Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում ձմեռային դադարը շարունակվում է: Բաց է տրանսֆերային պատուհանը, եւ թիմերը շարունակում են ունենալ ձեռքբերումներ եւ բաց թողնել ֆուտբոլիստներ: Տրանսֆերային այս պատուհանի ընթացքում հայ մի շարք ֆուտբոլիստներ փոխեցին իրենց ակումբային գրանցումը:
Օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը պայմանագիր կնքեց ղազախական «Տոբոլ»-ի հետ: 24-ամյա ֆուտբոլիստը ընտրեց կարիերան շարունակելու ղազախական ուղղությունը: Ինչքանո՞վ է այս տեղափոխությունը Ավետիսյանի համար լինելու արդյունավետ, ցույց կտա ժամանակը, բայց ասել, որ ղազախական «Տոբոլ»-ը ավելի լավն է, քան Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն, այդքան էլ ճիշտ չի լինի: Պետրոս Ավետիսյանը համարվում էր հայկական ֆուտբոլի «ծագող աստղերից» մեկը, եւ հասկանալի է, որ այսպիսի տեղափոխությունը դեռ շատ ավելի շուտ պետք է լիներ՝ դեռ այն ժամանակ, երբ Պետրոսը «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ չէր: Ամեն դեպքում, խիստ վերապահորեն մոտենալով այս տրանսֆերին՝ կարող ենք այն համարել առաջ քայլ 24-ամյա ֆուտբոլիստի եւ հայկական ֆուտբոլի համար, քանի որ Ղազախստանից եվրոպական ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելը շատ ավելի հեշտ է, քան Հայաստանից: Հուսանք, որ Պետրոս Ավետիսյանին արդեն մրցաշրջանի ավարտից հետո կտեսնենք շատ ավելի ուժեղ առաջնությունում:
«Արարատ-Արմենիա»-ից միայն Պետրոս Ավետիսյանը չէ, որ կարիերան շարունակելու է Ղազախստանի առաջնությունում: Բուլղարացի պաշտպան Գեորգի Պաշովն ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանն այս պահին Թուրքիայում փորձաշրջան են անցնում «Ժետիսու»-ի համար: Վերջիններս նույնիսկ հասցրել են գոլերով աչքի ընկնել թուրքական «Բելեդիեսփորի» դեմ ստուգողական խաղում: Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ շուտով պայմանագիր կստորագրեն ղազախական ակումբի հետ: Թե՛ Պաշովը, թե՛ Մալաքյանը համարվում են «Արարատ-Արմենիայի» համար հարց լուծող ֆուտբոլիստներ: Ամեն դեպքում, չպետք է մոռանալ, որ երեւանյան ակումբի կազմում հրաշալի իրեն սկսեց դրսեւորել երիտասարդ պաշտպան Արթուր Դանիելյանը, ով իր խաղով Վարդան Մինասյանին ստիպեց պահեստայինների նստարանին նստեցել Պաշովին: Հնարավոր է, որ հենց այդ փաստն է պատճառ դառնում Պաշտովի հայկական ակումբը լքելու: Գոռ Մալաքյանը երկար ժամանակ չէր կարողանում գտնել իր խաղը, բայց Մինասյանը կարողացավ արթնացնել մեր ֆուտբոլիստի մեջ քնած գազանին: Վերջինս իր ցուցադրած խաղով կարողացավ նաեւ վերադառնալ ազգային ընտրանի: Այժմ Գոռ Մալաքյանը շատ մոտ է «Ժետիսու» տեղափոխությանը: Այսպիսով, Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» զգալիորեն թուլացնում է կազմը՝ կորցնելով առաջատար ֆուտբոլիստների: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ծանր վնասվածքի պատճառով կարիերան ավարտեց Վարդան Մինասյանի թիմի նոր ձեռքբերում Մարկոս Պիզելլին:
«Արարատ-Արմենիայի» եւ հայկական մյուս ակումբների մասին դեռ կհասցնենք խոսել, իսկ հիմա շարունակենք անդրադառնալ այն ֆուտբոլիստներին, ովքեր կապ ունեն Հայաստանի եւ Ղազախստանի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի Ուսեյն Բոլտը՝ գերարագ Կամո Հովհաննիսյանը, «Ժետիսուից» տեղափոխվեց «Կայրաթ»: Երեւի հենց «Կայրաթի» դարպասը խփած ֆանտաստիկ գոլը նպաստեց այս տրանսֆերի կայացմանը: Կամոն վերջին ամիսներին հրաշալի ֆուտբոլ էր խաղում, բոլորը խոսում էին նրա մասին, եւ մեծ էին սպասելիքները, որ մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի կարգով ավելի բարձր առաջնություն: Հովհաննիսյանը ընտրեց «Կայրաթը» եւ հենց այս թիմում կշարունակի փչացնել մրցակիցների տրամադրությունները իր կայծակնային անցումներով ու փոխանցումներով: Կարիերան Ղազախստանում կշարունակի նաեւ արմատներով հայ Դավիթ Յուրչենկոն: Վերջինս ռուսական «Յենիսեյից» տեղափոխվել է Կարագանդայի «Շախտյոր»: Հիշեցնենք, որ ինչ-ինչ պատճառներով Դավիթ Յուրչենկոն բազմիցս հրաժարվել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
Վերջին հայ-ղազախական տրանսֆերը, որին պետք է անդրադառնանք, ամենահզորն ու ռումբայինն է: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Տիգրան Բարսեղյանը այսուհետ կարիերան կշարունակի Ղազախստանի «Աստանայում»: «Աստանան» վերջին տարիներին անդադար հայտնվում է Չեմպիոնների լիգայի կամ վատագույն դեպքում Եվրոպա լիգայի խմբային փուլերում: Տիգրան Բարսեղյանի համար «Կայրաթից» «Աստանա» տեղափոխությունը միանշանակ առաջ քայլ է կարիերայում: Մեր ֆուտբոլիստը ֆանտաստիկ էր հանդես գալիս իր նախկին ակումբի կազմում, որն էլ աննկատ չմնաց հուսանք, որ Տիգրանի կրակոցները կշարունակվեն նաեւ «Աստանայի» կազմում:
Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է. կան շատ այլ հայ ֆուտբոլիստներ, որոնց ապագան դեռեւս պարզ չէ: Հուսանք, որ մեր ֆուտբոլիստները կընտրեն ճիշտ ակումբներ եւ կզարգացնեն թե՛ իրենց, թե՛ հայկական ֆուտբոլը:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿԸ ՓՈԽՎԵԼ Է
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի` 11 ամսվա ընթացքում 7,5 տոկոս տնտեսական ակտիվություն ունենք, որում առաջատար է արդյունաբերության աճը` 9,3 տոկոս: «Թեպետ ՀՆԱ-ի տարեկան ցուցանիշները դեռեւս ամփոփված չեն, սակայն կարող ենք ասել, որ կունենանք 7,5 տոկոս տնտեսական աճ»,-ասել է նախարարը: 2019 թվականը մեկնարկել է գյուղապահովագրության ծրագիրը եւ վեց մարզերում երկու մշակաբույսերի` խաղողի ու ծիրանի` երեք ռիսկերից ապահովագրությունը: «Ընդհանուր առմամբ կառավարությունն աջակցում է բոլոր ապահովագրողներին, եւ որքան ապահովագրողն է վճարում, այդքան էլ` կառավարությունը»,- նշել է նա: Վերջինիս խոսքով` նախարարությունը խրախուսում է ապահովագրության դիմող գյուղացիական տնտեսություններին. այս պահին մոտ հարյուր դիմում կա: «Մենք փոխել ենք աջակցության եղանակը. հատուցում ենք ոչ թե տեղի ունեցող վնասը, այլ աջակցում ենք, որ գյուղացիական տնտեսությունն ապահովագրի ռիսկը: Եթե գործում է ապահովագրական համակարգը, ապա այն ընկերությունները, որոնք չեն օգտվի այս համակարգից, վնասի դեպքում կառավարությունից փոխհատուցում չեն ստանա»,-ասել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանի եւ Վրաստանի ՀՆԱ-ի ցուցանիշների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Տիգրան Խաչատրյանն ասել է. «Հայաստանը, Վրաստանը, եւ Ադրբեջանն այսօրվա դրությամբ այն երկրների շարքում են, որոնք 2019 թվականին, հավանական է, որ ամփոփեն 4600-4700 դոլար՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով»:
ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՈՆՈՒՍՆԵՐԸ
Այն վարորդները, որոնք 31.12.2020 թվականի ժամը 23:59-ի դրությամբ կունենան 9 բալային-միավոր, որոնք չեն սպառել տարվա ընթացքում, եւ կունենան 0 խախտում, ապա կարող են ստանալ՝
անվճար-իրավաբանական ծառայություններ, մասնավորապես, օրինապահ վարորդը 2021թ. ընթացքում կարող է ստանալ իրավաբանական անսահմանափակ խորհրդատվություն (քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերով),
օրինապահ վարորդը 2021թ. կարող է օգտվել երկու դատական ներկայացուցչությունից (սահմանափակ գործերով),
2021թ.օրինապահ վարորդի նկատմամբ կայացված ակտերի բողոքարկում (3ակտ), քրեական գործով ներգրավվելու դեպքում կգործեն զեղչեր,
2021թ. օրինապահ վարորդին անհրաժեշտ դիմումների կազմում՝ մինչեւ 5 դիմում:
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
2020թ. հունվարի 15-ից Երեւանի Կիեւյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Արդյունքում Կիեւյան կամրջով դեպի Կիեւյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկում անընդհատ երթեւեկել միայն դեպի աջ՝ դեպի Հալաբյան փողոց՝ ներկայումս գործող ուղիղ կամ դեպի աջի փոխարեն: Նշված խաչմերուկում լուսացույցի վրա կտեղադրվի դեպի աջ անընդհատ երթեւեկությունը թույլատրող աջ սեկցիա:
ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով եւ գրիպով պայմանավորված հիվանդացության աճ: 2020թ. հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194, նախորդ տարվա նույն օրը` 1080 պացիենտ: Չնայած որ նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշների աճ, թոքաբորբերով դիմելիությունը, նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,9 անգամ: Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ, որի 96,5%-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են: Ընթացիկ տարվա հունվարի 13-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 77 կանչ՝ նախորդ տարվա 119 կանչի փոխարեն, թոքաբորբերով՝ 17 կանչ՝ նախորդ տարվա 29 կանչի փոխարեն: Շրջանառում են գրիպի Ա H1N1 եւ Բ տեսակները. հունվարի 14-ի դրությամբ ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման շեղումներ արձանագրվել են 138 դպրոցում եւ 23 մանկապարտեզում: