ՊԵԿ-Ը ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից փաստաբաններին ստուգելու գործընթացին, հայտնեց, որ կասկածներ միշտ էլ եղել են, եւ իրենց կողմից արվել են բացահայտումներ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է փաստաբաններին եւ ստուգումներ է անում փաստաբանների ոլորտում: Ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ կասկածներ ունեք, որ ընկել եք փաստաբանների հետեւից: Օրինակ՝ տեղեկություններ կան, որ փաստաբանը քննել է 5 գործ, բայց ցույց է տալիս, որ քննել է երկու գործ, ու հարկայինից թաքցրել է իրական թիվը, եւ դրա համար հարկայինն ընկել է փաստաբանների հետեւից:
-Փաստաբանական ծառայություններ, իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններն իրենց կողմից մատուցված ծառայություների դիմաց ստացված արժեքները հայտարարագրելու եւ վճարելու մասով կան որոշակի ռիսկային դիտարկումներ, ռիսկային վերլուծություններ: Այո, ինչպես Դուք նշեցիք, քննում են ավելի շատ քանակով գործեր , դրա դիմաց ստանում են գումարներ, բայց ոչ լիարժեք են դրանք ներառում համապատասխան ժամանակաշրջանների հաշվարկ-հաշվետվություններում:
-Երբվանի՞ց են Ձեզ մոտ այդ կասկածները առաջացել:
-Գիտեք, կասկածները միշտ էլ եղել են, սակայն համապատասխան ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ստացված տեղեկությունները իրացվել են՝ ըստ դրանց ստացման ժամանակաշրջանների: Ստուգումներ, որպես այդպիսին, չեն, միգուցե ստուգողական գործողություններ, բայց ոչ ստուգում, քանի որ հանրային ընկալման մեջ ստուգումները կարող են տպավորվել հարկային մարմինների աշխատակիցների այցելությամբ, փաստաթղթեր ուսումնասիրելով եւ այլն: Սա ընդամենը մեր կողմից կատարված ուսումնասիրություններն ու հետազոտություններ են: Նշեմ, որ վերհանված ռիսկերը տրամադրվել են ընկերություններին, փաստաբաններին, նրանց կողմից հիմնականում որոշ ծավալով ընդունվել են մեր կողմից վերհանված ռիսկերը, այսպես ասած, համաձայնվել են:
-Ովքե՞ր են այդ փաստաբանները կամ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունները, անուններ կտա՞ք, ովքե՞ր են եղել թաքցնողները:
-Բնականաբար չեմ կարող նշել:
-Իսկ կոնկրետ կարո՞ղ եք ասել՝ ինչքան գործ էին թաքցրել ՊԵԿ-ից, եւ այդ թաքցրած գումարի չափը ինչքան է կազմում:
-Թիվ, եկեք, չասեմ: Գիտեք, այդ աշխատանքները հիմա ընթացքի մեջ են, եւ հիմա կոնկրետ գումարի մասին նշելը… ամեն դեպքում փոքր չէին: Կարծում եմ, որ այն ձեւաչափը, որ մենք ընտրել ենք, դա շատ նորմալ երեւույթ է, քանի որ արդյունքները ցույց են տալիս, որ մոտեցումները արդարացված են: Նման ուսումնասիրությունները հիմա էլ են ընթացքի մեջ, մշտապես շարունակվում են, մշտապես օպերատիվ տեղեկություններ են ստացվում տարբեր կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների մասով, դրանց դիմաց տրամադրված գումարների մասով, հետագայում մենք սպասում ենք հաշվետու ժամանակաշրջանի գալը, ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվություններ, մենք համադրում ենք մեր ստացված տեղեկությունները, արդյոք ճիշտ են ներկայացվել, եւ դրա հիման վրա ռիսկերը գնահատելով՝ գնում ենք առաջ:
-ՊԵԿ պաշտոնատար անձինք շարունակում են կաշառքի գործելաոճը, հեղափոխությունից հետո անգամ շատերի կալանավորումը դաս չի եղել ՊԵԿ պաշտոնատար անձանց վրա: Ի՞նչ եք անում նրանց կոռուպցիոն գործարքները բացառելու համար:
-ՊԵԿ-ն անում է ամեն ինչ, որպեսզի կոռուպցիոն դրսեւորումները բացառվեն համակարգում: Դուք ականատես եղաք 2019 թվականին, որ մեզ մոտ քննվող քրեական գործերի շրջանակներում բացահայտվեցին մաքսային ծառայողների կողմից կոռուպցիոն դրսեւորումներ, հավանաբար տեղյակ եք՝ մի շարք անձինք ձերբակալվեցին, կալանավորվեցին:
-Բայց կալանավորումներից նրանք դաս չեն քաղում, ուրիշ մեթոդների մասին չե՞ք մտածում:
-Մոտեցումները բազմաթիվ են, այստեղ կարեւոր է սոցիալական ապահովվածության մակարդակը, անձնային տեսակի հարցը: Ի վերջո, անձին, եթե ապահովես ամենաբարձր ֆինանսական միջոցներով, նա կոռուպցիայի կգնա՞, թե՞ ոչ: Տարբեր անձանց կողմից ընկալումները տարբեր են, միանշանակ քայլեր արվում են՝ ապահովելու աշխատակիցների սոցիալական վիճակը եւ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ԱԶԱՏԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մերուժան Գալստյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից:

 

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Պաշտոնեական դիրքի չարաշահման եւ խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Ասղտիկ» բկ: Ըստ փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության՝ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, եւ բժիշկներն արձանագրել են սրտաբանական եւ հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը: Երեկ՝ առավոտյան, Գ. Խաչատրյանը «Երեւան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» բկ եւ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ խոշոր չափերի վատնման համար:

 

 

 

 

4 ԿԳ ԱՓԻՈՆ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են ՀՀ-ի սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական փորձը: Զննության է ենթարկվել Իրանի քաղաքացի Ռ. Ա.-ի անունից Հայաստանի սահմանով Ավստրալիա ուղարկվող ծանրոցը: Արդյունքում պարզվել է, որ ընդհանուր 4 կիլոգրամ քաշով երկու մանկական ներքնակների սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութով: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշով:

 

 

 

 

ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼ Է
Դատախազությունը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ Սարգսյանի պաշտպանի բողոքը: Նախկին նախագահի գույքի վրա ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք դրել էր Հատուկ քննչական ծառայությունը՝ մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու քրեական գործի շրջանակում: Ձեռք բերված ապացույցները ՀՔԾ-ն բավարար է համարել` մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանին մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել 2019թ. դեկտեմբերի 4-ին: Ավելի վաղ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու պաշտպանների բողոքը եւս մերժվել էր:

 

 

 

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Նախօրեին Նոր Արեշի 2-րդ փողոցից բերման է ենթարկվել Արմեն Հ.-ն: Ոստիկանությունից ArmLur.am-ին տեղեկացրել են, որ նա հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

 

 

 

 

ԱԿՑԻԱ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Էջմիածնի ջրօգտագործողների ընկերությունում երեկ բողոքի ակցիա էին իրականացնում լուծարված վարչության աշխատակիցները: Նրանք հավաքվել են ՋՕ-ում եւ նիստ արել, որից հետո բողոքի ակցիա են իրականացրել: Աշխատողների խոսքով՝ վարչությունը լուծարվել է, որովհետեւ իշխանությունները ցանկանում են փոխել գործող տնօրեն Սամվել Համբարձումյանին եւ հիմա արդեն տնօրենի նոր թեկնածու ունեն:

 

 

 

 

ՈՍՏԻԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Ոստիկանին սպանելու գործով ստացվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության եզրակացությունը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց գործով կալանավորված անչափահասների պաշտպան Սեդրակ Մկրտչյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2019 թվականին գրել էր, որ ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի: Նրան տեղափոխել էին հոգեբուժարան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնել էր, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն: Իսկ նախաքննական մարմինը պարզել է, որ մինչեւ ոստիկանին սպանելը նա հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում:
Հիշեցնենք` Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 եւ 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին: Իրավապահները պարզել են նաեւ, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից: Պարզվել է նաեւ, որ կրտսեր եղբայրը ցերեկը մուրացկանություն է արել, գիշերը` ավագ եղբոր հետ գողություն:
Այսպիսով, պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնեց, որ փորձաքննությունը ավարտվել է. «Դեռեւս եզրակացությանը պաշտոնապես մեզ չեն ծանոթացրել, մտածում եմ, որ քննչական մարմինն էլ դեռեւս չի ստացել եզրակացությունը, որովհետեւ փորձաքննությունը ավարտելուց հետո եզրակացություն են կազմում: Պետք է նշեմ, որ անձին հոգեբուժական հաստատությունից արդեն տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, բայց եզրակացությանը մենք չենք ծանոթացել: Հավելել, որ վարույթ իրականացնող մարմինը, եթե ստանում է եզրակացությունը, 10-րյա ժամկետում պաշտպանական կողմին պետք է ներկայացնի»:
Ըստ էության, այս եզրակացությունից հետո շատ հարցեր կստանան իրենց պատասխանները՝ ի վերջո, սպանության գործով կալանավորվածները իրենց կալանքը կշարունակեն քրեակատարողական հիմնարկում, թե անմեղսունակ կճանաչվեն եւ հետագա բուժումը կստանան հոգեբուժական հաստատությունում»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս