Հայաստանում մի շարք ավտոներկրողներ լուրջ խնդիրների են բախվել: Խոսքը այն ներկրողների մասին է, որոնք նախնական հայտարարագիր չեն ներկայացրել Պետական եկամուտների կոմիտե:
Իսկ մինչ այդ նշենք, որ մինչեւ հունվարի 31-ն ավտոմեքենա ներկրողները կկարողանան օգտվել մաքսազերծման ներկա կարգից: Բանն այն է, որ դեռեւս նախորդ տարվա ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ օրենսդրությամբ գոյություն ունի «ուղեկցող բեռի նախնական հայտարարագիր» հասկացությունը, եւ եթե անձը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ` դեկտեմբերի 25-ին, կարող է նախնական հայտարարագրել, որ իր բեռը գալու է դեկտեմբերի 25-ից հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում եւ ներկայացնել ժամանման վայրի մաքսատուն: Այս դեպքում հունվարի 25-ին ստացվող բեռը կարող է մաքսազերծել դեկտեմբերի 25-ին գործող օրենսդրությամբ: Ավելին, ՊԵԿ նախագահն ավտոներկրողներին խորհուրդ է տվել օրենքի ընձեռած այս հնարավորությունից օգտվելու համար ներկրվող ավտոմեքենան ձեւակերպել որպես «ուղեկցող բեռ»:
Իսկ այն քաղաքացիները, որոնք հունվարի 1-ից հետո ավտոմեքենա կներկրեն առանց նախնական հայտարարագրման, կվճարեն արդեն նոր կարգով` ավելի թանկ: Պարզվում է, որ ավտոներկրողների մեծ մասը չի հասցրել նախնական հայտարարագիր ներկայացնել Գյումրիի մաքսատան անվերջ ու երկար հերթերի պատճառով: Համենայնդեպս, այդպես պատճառաբանում են ներկրողները: Եւ որպեսզի չմաքսազերծված մեքենայի համար տուգանք չվճարեն, ներկրողները որոշել են ներկրած մեքենան տեղափոխել նորից հարեւան Վրաստան եւ փորձում են այնտեղ իրացնել՝ թեկուզ վնասներ կրելով, միայն թե ազատվեն մեքենայից, որքան հնարավոր է, շուտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանց թիվը հազարից անցնում է:
Նրանք, չմաքսազերծված մեքենաները Վրաստան տանելով, փորձում են այնտեղ մաքսազերծել, քանի որ ավելի էժան է ստացվում, քան մեզ մոտ: Մի մասն էլ առանց մաքսազերծելու վաճառում է հենց ուկրաինացիներին, որովհետեւ վերջին շրջանում ուկրաինացիներն սկսել են վրացական ավտոշուկայից օգտվել: Վրաստանի օրենքները թույլ են տալիս առանց մաքսազերծելու կամ գրանցելու վաճառել, ինչպես նախկինում էր, երբ հայերը գնում, մեքենա էին ձեռք բերում ու Հայաստանում վաճառում: Հիմա նույնը հայերն են անում, այսինքն՝ նրանք, որոնք չեն հասցրել նախնական հայտարարագիր գրել, Վրաստանից ներկրած մեքենան հետ են տանում Վրաստան ու այնտեղ վաճառում: Բնականաբար, այս ամենի արդյունքում ներկրողները ֆինանսական տույժեր են ունենում, լրացուցիչ գումարներ են ծախսում՝ չհաշված այն, որ ավելորդ քաշքուկների մեջ են ընկնում:
«Այդպես էլ կանխատեսել էինք, որ ուշացնելու են շատերը, քանի որ բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք այն մասին, որ վրացական կողմը մեքենաներ տեղափոխող կոնտեյներները չի բացում: Իսկ աջ ղեկով մեքենաների ղեկերը մարդիկ չէին կարողանում կարճ ժամկետներում տեղափոխել, որովհետեւ այնտեղ հերթեր էին: Այս խնդիրները նպաստեցին, որ շատ ներկրողներ ուղղակի չկարողացան, չհասցրեցին տեղավորվել ժամկետներում նախնական հայտարարագրեր ներկայացնել կամ էլ տեղափոխել Հայաստան եւ արագ մաքսազերծել»,- նկատեց ավտոներկրող Զորիկ Իգիթյանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ այս խնդրին «Ժողովուրդ» օրաթերթը եւս բազմաթիվ անգամ անդրադարձել է:
Իսկ, ահա, մեկ այլ ավտոներկրող էլ նկատեց. «Մի բրոքեր էին նշանակել, որն էլ չկարողացավ նախնական դիմումները հասցնել ընդունել: Մարդիկ չարեցին էլի: Կոնկրետ ճապոնական մեքենաների մասով մոտավորապես 800-1000 դոլարի չափով գինն ավելանում է, իհարկե, եթե մեկ ամսվա ընթացքում՝ մինչեւ փետրվարի 1-ը հասցնի մարդը բերի: Եթե չհասցնի, ապա գործելու է ԵԱՏՄ ընդհանուր կանոնակարգը, այսինքն՝ վճարելու է մի քանի անգամ ավել գին»:
Ավտոներկրողները վստահեցնում են նաեւ, որ այս ընթացքում գների կտրուկ բարձրացում չկա, բայց մեքենաների վաճառքի ծավալներն են զգալի ավելացել: «Այն ղազախները, որոնք նախկինում գնում էին Վրաստան, այնտեղից մեքենաները բերում եւ հայկական շուկայում վաճառում, այսօր նրանք դա չեն կարողանում անել: Փոխարենը ղազախներն է՛լ, ռուսներն է՛լ օգտվում են միայն հայկական ավտոշուկայից»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ներկրողները:
Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից գործում է մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երկրներում գործող նույն կարգը: Հունվարի 1-ից լրացել է այն ժամկետը, որը Հայաստանը որպես բացառություն խնդրել էր ԵԱՏՄ-ից: Այս կարգը պատճառ է դարձել ավտոներկրողների թվի կտրուկ կրճատման: Նրանց գերակշիռ մասը հրաժարվել է կատարել այս աշխատանքը՝ համարելով ոչ եկամտաբեր. «Վերջացավ, փակվեց… որ ասում են՝ game over, դա է: Ինչքան բերել են, բերել են, վերջ: Հիմա զբաղված են դրանք արագ վաճառելով»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը, Հայաստան է բերվել ավելի քան 114 հազար ավտոմեքենա, ինչն ավելի քան 60 000-ով շատ է 2018 թվականի նույն ժամանակահատվածից: Այս ամենի արդյունքում պետական բյուջե մուտք է գործել շուրջ 51 մլրդ դրամ` 2018 թվականից 27 մլրդ-ով ավելի: Ըստ ՊԵԿ-ի՝ այս տարի՝ ԵԱՏՄ կանոնակարգերի՝ ուժի մեջ մտնելուց հետո, բյուջեի եկամուտները միայն այս ոլորտից նվազելու են 50-52 մլրդ դրամով:
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՎԵՐՑՐԻՆ ԻՐԵՆՑ ՈՒՍԵՐԻՆ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ` 2020 թվականից դադարեցվել է Մարալիկի, Աչաջրի, Եղվարդի եւ եւս 6 ծննդատների ֆինանսավորումը: Նախարարությունն այս փորձով որոշել է կանխարգելել մայրական ու մանկական մահացությունները։ Ի նշան բողոքի` արդեն մի քանի օր է, ինչ այդ համայնքների բուժկենտրոնների աշխատողները բողոքի ակցիա են անում՝ փակելով ճանապարհները:
Մարզային բուժկենտրոնների հետ պետպատվեր չկնքելու որոշումը առողջապահության նախարարինն է: Նրա խոսքով` բուժկենտրոնները չեն համապատասխանում սահմանված կարգերին. չունեն վիրահատարաններ, անեսթեզոլոգներ, ինտենսիվ թերապիա: Բայց, մյուս կողմից, նախարարն առաջարկում է հղիներին տեղափոխվել մասնագիտացված կենտրոններ, որոնք գտնվում են 15-20 կմ հեռավորության վրա, անգամ ժամային գրաֆիկն է գծել: Արդյոք այդ քաղաքային բուժկենտրոնները, որոնց նախարարն առաջարկում է դիմել, ծանրաբեռնված չե՞ն եւ պատրա՞ստ են սպասարկել. սա արդեն ցույց կտա ժամանակը:
Բայց երեկ, հակառակ նախարարի որոշմանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդում «Նաիրի» բուժկենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպմանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ծննդատունը չի փակվելու, ավելին՝ վերազինվելու է եւ շարունակելու է գործել, եւ սա քաղաքական որոշում է:
Մարզպետի այս հայտարարությունից հետո նախարարը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդի թվերը միակն են, որոնք ամենամոտիկն են նախարարության սահմանած 150 ծննդի թվին. «Եւ առնվազն չունի թերություններ՝ իմ ասած կադրային, սարքավորումների եւ մյուս ծառայությունների հետ կապված: Հիմա քննարկում ենք՝ արդյոք արժե «Նաիրի» բուժկենտրոնին ինչ-որ ժամանակով մի բան անել եւ հասկանալ՝ իրենք 150-ին կձգտեն, կհասնեն, թե ոչ: Նմանատիպ բանակցություններ վարվում են նաեւ մյուսների հետ, որոնք որ ռեալ են, որ այդ մինիմալին հասնեն, որովհետեւ 10 ծնունդ ընդունողի հետ հաստատ մենք նման բանակցություններ չենք կարող տանել, բայց 100-ին մոտ կամ ավելի ծնունդ ունեցողների հետ կարող ենք տանել»:
Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանի խոստմանը նախորդեց նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հայտարարությունը. «Առողջության կենտրոնը ոչ միայն չի փակվելու, այլեւ ուժեղանալու է նոր ծառայություններով»: Ասել է թե՝ մարզպետները հաղթեցին նախարարին: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում նշված առողջության կենտրոնների աշխատողները բավականին վիրավորված են նախարարից. բանն այն է, որ նախարարը, ֆինանսավորումը դադարեցնելուց բացի, չի բարեհաճել շնորհակալություն հայտնել այդ կենտրոնների՝ երկարամյա գործունեություն ծավալած վաստակաշատ բժիշկներին՝ թեկուզ միայն այդ պայմաններում երկար տարիներ աշխատելու համար:
Ո՞ւր կորավ կառավարության՝ մարզերը համաչափ զարգացնելու քայլերը: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու են գյուղերում դռներ կողպվում:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի նախկին ղեկավար Ժորա Մարտիրոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ընդդեմ Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, հայցադիմում է ներկայացրել՝ իր չօգտագործված արձակուրդի համար դրամական հատուցում վճարելու պահանջով: Դատարանը հայցի թերությունների պատճառով այն վերադարձրել է հայցվորին, վերջինս թերություններն ուղղելուց հետո հայցը կրկին ներկայացրել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը 2019թ. հուլիսի 12-ին Դիլիջան քաղաքում որոշել է հայցն ընդունել վարույթ: Սույն քաղաքացիական հայցով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում կայացել են նախնական դատական նիստեր, հաջորդը նշանակված է հունվարի 16-ին:
Նշենք, որ Ժ. Մարտիրոսյանը 2008 թվականից էր ղեկավարում սահմանամերձ Ազատամուտ համայնքը: Նա սկզբում ղեկավարում էր ԲՀԿ Ազատամուտի կազմակերպությունը, ապա ՀՀԿ տեղական կառույցը: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո համայնքի ավագանու մի խումբ անդամներ Ժորա Մարտիրոսյանի պաշտոնանկության պահանջով ցույցեր կազմակերպեցին, գյուղի դպրոցում դասադուլներ եղան, ցուցարարներն այդ պահանջով փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը: Վերջնարդյունքում 2018թ. պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով Ժ. Մարտիրոսյանի դեմ քրեական գործ հարուցվեց, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գիրգորյանի որոշմամբ՝ Ժորա Մարտիրոսյանի՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցվեցին:
2018թ. նոյեմբերի 23-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Տավուշի մարզի դատախազության դատախազ Վ. Սարգսյանի 2018թ. հոկտեմբերի 8-ի թիվ 38161818 քրեական գործով կայացրած որոշումը, Ազատամուտ համայնքի ղեկավարի տեղակալի 2018թ. նոյեմբերի 12-ի դիմումը եւ Ազատամուտի առողջության պահպանման առաջնային կենտրոնի կողմից տրված անաշխատունակության թերթիկը, որոշել էր Վահագն Ալավերդյանին 2018թ. նոյեմբերի 23-ից մինչեւ Ազատամուտ համայնքի ղեկավարի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը նշանակել Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
2019թ. հունիսի 9-ին Ազատամուտ համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, եւ առաջադրված միակ թեկածուն՝ Վահագն Ալավերդյանը, ընտրվեց համայնքի ղեկավար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