ԲԱՆԱԿԻ ՈՒՏԵԼԻՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ իր խմբակցություն էր հրավիրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որի հետ հանդիպումը տեւեց 3 ժամից ավելի: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընդդիմադիր 17 հոգուց բաղկացած պատգամավորներից մոտ 14-ը հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են Պաշտպանության նախարարության գործունեությանը:

Հանդիպում-քննարկումը անցել է շատ ջերմ մթնոլորտում, ու, կարելի է ասել, նախարարը փակ հանդիպմանը բացահայտել է բոլոր այն խնդիրները, որոնք հուզել են լուսավորականներին: Ի դեպ, նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 13-ի ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ նույն խմբակցության պատգամավորների հանդիպումից: Իսկ երեկվա հանդիպումից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումների՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության շրջանակներում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաեւ ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկել ենք նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր: Դավիթ Տոնոյանը պատասխանեց խմբակցության պատգամավորների հարցերին»:
Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նիստի հենց սկզբում ՀՀ պաշտպանության նախարարի եւ խմբակցության պատգամավորների միջեւ պայման է կապվել, որ հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցներին մանրամասն տեղեկություն չտրամադրվի՝ պայմանավորված երկրի անվտանգությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ երկու կողմն էլ հայտարարել են, որ իրենց խոսակցությունը կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը, ու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը հստակ կներկայացնի այն իրավիճակը, որն այսօր առկա է հայկական բանակում:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց մանրամասներ պարզել լուսավորականների եւ նախարարի հանդիպումից, որի վերաբերյալ հրապարակում ենք այն հատվածը, որը չի վնասի ՀՀ անվտանգությանը: Նախ՝ մեր տեղեկություններով՝ լուսավորականները նախարարից փորձել են պարզել, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանին, արդյոք լարվա՞ծ իրավիճակ է: Նախարարը պատասխանել է, որ այս պահին ամեն ինչ նորմալ է ու գտնվում է իրենց անմիջական վերահսկողության տակ:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ամենաակտիվ հարցերը նախարարին ուղղել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը շատ մանրամասների է տիրապետում բանակում տիրող բարքերի մասին, ու հորդորել է նախարարին ամեն ինչ անել այդ բարքերը վերացնելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ Մարուքյանը խոսել է նաեւ այն քրեական գործերից, որոնք կապված են զինվորների հետ, ու որոնք այժմ քննության փուլում են գտնվում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ լուսավորական երիտասարդ պատգամավորների հիմնական թեման եղել է բանակում զինվորների ուտելիքի որակի, նոր ճաշարանների ստեղծման ու սահմանին զինվորների հագուստի հարցի լուծման խնդիրը: Մեր տեղեկություններով՝ պատգամավորները հայտարարել են, որ իրենք տոնական օրերին եղել են տարբեր զորամասերում ու պարզել են, որ կան շատ զորամասեր, որտեղ շարունակում են զինվորին վատ կերակրել: Ի պատասխան՝ նախարար Տոնոյանն ասել է, որ այդ հարցը իրենց համար առանցքային է, ու իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այն նոր սիստեմը, որն այժմ ներդրվում է բանակում ճաշարանների մասով, առաջիկայում գործի գրեթե բոլոր զորամասերում:
Այնուհետեւ լուսավորական պատգամավորները խոսել են այն փոփոխությունների մասին, որոնք առաջիկայում պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարությունում: Ներկայացրել են ընդհանուր իրենց դիրքորոշումը այդ փոփոխությունների վերաբերյալ: Տոնոյանը լսել է գրեթե բոլոր պատգամավորների տեսակետներն ու հայտնել, որ դրանք իրենք հաշվի կառնեն:
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանդիպմանը, ապա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն եւս անցել է շատ ջերմ մթնոլորտում: Լուսավորականները ոստիկանապետից նախ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական նախաձեռնությամբ կարող են օգնել ոստիկանությանը, որպեսզի իրենք հանրության շրջանում իրենց պաշտպանված զգան, քանի որ վերջիններս շատ հաճախ են «հալածվում»: Այնուհետեւ ընդդիմադիր պատգամավորները փորձել են հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի ոստիկանապետը բալային համակարգի ներդրման վերաբերյալ, քանի որ այն, կարծես թե, հանրության կողմից այդքան էլ չի ընդունվել: Ոստիկանապետն էլ հայտարարել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այն ընդունվի հանրության կողմից: Անդրադարձել են նաեւ համակարգում առկա խնդիրներին, ու պատգամավորները հորդորել են ոստիկանապետին ավելի ակտիվ գործունեություն ծավալել, որպեսզի ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացվի:
Թե առաջիկայում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը իրավապահ համակարգի որ ղեկավարի հետ հանդիպում կունենա, դեռեւս հստակ չէ, քանի որ նպատակ կա հանդիպել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՄԵՐԺԵԼ Է
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դ. Խաժակյանի փոխանցմամբ՝ իրենք հակված են բողոքարկելու, հիմա քննարկումների փուլում են: «Տպավորությունն այնպիսին է, որ ՀՔԾ-ն ամեն ինչ անում է, որ խուսափի հանցակազմ գտնելուց, բայց այնքան չի ստացվել, որ կան աբսուրդային ձեւակերպումներ, որոնք առաջիկայում կվերհանվեն ավելի մանրամասն»,-ասել է նա: Նրա խոսքով՝ անձանց շրջանակը, որոնք կանչվել են բացատրություն տալու, արդեն իսկ մատնանշում էր, թե ինչ ուղղությամբ է գործը տարվում. «Ըստ էության, կանչել են այն մարդկանց, որոնք այդ ամենը իրականացնողներն են եղել, եւ պետք է ամեն ինչ անեին, որ քաղարկեին դա, իսկ այն անձինք, ում ես մատնանշել եմ, որ կարող են լրացուցիչ եւ կարեւոր տեղեկություն հաղորդել, նրանք չեն հրավիրվել»: Հիշեցնենք, որ Դ. Խաժակյանը հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ քաղաքապետի լիազորություններն անցնելու ու պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ:

