ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԳԱՂՏՆԱԶԵՐԾԻ ԻՐ ՆՊԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է հայրենի խորհրդարանը ցրելու եւ նոր ԱԺ ընտրություններ անցկացնելու հարցը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իր թիմակիցների աշխատանքից, որն իրականացնում են օրենսդիր մարմնում: Ու դա է պատճառը, որ նպատակ կա արդեն այս տարի խորհրդարանը ցրել՝ նոր, ավելի լավ կադրերով այն համալրելու համար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրականում կան այն իրավական հիմքերը, որով հայրենի իշխանությունները կկարողանան ցրել Ազգային Ժողովը:

-Պարո՛ն Պետրոսյան, տեղեկություններ կան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ցրելու խորհրդարանը: Դուք նման իրավական հիմքեր տեսնո՞ւմ եք, արդյոք կարծո՞ւմ եք, որ պետք է ընդամենը մեկ տարի գոյություն ունեցող խորհրդարանը ցրել:
-Խորհրդարանը ցրելու նպատակ, եթե նա իսկապես նման կարծիք է հայտնել, պետք է իրենից ճշտել: Նպատակի մասին պետք է հետաքրքրվել այդ նպատակն ունեցողից, սակայն Ազգային ժողովը ցրելու հիմքեր ես չեմ տեսնում: Չեմ էլ կարող ասել, որ լիարժեք գոհ եմ խորհրդարանի աշխատանքից, որովհետեւ բազմաթիվ առիթներ ունեցել եմ իմ կարծիքն արտահայտելու, որ խորհրդարանում այդ հանդուրժողականության մթնոլորտը լավ մակարդակում չէ, որ այդ փոխադարձ հարգանքի մթնոլորտի բացակայություն կա, բայց դա չի վերաբերում բոլորին: Մենք ունենք շատ լավ ընկերներ, շատ հարգարժան գործընկերներ, այս պահին խորհրդարանը շարունակում է գործել, եւ կարծում եմ, որ այս պահին այն ցրելու անհրաժեշտություն չկա: Եթե Փաշինյանը նման նպատակ ունի, ճիշտ կլինի, որ գաղտնազերծի, ասի նպատակը, եւ դրանից հետո կարտահայտենք մեր կարծիքը:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից դժգոհ է, կարծում է, որ անարդյունավետ են աշխատում:
-Եթե դժգոհություններ ունի պատգամավորներից, ինքը կարող է կոնկրետ պատգամավորներին խորհուրդ տալ, որ հրաժարվեն մանդատից, եւ եթե իրենց ցուցակում կան ավելի արժանավոր մարդիկ, որոնք կարող են ԱԺ բնականոն գործունեությանը նպաստել, թող նրանք գան: Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միայն նրա համար, որ իր պատգամավորներից դժգոհ է, խորհրդարանը ցրել: Այդ խորհրդարանը ձեւավորվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամքով, այլ ժողովրդի քվեարկությամբ: Նշանակում է՝ Փաշինյանն ուղղակի իր պատգամավորներից դժգոհ լինելու պատճառով անտեսո՞ւմ է ժողովրդին: Բայց այդ, ժողովուրդը ձայն է տվել թե՛ «Իմ քայլ»-ին, թե՛ ԲՀԿ-ին, թե՛ ԼՀԿ-ին:
-Բայց, ըստ Ձեզ, կա՞ն իրավական հիմքեր, որոնք կարող են կիրառվել, եւ հասնեն խորհրդարանի լուծարմանը: Ինչպե՞ս կարող են դա իրականացնել իշխանությունները:
-Ոչ, այս պահին նման հիմքեր չկան: Այս պահի իրադարձությունների մակարդակով նման իրավասություն վարչապետը չունի: Նա իշխանության ղեկավար է, բայց, Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր ղեկավար իրավասու է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնց լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այս պահի հանգամանքների հիման վրա վարչապետը նման իրավասություն չունի:
-Պարո՛ն Պետրոսյան, ըստ Ձեզ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր պետական հեղաշրջման փորձ կատարել, որի մասին խոսում են իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի:
-Ես Արթուր Վանեցյանին ճանաչում եմ հեռակա կարգով եւ նրան հասցրել եմ ընկալել որպես պետականամետ պաշտոնյա, եւ ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ տեղեկությունները: Պետական հեղաշրջման փորձը ո՞րն է, այն ինչպե՞ս է արտահայտվել: Եթե այդպիսի բան լիներ, ժողովուրդը կիմանար: Ի՞նչ է նշանակում, պաշտոնից ազատվելուց երկու ամիս անցել է, սակայն դրանից հետո նոր մեղադրում են պետական հեղաշրջման մեջ: Հիմա եթե այդ ժամանակ փորձ էր արել Վանեցյանը, թող վարչապետը կանգներ, հրապարակեր, որ ժողովուրդն էլ ծափահարեր այդ որոշումը: Բայց այսօր ես ինչքանով հասկանում եմ հասարակության ընկալումները, Վանեցյանն այսօր ընդունված պետական գործիչ է եւ նրա անվան հետ չեն կապել հեղաշրջումները կամ հակաիրավական գործընթացները:
-Օդում կախված լուրերի համաձայն՝ սա արվում է, որպեսզի ինչ-որ հիմքերի հիման վրա կալանավորեն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին: Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք:
-Արթուր Վանեցյանը մի մարդ է, որ կարող է կալանավորվել, եթե դրա հիմքերը կան: Եթե հիմքեր կան, թող կալանավորեն, բայց եթե հիմքեր են ցանկանում ստեղծել, դա ամոթալի զբաղմունք է, եւ ես խորհուրդ չեմ տա որեւէ իշխանության զբաղվել դրանով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

