ՀՈՒՅՍ ՈՒՆԻ՝ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՎԱՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԵՆ ԳՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրականում ճնշումներ գործադրվում են Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ՝ նրանց վաղ կենսաթոշակի անցնելու հետ կապված: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ինքը մեծ հույսեր ունի, որ դատավորներից ոչ ոք վաղ կենսաթոշակի չի գնա, քանի որ, ըստ նրա, դա աշխատանքի վատ մայրամուտ կնշանակի:

-Պարո՛ն Սիմոնյան, տեւական ժամանակ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների վրա իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների հարցը. նրանց ստիպում են վաղաժամ թոշակի անցնել: Դուք՝ որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, ի՞նչ կարծիքի եք, արդյոք ճնշումներ կա՞ն դատավորների նկատմամբ, ու, ըստ Ձեզ, դեռ որքա՞ն կշարունակվեն այդ ճնշումները:
-Ինչքան դեռ կշարունակեն ճնշումները, երեւի թե իրենք դա կպատասխանեն, իսկ այն, որ մթնոլորտն այնպիսինն է, որ, այո, եթե ուղղակի գործողությամբ ճնշում չկա, բայց միջավայրն այնպես է ստեղծվում, որ դա ճնշում է, դա ակնհայտ է: Շատ իշխանական պատգամավորների քաղաքական հայտարարությունները եւս կարելի է դիտարկել որպես ճնշում, ու սա, իմ կարծիքով, լավագույն ճանապարհը չէ, որ մենք պետք է դատական համակարգը բարեփոխենք: Քավ լիցի, ես այն մարդկանցից եմ, ով որ առաջինն է ուզում դատական համակարգը բարեփոխված տեսնել, որովհետեւ իմ մաշկի վրա զգացել եմ, թե որքան արատներ ունի այդ համակարգը. 10 տարի փաստաբանական գործունեություն եմ իրականացրել: Բայց այն ճանապարհը, որը որդեգրվել է, ոչ միայն լավագույն ճանապարհը չէ, նաեւ շատ վատ ու խնդրահարույց ճանապարհ է, որովհետեւ շատ դեպքերում իրականում կարողանում ենք ավելի մեծ խնդիրներ ստեղծել այս վարքագծով, քան փորձում ենք լուծել իրականում:
-Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը օրերս հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, որը ընդդիմության կողմից որակվեց որպես ճնշում նրա վրա, որպեսզի վերջինս վաղ կենսաթոշակի գնա: Համակարծի՞ք եք Դուք այդ տեսակետի հետ:
-Տեսեք, ՀՔԾ, պետք է հասկանալ, թե որպես ինչ են հրավիրել, ինչ գործով են հրավիրել, այսինքն՝ կարող է նաեւ որպես վկա է հրավիրվել մեկ այլ գործով, դա դեռ չի նշանակում, որ ճնշում ուղղակիորեն կա: Բայց այն միջավայրը, որը ձեւավորվել է ընդհանրապես այդ անձանց նկատմամբ, այդ կոնտեքստում դիտարկվի, այո, ճնշում դիտարկվի: Բայց եթե կոնկրետ գործի շրջանակներում է, մեկ դիպվածով է եւ այլն, եւ այլն, ապա պետք չէ սրան ճնշում համարել: Բայց, կրկնում եմ, կոնկրետ այս գործի շրջանակներում, երբ մենք տեսնում ենք, որ օրենքը ընդունելուց անմիջապես հաջորդ օրը, թե երկու օր հետո դա միանգամից տեղի ունեցավ, բնականաբար, կապը արդեն տեսնում ենք: Այո, իհարկե կարող է նաեւ ճնշման հերթական դրսեւորում լինել: Բայց, միեւնույն ժամանակ, պետք է հասկանալ. եթե այդ մարդիկ անգամ գնան վաղ կենսաթոշակի այս օրենքի օգտագործմամբ, եւ այդ քրեական գործերը դադարեցվեն, սա ոչ պրոֆեսիոնալ եւ սխալ վարքագիծ կհամարեն քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից, որովհետեւ դուրս կգա, որ քաղաքական նկատառումներից ելնելով՝ քրեական գործ է հարուցվում, եւ այդ նույն նկատառումներով քրեական գործը մերժվում է, կասեցվում կամ կարճվում է: Ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր վաղ կենսաթոշակի չի գնա, քանի որ դա անձամբ ես կհամարեի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի վատ մայրամուտ: Եւ ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր իրեն թույլ չի տա՝ հարկատուի հաշվին դատարանը հանգստանա առանց աշխատանք կատարելու, որովհետեւ հասարակության համար ամենավտանգավորը անաշխատ եկամուտն է, դրա դրսեւորումն է: Իսկ եթե դատավորները չգնան թոշակի, օրենքը չի գործի, ու, բնականաբաձր ոչինչ տեղի չի ունենա:
-Միջազգային լսարանը եւս ահազանգել է իշխանություններին, որ վաղ կենսաթոշակի ճնշումներով դատավորներին ուղարկելը շատ վտանգներ է պարունակում: Վենետիկի հանձնաժողովը տարվա վերջին մեկ անգամ եւս հայտարարեց դրա մասին: Ինչո՞ւ իշխանությունները ականջալուր չեն լինում միջազգային լսարանին:
-Իշխանությունները նույն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը հղում են կատարում եւ այլ բան են հասկանում: Այնպես որ, իրենք էլ ասում են, որ, այո, իրենք անում են այն, ինչ հայտարարում է Վենետիկի հանձնաժողովը: Միգուցե տառը կատարում են, բայց ոգին՝ ոչ, որովհետեւ երբ Վենետիկի հանձնաժողովը ասում է, որ դա կամարտահայտության արդյունք պետք է լինի, դա նկատի ուներ, որ բոլոր հնարավոր ազդեցությունները պետք է բացառվեն դատավորների նկատմամբ, որ նրանք ազատ կամարտահայտության միջոցով կարողանան, ուզում են գնալ թոշակի, թե չեն գնում: Թե՛ վարչապետը, թե՛ նախարարները իրենց ելույթներում հայտարարում էին՝ եթե ՍԴ-ն լեգիտիմ չի, իսկ մարդիկ եղան, որ համարձակություն ունեցան հայտարարել, թե որոշ դատավորներ հանցագործ են, հետեւաբար իրենք պետք է այս օրենքից օգտվեն: Ստացվում է՝ եկեք ձեզ փող տանք, գնացեք տանը նստեք, ու սա ճնշման դրսեւորում է: Ճնշում չի նշանակում կացինը վերցնես, ընկնես հետեւից, ասես՝ ճնշում եմ գործադրում, ճնշումը դա նաեւ հայտարարությունների միջոցով է լինում, քաղաքական միջավայր ստեղծելու միջոցով է լինում:
-Իսկ ընդդիմությունը ի՞նչ է անում այդ ճնշումները չեզոքացնելու համար:
-Մենք ունենք գործիքներ, որոնք օգտագործում ենք, դա մեր ԱԺ ամբիոնն է, նիստերն են օրենսդրական ակտերը քննարկելու, հայտարարություններն են քաղաքական, ու, ըստ էության, վերջ: Ընդդիմությունը ռեալ, այսօրվա Սահմանադրությամբ որեւէ գործիքակազմ չունի իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿՈՒ ԺԱՄ Է ՄՆԱՑԵԼ, ՔԵՖՆ ԷԼ ՄԻԱՊԱՂԱՂ Է ԱՆՑԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հունվարի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել էր քեֆ կազմակերպել Էջմիածնի «Դվին» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ հավաքույթին մասնակցել են մոտ 300 կուսակցականներ, եղել են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները եւ խմբակցության ղեկավարությունը: Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել, բաժակաճառեր ասել, բայց 9-9.30 սահմաններում հեռացել է ռեստորանից:

