քանի որ վերջիններս շատ հաճախ են «հալածվում»: Հանդիպումները սուր եւ ընդդիմադիր բնույթ չեն կրել:

 

 

 

 

Պետական համակարգի մի շարք աշխատողներ, որոնք համարվում են սոցփաթեթի շահառուներ, հայտնվել են անհարմար դրության մեջ: Արդեն մի քանի օր է՝ մարդիկ դիմում են տարբեր հիվանդանոցներ այս կամ այն գանգատով, բայց չեն կարողանում բուժում ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սոցշահառուները, որոնք այս օրերին մոտենում են բուժհաստատություններ բուժսպասարկում ստանալու նպատակով, առանց բացառության մերժվում են: Հիվանդանոցներում նրանց հրաժարվում են սպասարկել՝ պատճառաբանելով, որ կա՛մ «ծրագիրն է թռած, չի աշխատում», կա՛մ էլ բազան թարմացված չէ, հին տվյալներով չեն կարող սպասարկել սոցշահառուներին: Տեղեկացնենք, որ սոցփաթեթի համար նախատեսված բազան սովորաբար թարմացվում է երկու ամիսը մեկ անգամ, սակայն չի արվել: Ո՞րն է խնդիրը: Արդյոք ՀՀ Առողջապահության նախարարությունը, ծննդատները փակելու գործընթացով պայմանավորված, գերզբաղվա՞ծ է եւ հասարակության մյուս շերտերի, այս դեպքում՝ սոցշահառուների խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի՞: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը տեխնիկական է եւ առաջիկա երկու օրերի ընթացքում կկարգավորվի: Հիմա մնում է՝ ուսուցիչները, պետական այլ ոլորտի աշխատակիցները հասկանան իրավիճակը եւ մի քանի օր հետաձգեն հիվանդությունները: Կհաջողվի՞. հազիվ թե:

 

 

 

 

«Հանցագործները ժամանակակից են դարձել, գողության մեթոդները փոխել են, օրենքներից հասկանում են, խելացի են գործում, դրա համար էլ ստեղծվել է այսպիսի իրավիճակ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանը: Նա այս համոզմանն է եկել իր ստացած մի գրությունն ընթերցելիս, որտեղ մի շարք հայտնի ընկերություններ, այդ թվում եւ առեւտրի կենտրոններ՝ «Դալմա գարդեն մոլ», «Երեւան մոլ», ահազանգել են, որ հանցագործների մի խումբ կա, որոնք անարգել գողություններ են անում խանութներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեում հրավիրվելու է խորհրդակցություն մի շարք գործարարների ահազանգի առիթով: Երբ պատգամավորն իր գրությունը վերահասցեագրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, նա էլ հունվարի 9-ին դիմում-նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, որպեսզի խնդրին համատեղ լուծում տան: ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հունվարի 17-ին քննարկում են կազմակերպում գողությունների աճի մասով»: Պարզվում է՝ եվրոպական երկրներից դեպորտ արված շատ հայեր՝ որպես պրոֆեսիոնալներ, իրենց համար, չակերտավոր ասած, նոր մասնագիտություն են գտել. մտնում են առեւտրի կենտրոններ եւ տարբեր խանութներից գողություն են անում:




Լրահոս