 

 

 

ՀԵՏԱՁԳՎԵՑ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին 3 ենթակաների գործով դատական նիստը երեկ հետաձգվել է: Պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն էր: Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով՝ դատական նիստից առաջ տեղեկանք են ստացել Յ. Խաչատուրովի պաշտպան Մ. Պողոսյանից իր բացակայության մասին, որտեղ ասված է, որ դատարանի կողմից չի ապահովվում մրցակցության սկզբունքը, խտրական վերաբերմունք է դրսեւորվում դատավարության մասնակիցների նկատմամբ: Դատավորն ասել է, որ պաշտպանության կողմն իրավասու է դիմել համապատասխան մարմիններին, դատարանը գտնում է, որ պաշտպանների նկատմամբ սպառնալիք չի հնչել:

 

 

 

 

ԴՐԱԿԱՆ
ԱԺ պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշել է, որ այս օրինագծով առաջարկվում է նորածինների անձը հաստատող փաստաթղթերում նշել նրանց սեռը: Օրինագծի օգտին հանդես է եկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Ես պատրաստ եմ աջակցել այս օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ ծննդյան վկայականում պետք է նշվի նորածնի սեռը, որովհետեւ որոշ ժամանակ անց նա կարող է իր սեռը փոխել»,- կատակել է Գ. Պետրոսյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ նշել է, որ ինքը պատրաստ է աջակցել առաջարկված օրինագծին, քանի որ երբեմն՝ անձը հաստատող որոշակի փաստաթղթեր թարգմանելիս, որոշ խնդիրներ են առաջանում: Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

 

 

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ
Երեկ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ՀՔԾ հրավիրելը կապ չի ունեցել նրա մասով քննվող քրեական գործերի հետ: Առիթը եղել է ՀՀ ոստիկանության մի աշխատակցի դիմումը, որի բողոքի հիման վրա քրգործ է հարուցվել, եւ այդ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանապետը եղել է Վլադիմիր Գասպարյանը: Նրան ՀՔԾ են հրավիրել՝ որոշակի հարցադրումների պատասխանելու: Վերջինս ՀՔԾ-ում մնացել է ընդամենը 10 րոպե:
Հիշեցնենք, որ 2019թ.-ին Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որն իրականացվել է՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափի յուրացում ու վատնում կատարելու հատկանիշներով: Քրեական գործով բացահայտված փաստերով՝ Վլադիմիր Գասպարյանը 1997թ. հունիսից մինչեւ 2011թ. նոյեմբերը, զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, ապա պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ ռազմական ոստիկանության զորամասի 3 զինծառայողներ 2001, 2004, եւ 2009թթ.-ից աշխատանքի են ընդունվել, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել ծառայության: Փոխարենը նրանցից մեկն աշխատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ` որպես վարորդ, մյուս երկուսը` Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի մոտ` որպես թիկնապահ: Ըստ մեղադրանքի` Գասպարյանը, այս մասին իմանալով, ոչ միայն իրավական ընթացք չի տվել դեպքին, այլեւ 2010 թ.-ի դեկտեմբերի 3-ին 5 տարի ժամկետով երկարաձգել է նրանցից մեկի զինծառայության ժամկետը: Ի դեպ, այս գործը Քննչական կոմիտեից տեղափոխվել է ՀՔԾ, եւ հիմա ՀՔԾ-ն է քննում նախկին ոստիկանապետի մասով քրեական գործը:

 

 

 

 

ՆՈՐ ԱՂՄՈՒԿ
ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը: Նախարարությունում սաբոտաժ է այն դեպքում, երբ կառավարությունում մտադիր էին Հայաստանի բոլոր դպրոցներն այս տարի համալրել «Արմաթ» լաբորատորիաներով: Երեկ այս մասին հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս թեման լուրջ աղմուկ է բարձրացրել եւ սպառնում է հերթական փորձանքը դառնալ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի գլխին: Բանն այն է, որ նա ասել է. «Մեզ շատ հաճախ մեղադրում են, որ մեկ աղբյուրից գնումները լավ բան չեն, եւ հիմա մենք նաեւ մեխանիզմներ ենք մշակում, որպեսզի ոլորտը լինի մրցակցային, այլ ոչ մոնոպոլիստական, եւ եթե այս մրցակցության արդյունքում «Արմաթը» շահի, ապա իրենք կշարունակեն: Ակնկալում ենք, որ, տնտեսական աճին զուգընթաց, անպայման նոր խմբաքանակներ կներդնենք»:
Կարեն Վարդանյանն արդեն սկսել է աղմուկ բարձրացնել, եւ նախարարին այնքան էլ գունագեղ օրեր չեն սպասվում:




Լրահոս