«Ժողովուրդ» օրաթերթին իմքայլականները փոխանցեցին, որ վերջին ժամանակահատվածում կարծես թե վերականգնվել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի փոխհարաբերությունները, քանի որ վերջին երկու հավաքույթների ժամանակ նրանք շփվել են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ են նստել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ սկզբում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետը, որից հետո իրենց խոսքն են ասել նաեւ կուսակցության երեք նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը եւ Սուրեն Պապիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ հավաքույթն այդքան էլ ակտիվ չի եղել, քանի որ այն հիմնականում պաշտոնական ձեւաչափով է անցնում: Տեղեկացանք նաեւ, որ ՀՀ վարչապետը կատակներ է արել ու նշել, թե երկրում տեղի ունեցած հեղափոխությունից «տուժել» են Սերժ Սարգսյանը եւ Վիլեն Գաբրիելյանը, առաջինի դեպքում հասկանալի է, թե ինչու, իսկ Գաբրիելյանի դեպքում էլ, երբ այդքան ժամանակ պայքար էր մղում իշխանությունների դեմ, արդյունք չեղավ, իսկ երբ վերջինս բանակում էր ծառայում, արդյունք գրանցվեց հենց այդ ժամանակ: Իր կատակից հետո Փաշինյանն իր խոսքը փոխանցել է Վիլեն Գաբրիելյանին: Իմքայլականների կարծիքով՝ այդ ելույթից հետո շատերը քննարկել են, որ, հնարավոր է, առաջիկայում Վիլենը պաշտոն ստանա:
Ի դեպ, շատ պատգամավորներ չեն գնացել հավաքույթին, նախ, այն բանի համար, որ դա եղել է կուսակցական հավաք, իսկ մեծամասնությունն էլ համարում է, որ պաշտոնական հավաքույթները ձանձրալի են, ավելի լավ է հեռու մնալ այդ ամենից:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՀԱՆԵՑԻՆ
Երկուշաբթի օրը՝ հունվարի 20-ին մեկնարկելիք Ազգային ժողովի գարնանային առաջին նստաշրջանում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած օրենքի աղմկահարույց նախագիծը երկրորդ ընթերցման չի ներկայացվելու: Խոսքը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի մասին է, որը շուտով կբոլորի ծագման մեկ տարին: Երեկ երկրորդ ընթերցմամբ պետք է հարցը քննարկվեր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, սակայն անակնկալ կերպով կառավարությունն այն հետ է կանչել: Թե ինչու է նախարարի ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը խորհրդարանում գործադիրը կանգնեցրել, դեռեւս հայտնի չէ, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, առաջացել է լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն: Բանն այն է, որ պարբերաբար խոսվում է այն մասին, որ թեեւ նախարար Արսեն Թորոսյանը ակտիվ լոբբինգ է անում նախագծի համար, այնուամենայնիվ, այն մի շարք խնդրահարույց եւ թերի կողմեր ունի: Ըստ երեւույթին, կառավարությունում կքննարկվեն առաջարկություններն ու դիտարկումները լրացնելու առաջնահերթությունները:

 

 

 

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
«Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան եւ դատարանում վիճարկում է Երեւանի քաղաքպետարանի կողմից նոյեմբերի 7-ին կայացված որոշումը: Նշենք, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը 2019 թվականի մայիսի 4-ին ազատ էր արձակվել: Նա կալանավորվել էր ապրիլի 8-ից եւ մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար: Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ «Սպայկա» ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 7 միլիարդ դրամի վնաս:




Լրահոս