ՀՅԴ ԵՄ-Ն ԿԱՐՈՂ Է ՎԵՐՍԿՍԵԼ ՑՈՒՅՑԵՐԸ

«Դաշնակցության» երիտթեւն այս պահին որոշ ժամանակ չի իրականացնի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաներ կամ նստացույցեր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը մանրամասնեց, որ իրենք որոշել են սպասել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի հանրային քննարկումներին, որից հետո միայն կորոշեն անելիքները:

«Մենք նախապատրաստվում ենք «Բարձրագույն կրթության մասին» հանրային լսումներին, հետո այն պետք է քննարկվի նաեւ Ազգային ժողովում: Մեր կողմից հրապարակված վեց կետերն ուժի մեջ են, դրանց մեջ էական տեղաշարժ չի գրանցվել: Ուղղակի առաջիկա գործողությունների մասին չեն հրապարակվել, սակայն առաջիկայում նման հայտարարություններ կլինեն»,- նշեց նա: Մեր զրուցակիցն ընդգծեց, որ իրենք սպասում են այդ օրենքի քննարկմանը, եւ իրենց խոստացել են, որ կարող են մաս կազմել հանրային լսումներին եւ ներկայացնել իրենց տեսակետը: «Առաջիկայում ինչ լինի, նախապես կհայտարարվի: Մեզ խոստացել են, որ հանրային լսումներ են լինելու նախ, չնայած այդ մասին դեռ պաշտոնապես տեղեկատվություն չկա: Այս պահին պարզապես նստացույց եւ բողոքի ակցիա չունենք, սակայն մեր բոլոր պահանջներն ուժի մեջ են», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով շուրջօրյա ցույցեր էին սկսվել: Նրանց միացել էին նաեւ Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները: Շուրջօրյա նստացույցերը դադարեցնելուց հետո ՀՅԴ ԵՄ անդամները հանդիպում էին պահանջում նախարարի հետ եւ առաջ էին քաշել վեց կետ, որոնցից են՝
1. ավելացնել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների պետական ֆինանսավորումը,
2. ապահովել Հայոց լեզու եւ Հայոց պատմության առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը՝ ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում:
Հիշեցնենք, որ Բարձրագույն կրթության մասին օրենքի շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել, այդ թվում՝ շահագրգիռ ներկայացուցիչների հետ: Օրենքը մի շարք փոփոխություններ է ենթադրում. մեծանում է բուհերի ինքնուրույնությունը, իսկ հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների ուսուցումը մնում է բուհի հայեցողությանը: Հենց այս վերջին որոշումն էլ դուր չի եկել ՀՅԴ ԵՄ անդամներին, որոնք սկսել էին շուրջօրյա նստացույցերը: Եվ ստացվում է՝ եթե օրենքի հանրային քննարկումների արդյունքները չգոհացնեն ՀՀ ԵՄ անդամներին, նրանք կարող են վերսկսել նստացույցերն ու բողոքի ակցիաները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԹԱՆԴԻԼՅԱՆԸ ՀԵՌՈՒ Է ՊԱՀՈՒՄ
Վերջին շրջանում շատերն են նկատում, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, կարծես թե, մեկուսացել է եւ այնքան էլ չի շփվում իր թիմակիցների հետ: Մասնավորապես, շատ են եղել նիստեր, երբ Թանդիլյանը դրանց չի մասնակցել կամ էլ ներկա գտնվելու դեպքում մինչեւ վերջ չի մնացել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ եւս նկատեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը նա ամենասկզբից չմասնակցեց, իսկ երեք ժամ տեւած հանդիպմանն էլ մնաց կես ժամ:
Նույն պատկերն է եղել նաեւ ուժային կառույցների ղեկավարների հետ վերջին հանդիպումների ժամանակ: Ինչպես հայտնի է, մինչեւ այժմ ընդդիմադիր խմբակցությունն արդեն հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին: Այդ հանդիպումների ժամանակ եւս Մանե Թանդիլյանը ակտիվ չի եղել: Նկատենք, որ, առհասարակ, հենց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստերը ժամանակ առ ժամանակ շատ բուռն են անցնում, քանի որ ընդդիմադիր խմբակցությունում պատգամավորների մի հատված կա, որն իր ներսում բարձրաձայնում է, թե իրենք իրենց գործունեության շրջանակներում շատ են սկսել պաշտպանել իշխանությանը: Մեր տեղեկություններով՝ նման դիրքորոշում ունի նաեւ Մանե Թանդիլյանը:

 

 

 

 

ԽՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԻԺԸ
ՀՀ քննչական կոմիտեն Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է դրել շրջանառության մեջ: Մասնավորապես, նրանք առաջարկում են 308-րդ հոդվածում սահմանել մի կետ, որը կենթադրի հետեւանքներ նաեւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքում, երբ այն դիտավորությամբ է առաջացրել ծանր հետեւանքներ: Այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է պատասխանատվություն նաեւ ծանրացնող հանգամանքներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Հոդվածի 2-րդ մասում, որպես ծանրացնող հանգամանք, նախատեսված է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաճախ հանցագործության որակման խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը դիտավորությամբ է առաջացրել ծանր հետեւանքներ: Իրավակիրառ պրակտիկայում այս դեպքերում օրենսդրական բացի պատճառով արարքը որակվում է 308-րդ հոդվածի 1-ին մասով, որն ավելի մեղմ պատիժ է նախատեսում, քան անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջանալու պարագայում: Եվ, ահա, նոր խմբագրման պարագայում դիտավորությամբ ծանր հետեւանքներ առաջացնելը կպատժվի ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով, գույքի բռնագրավումով կամ առանց դրա: Չի բացառվում, որ այս նախաձեռնության հիմք է հանդիսացել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. դեկտեմբերի 22-ի նիստում ասած խոսքերը. «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, եւ այդ դիմադրությունը ջարդելու եմ»:




Լրահոս