ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐՁԱԿ ԱՍՏՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է նոր շարք հայկական շոու-բիզնեսի այն աստղերի մասին, որոնք ինչ-ինչ հարցերում անգերազանցելի են: Առաջինն անդրադառնում ենք իրենց համարձակությամբ անգերազանցելի աստղերին: Ներկայացնում ենք այն հայտնիներին, որոնք չեն վախենում լինել այնպիսին, ինչպիսին կան, բեմում անկաշկանդ են եւ երբեք չեն փախչում քննադատություններից:

Ջուս
Սկանդալային երգչուհի Ջուսը երբեք չի խուսափում լինել բաց եւ ազատ: Նրա բեմական կերպարները լի են էներգիայով, երգչուհու շարժումներն ու միմիկան համարձակ են, հագուստը՝ հաճախ բաց եւ սեքսուալ: Տարիներ առաջ Ջուսին «Ռեինկարնացիայի» հոլովակում տեսանք անգամ տղայի դերում պատին միզելիս: Ջուսը չի բարդույթավորվում եւ խոսում է իր անձնականից, սեքսից, տղամարդկանց հետ հարաբերություններից: Շոկային էր, երբ հացազրույցներից մեկում նա խոստովանեց, որ տարիներ շարունակ սեռական կյանք չի ունեցել, քանի որ կողքին տղամարդ չի եղել, իսկ պատահական կապերն իր համար չեն: Համաձայնեք, հայ իրականության մեջ քչերն են այդքան բաց հանրության առաջ:

Շպռոտ


Շպռոտը միշտ է տարբերվել իր վառ կերպարով եւ անհատականությամբ: Նրա «Եղի՛ր ազատ» երգը, որով հանդես էր գալիս տարիներ առաջ, կարծես հենց իր մասին է: Երգչուհին կոչ էր անում ազատվել կապանքներից: Նա առաջին հայաստանցի երգչուհին էր, որը գրեթե մերկ հայտնվեց ամսագրի շապիկին: Երբ Շպռոտը մեկնեց Միացյալ Նահանգներ, նրա արտաքինը փոխվեց, դարձավ ավելի սեքսուալ: Հիմա արդեն Շպռոտը բավական բաց է հագնվում իր տեսահոլովակներում, չի վախենում իրեն ուղղված քննադատությունների տարափից: Երգչուհին հանգիստ խոսում է իր պլաստիկ վիրահատությունների մասին. «Կարեւորը՝ ես ինձ դուր եմ գալիս»,- ասում է երգչուհին եւ հորդորում չներխուժել իր կյանք:

Գայա Արզումանյան


«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի այս երգչուհին աչքի է ընկնում էքսցենտրիկ կերպարներով, տեսահոլովակներով, արտաքինի կտրուկ փոփոխությամբ ու սկանդալային հայտարարություններով: Եվ չնայած իր բավական բաց կերպարներին՝ Գայան բազմիցս խոստովանել է, որ ծնվել է ավանդապաշտ ընտանիքում եւ ադաթները պահող, ծնողներին հարգող աղջիկ է: Իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ էլ Գայան արեց մի խոստովանություն, որը բավական շոկային էր. «Ես 33 տարեկան կույս եմ ու չեմ վախենում դա ասել»,-հայտարարեց նա: Ինչ վերաբերում է իր արտաքինին, Գայան մեկնաբանում է. «Այն, ինչ տեսնում եք, բեմական կերպար է: Ելույթ ունենալիս բաց հագնվելը մարմնավաճառություն չէ»:

Իվետա Մուկուչյան


Գերմանիայում երկար տարիներ բնակվելու հանգամանքն անմիջականորեն անդրադարձել է Իվետա Մուկուչյանի կերպարի վրա: Երգչուհին զերծ է բարդույթներից, ավելորդ համեստությունից, որը հաճախ խանգարում է բեմի մարդկանց: Եվրատեսիլյան նրա կերպարն, օրինակ, մինչեւ հիմա հիշում են բոլորը՝ սլացիկ եւ բաց ոտքերի շնորհիվ. դրանք տպավորեցին անգամ եվրոպացի հանդիսատեսին, որին զարմացնելը բավական բարդ է: Իվետան չի վախենում խոսել նաեւ անձնական կյանքի մասին: «Երբ աղջիկը զգում է, որ տղան իրեն խաբում է, լուրջ չի վերաբերվում հարաբերություններին, նա հույս է ունենում, որ սիրելի մարդը դեպի լավը կփոխվի. նրանից հեռանալը շատ դժվար քայլ է: Իմ կյանքում այսպիսի բան զգացել եմ»,-մի առիթով ասել է նա:

Եվա Ռիվաս


Այս երգչուհու լուսանկարները նայելիս կարող ենք հանդիպել բավական բաց, կիսամերկ կերպարների: Նրա անկեղծությունը եւս շատ է թիրախավորվել հայ հանրության կողմից: Երբ Եվան «Հայաստանի ձայնը» նախագծի ժամանակ ոտքով խփեց մրցավարական կոճակին, ամբողջ Հայաստանը մի քանի օր հանգիստ չթողեց նրան, քննադատություններին վերջ չկար… Ինչ-որ շրջան երգչուհին հաճախ էր խոսում իր անձնական կյանքի, հիասթափությունների, չստացված հարաբերությունների մասին: Նրա գրառումներից անգամ դժվար չէր գուշակել, որ երգչուհին խորը դեպրեսիայի մեջ է: Առհասարակ, Եվան իր հույզերն արտահայտում է ազատ: Վերջին շրջանում, սակայն, հայկական շոու-բիզնեսի երկնակամարում նա չի երեւում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

 

