Հայաստանում տնտեսվարողները հայտնվել են անելանելի դրության մեջ: Պատճառը ՀԴՄ նոր սերնդի սարքերի դեֆիցիտն է: Նրանք չեն կարողանում 60 հազար դրամ արժեքով ՀԴՄ սարք ձեռք բերել: Որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, տեւական ժամանակ է՝ ՀԴՄ նոր սերնդի սարքերը վաճառում են եռակի անգամ թանկ գնով:
Ինչպես հայտնի է, անցած տարվա հունվարի 1-ից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով: Իսկ, ահա, 2019 թվականի փետրվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին պետք է վաճառվեն 60 հազար դրամով` 160 հազար դրամի փոխարեն:
ՀԴՄ սարքերի դեֆիցիտը մեծ անհանգստություն է պատճառել փոքր եւ միջին բիզնեսին: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ տնտեսվարողներից դժգոհություններ է ստացել: Նրանց խոսքերով՝ իրենք արդեն մի քանի ամիս է՝ չեն կարողանում խելամիտ գնով ձեռք բերել ՀԴՄ նոր սերնդի սարք: Իսկ երբ տնտեսվարողները ՀԴՄ սարք ձեռք բերելու պահանջով դիմում են ՀՀ ՊԵԿ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ, անմիջապես մերժվում են: ՊՈԱԿ-ից փոխանցում են, որ սարք չկա, եւ չգիտեն, թե երբ կլինի: Այս ամենի արդյունքում անելանելի դրության մեջ են հայտնվել հազարավոր տնտեսվարողներ, որոնք այժմ աշխատում են հին սերնդի ՀԴՄ սարքերով: Տնտեսվարողներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՀԴՄ սարք ձեռք բերելու համար անգամ դիմում են գրել ՊՈԱԿ-ին, բայց արձագանք չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսվարողները պատմեցին, որ իրենց նախապես «զգուշացրել են», որ եթե ՊԵԿ-ը ստուգի եւ ՀԴՄ հին սերնդի սարք հայտնաբերելու դեպքում տուգանի, ապա տնտեսվարողը կարող է ՊԵԿ-ին ապացուցել, որ ինքը ամիսներ շարունակ դիմել է ՊՈԱԿ՝ ՀԴՄ նոր սերդնի սարք գնելու պահանջով: Մյուս կողմից՝ ըստ տնտեսվարողների՝ այդ սարքերի գները արդեն մի քանի ամիս է՝ տատանվում են 170-200 հազար դրամի սահմաններում:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀԴՄ նոր սերնդի սարքերի վաճառքի վերաբերյալ հայտարարությունները տեղադրված են list.am կայքէջում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ նշված կայքէջում հիմնականում գերակշռում են ՀԴՄ նոր սերնդի սարք գնելու վերաբերյալ հայտարարությունները: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը գտավ ՀԴՄ սարքի վաճառքի մի քանի հայտարարություն եւ կապ հաստատեց վաճառողների հետ: Պարզվում է, որ 170 հազար դրամ արժեք ունեցող սարքերն արագ սպառվել են, բայց վաճառողը խոստացավ, որ առաջիկա երկու օրերին դարձյալ կունենա: Իսկ 180 հազար կամ 190-200 հազար դրամ գին առաջարկող վաճառողները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ ունեն այդ սարքերից, բայց կտրականապես հրաժարվեցին զեղչեր անել:
Ինչո՞ւ դաշտում ստեղծվեց այս իրավիճակը: Բանն այն է, որ ՀՀ կառավարության անցած տարվա մարտի 29-ի որոշմամբ՝ ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացն ազատականացվեց, ինչի արդյունքում ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ իրավաբանական անձինք կարող են ներկրել ՀԴՄ նոր սերնդի սարքեր: Եվ եթե նախկինում դա միայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործառույթն էր, հիմա ցանկացած տնտեսվարող կարողանում է որոշակի խմբաքանակ ներմուծել, ներբեռնել ծրագիրն ու վաճառել ՀԴՄ-ները: Այսինքն՝ ազատ մրցակցության պարագայում գինը սկսեց շուկան թելադրել, եւ պետական մենաշնորհը վերացվեց: Եւ ամենակարեւորը՝ դաշտը գտնվում է բարձիթողի վիճակում է, եւ արդեն մի քանի ամիս է՝ վերահսկողությունից դուրս է:
Թեեւ տնտեսվարողները մտահոգված են, որ կարող են յուրաքանչյուր պահի ՊԵԿ տեսուչների կողմից տուգանվեն, այնուամենայնիվ հարկ ենք համարում տեղեկացնել, որ նախորդ տարվա օգոստոսին ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդիպում էր ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ, որից հետո հայտարարել էր՝ ՊԵԿ-ը չի տուգանի այն տնտեսվարողներին, ովքեր նոր սերնդի սարքեր ձեռք բերելու համար հայտ են ներկայացրել, դեռեւս չեն ստացել այն, սակայն գործում են հին ՀԴՄ-ներով:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԹԱՆԿԱՆԱ
Հայաստանում անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3 տոկոս գնաճ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ դրան նպաստել են մրգի՝ 4.9, բանջարեղենի 19.9 տոկոս գնաճերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն մրգի շուկայում տարեվերջին, նոյեմբեր ամսվա համեմատ, թանկացումը կազմել է 4.9 տոկոս: Ի դեպ, տեղեկացնենք, որ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում թեկուզ չնչին, բայց թանկացում է արձանագրվել 0.5 տոկոսի չափով: Ձվի գինը մեկ ամսվա ընթացքում (2019 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ) բարձրացել է 1.1 տոկոսով: Անգամ թանկացել է հացաբուլկեղենն ու ձավարեղենը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հացաբուլկեղենը թանկացել է 0.4 տոկոսով:
Բացի այս, Հայաստանում արձանագրվել է նաեւ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների 0.1 տոկոս գնաճ, ինչը ծխախոտային արտադրատեսակների 0.1 տոկոս գնաճի արդյունք է: Փոխարենը շաքարավազի շուկայում է գնանկում արձանագրվել. 2019 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գնանկումը կազմել է 5.6 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձկան եւ ծովամթերքի շուկայում վերը նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.3 տոկոսի գնանկում: Մսամթերքի գները եւս նվազել են՝ 0.1 տոկոսով: Ըստ մասնագետների՝ անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրված թանկացումների պատճառը Ամանորն է եղել:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ հունվարի 1-ից մոտ 700 ապրանքատեսակ թանկացել է։ Ինչպես հայտնի է, Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, միաժամանակ միացել է միասնական մաքսային սակագներին, ինչը ենթադրում է, որ որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերը պետք է բարձրանան: Բայց վատ հետեւանքները մեղմելու նպատակով Հայաստանը մի քանի տարի անցումային ժամանակահատված էր վերցրել՝ սպառողական զամբյուղի կարեւոր ապրանքների համար: Իսկ դրանց մի մասի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն ոլորտը՝ գյուղատնտեությունը, թանկանալու է: Այս ոլորտում արդեն հունվարի 1-ից բարձրացել է ցորենի սերմացուի, գյուղատնտեսական մթերքի, կենդանիների կերի մաքսազերծումը: Ըստ որոշ տեղեկությունների՝ նշված ապրանքատեսակները ներմուծող տնտեսվարողները սահմանին վճարում են 3 տոկոսով ավելի գումար: Ի դեպ, պարարտանյութերի համար այդ վճարը թանկացել է ավելի քան 2 տոկոսով:
Սա դեռ ամենը չէ. ինչպես հայտնի է, երեկվանից ուժի մեջ է մտել օրենսդրական նորմը, ըստ որի՝ անասունի մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում: Ըստ անասնապահությամբ զբաղվող ֆերմերների՝ մսի եւ կաթի գները կբարձրանան: Այնպես որ, զինվեք համբերությամբ. Հայաստանում կյանքը է՛լ ավելի է թանկանալու:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ՀԱՐՎԱԾԵԼ Է
Ազատամուտ համայնքը 2008-2018 թվականներին ղեկավարած Ժորա Մարտիրոսյանի որդու՝ Ռոբերտ Մարտիրոսյանի դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Ռ. Մարտիրոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2018 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 18-ի սահմաններում, քարերով եւ դանակով հարվածել է Ազատամուտի բնակիչ Շահնազար Ալավերդյանի վարած ՎԱԶ-2124 մակնիշի ավտոմեքենային, վնասել առջեւի հողմապակին, շարժիչի ծածկոցը, առջեւի աջ դռան վերեւի հատվածը՝ պատճառելով զգալի չափերի՝ ընդհանուր 84 հազար դրամի գույքային վնաս: Բացի այդ, նա 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով այդ համայնքի բնակիչների կողմից գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող խաղաղ հավաքի մասնակից համագյուղացիների հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, խոչընդոտել է հասարակության անդամների խաղաղ հավաքին ազատ մասնակցելու սահմանադրական իրավունքի իրականացմանը, որը զուգորդվել է նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով:
Բացի այդ, Ռ. Մարտիրոսյանը նշված հավաքի ընթացքում հասարակական կարգը խախտելու կասկածանքով եւ այլ հնարավոր իրավախախտումներ կատարելը կանխելու նպատակով ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանի հրահանգով ժամը 10:00-ի սահմաններում ֆիզիկական ուժի կիրառմամբ բերման ենթարկելու ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ Գեորգի Միրզոյանի նկատմամբ՝ երկու անգամ ոտքով դիտավորյալ հարվածելով նրան: Այնուհետեւ Ռ. Մարտիրոսյանը 2018թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, իրենց թաղամասում Շահնազար Ալավերդյանին բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, իր ընտանիքին պատճառված գույքային վնասը ետ ստանալու դիտավորությամբ, սպառնալով, որ կսպանի, պահանջել է 2015թ. իրենց խանութից կատարված գողության հետեւանքով պատճառված 45 միլիոն դրամ վնասի գումարը:
Նախկինում չդատված Ռ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածի 1-ին մասով, 34-322 հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