ՎԱՀԱԳ ՌԱՇԸ՝ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Վահագ Ռաշն է: Նա նախ 1999թ. ընդունվել է ՀՊՃՀ հաշվողական համակարգեր բաժին, ապա 2005-08թթ սովորել է Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում` ստանալով մագիստրոսի կոչում:

«Իմ առաջին մասնագիտությամբ որոշ ժամանակ աշխատել եմ: Ցանցային ծրագրավորում եմ սկզբում սովորել, բանակից հետո սովորել եմ վեբ-դիզայն, կայքերի պատրաստում, այդ մասնագիտությամբ աշխատել եմ ավելի քան մեկ տարի: Հետո արդեն մագիստրատուրան շարունակել եմ հաշվապահության գծով, որն ինձ համար ավելի հետաքրքիր էր: Դրանից հետո արդեն սկսեցի զբաղվել սեփական բիզնեսով. կոսմետոլոգիական սարքավորումների ներկրմամբ եւ վաճառքով եմ զբաղվո ւմ, նաեւ սրահ ունեմ: Թե՛ ծրագրավորումը, թե՛ հաշվապահությունը շատ են պետք գալիս, օգնում են առաջ տանել սեփական բիզնեսը: Հատկապես համակարգչային գիտելիքներս հաճախ եմ կիրառում»,-մեկնաբանեց Վահագը:
Հարցին, թե ինչպես պատահեց, որ երաժշտությունը, երգը մտան իր կյանք, Վահագը պատասխանեց. «Երաժշտությունը միշտ է ինձ հետ եղել: Առաջին մասնագիտությունս նյութապես է օգնում ինձ, իսկ երաժշտությունը՝ հոգեպես: Այդպիսով բալանսի եմ բերում ամեն բան: Երբ ծանր օր եմ ունենում, երաժշտությունն է փրկում ինձ»:
Հավելենք, որ Վահագ Ռաշը 2009թ-ից ձայնագրել է առաջին Մ. Մեծարենցի «Եգուր» բանաստեղծության բառերով գրված «Համբույրի մը մեջ» երգը: Նույն թվականից շարունակել է զբաղվել երաժշտությամբ: Ձայնագրել է «Աշնան քամի», «Երանի», «Ես կգամ», Ս. Կապուտիկյանի «Երգ երգոց» բանաստեղծության բառերով գրված «Անհաս մի տենչ», Ե.Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ», Մ.Մեծարենցի «Հիվանդի հեւքեր» շարքից գրված «Անուրջներ», Հ. Շիրազի «Գտա» բանաստեղծության վրա գրված «Դառն հուշեր», Վ. Տերյանի բառերով գրված «Հեռացիր» երգերը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՆ
Արգենտինայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին խոսել է իր հավերժական մրցակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին. «Կարծում եմ այն ժամանակ, երբ Ռոնալդուն «Ռեալում» էր, կլասիոներն ավելի հետաքրքիր էին: Մեր մրցակցությունը առանձնահատուկ էր, եւ այն միշտ կմնա բոլորի հիշողություններում: Մենք տարիներ շարունակ հավասարը հավասարի պայքար ենք մղել: ՀԵնց այդ մրցակցությունն էլ մեզ ավելի ուժեղ է դարձրել: Հիմա արդեն անցել են այդ ժամանակները, մենք ավելի փորձառու ենք դարձել. պետք է շարժվել առաջ»,-ասել է Լեոն: Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» հեռացավ 2018 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Թուրինի «Յուվենտուս»:

 

 

 

ՆՈՒՅՆԻՍԿ ՀԻՎԱՆԴ ՎԻՃԱԿՈՒՄ
Խառը մենամարտերի թեթեւ քաշային նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 2020 թվականի հունվարի 18-ին երկարատեւ դադարից հետո կվերադառնա օկտագոն: Իռլանդացու մրցակիցը կլինի Դոնալդ «Կովբոյ» Սերոնեն: Քոնորը մենամարտից օրեր առաջ կիսվել է իր տպավորություններով. «Հունվարի 18-ին նոր յուրահատուկ բան եք տեսնելու: Կախարդելու եմ օկտագոնում եւ հաղթելու եմ նրան: Սերոնեին կարող եմ հաղթել նույնիսկ հիվանդ վիճակում, նրան պարտության մատնելը ինձ համար ոչինչ չանելու նման մի բան է»,-ասել է իռլանդացին: Հիշեցնենք, որ Քոնորը իր անցկացրած վերջին մարտում նոկաուտով պարտվել էր Հաբիբ Նումագոմեդովին:

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է
Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն Իսպանիայի առաջնության հանձնաժողովի կողմից որակազրկվեց 1 խաղում: Ֆուտբոլիստը բաց կթողնի Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի «Սեւիլիայի» դեմ հանդիպումը: Հիշեցնենք, որ Վալվերդեն Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ խաղի 115-րդ րոպեին կոպտորեն խախտել էր կանոնները Ալվարո Մորատայի նկատմամբ՝ վերջինիս զրկելով գոլ խփելու հնարավորությունից: Ի վերջո, հետխաղյա 11մ հարվածաշարում

 

 

 

ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ
Սենեգալի ազգային հավաքականի եւ իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան, հնարավոր է, շարունակի անգլիական «Մանչեստեր Յունայթեդում»: Այս մասին տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները: Նշվում է, որ սենեգալցու տրանսֆերը մանչեստերցիների վրա կարժենա 75մլն եվրո: «Մանչեստեր Յունայթեդը» դեռ վաղուց էր հետեւում Կուլիբալիի խաղին եւ ցանկանում էր գնել վերջինիս: Այժմ այս տրանսֆերը «կարմիր սատանաների» համար դարձել է առաջնային, որովհետեւ վնասվածք է ստացել թիմի առաջատար, պաշտպան Հարի Մագուայերը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս