ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ԼՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը մոտ երկու ժամ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: «ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ նախարարի հետ հանդիպմանը այնքան էլ շատ պատգամավորներ չեն մասնակցել, որի համար ներկայացրել են պատճառներ: Բանն այն է, որ այդ հանդիպմանը գրեթե զուգահեռ Ազգային ժողովում տարբեր հանձնաժողովների նիստեր էին ընթանում, եւ պատգամավորները ժամանակային առումով չեն հասցրել գնալ ՔՊ գրասենյակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումն ընթացել է ելույթ-հարցուպատասխան ձեւաչափով: Սկզբում նախարարը ներածական ելույթով է հանդես եկել, այնուհետեւ սկսվել է հարցուպատասխան, որը շատ ակտիվ չի եղել: Պատգամավորները հիմնականում լսողի դերում են եղել. դիվանագիտական պատասխաններ են հնչել՝ երկար ու ոչ շատ բովանդակային: Պատգամավորներից հարցեր են հնչեցրել Լիլիթ Մակունցն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ վաղը՝ հունվարի 18-ին կայանալիք ՀՀ եւ Արցախի խորհրդարանականների հանդիպմանը: Այդ օրը լայն հանդիպում կլինի՝ Հայաստան-Արցախ ձեւաչափով, որի հիմնական թեման լինելու է 1990 թվականին տեղի ունեցած Բաքվի հայկական ջարդերը: Մեր տեղեկություններով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ցանկություն կա Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարություն տարածել՝ դատապարտելով կատարվածը եւ աշխարհի ուշադրությունն այդ հարցի վրա եւս մեկ անգամ սեւեռելով: Մեր տեղեկություններով՝ հայտարարության տեքստն արդեն պատրաստ է. վերջնական, դետալային հստակեցումները կլինեն այսօր կամ վաղը:

 

 

 

 

Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ աննախադեպ բան է եղել. այս տարվա հունվարի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ կայացած դատական նիստի ընթացքում, երբ քննվում էր Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եւ օգնականի եղբոր՝ Հարություն եւ Զավեն Գրիգորյանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործով նիստը, պաշտպան Լեւոն Սահակյանը Հարություն Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու համար միջնորդել է վճարել 1 տրիլիոն 697 մլրդ դրամ: Թե ինչպես պետք է վճարեին, պարզ չէ: Դատավորը, սակայն, մերժել է Զավենին ազատ արձակել անգամ ՀՀ պետբյուջեի եկամուտների չափով առաջարկված 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ գումարը որպես գրավ ընդունելու պայմանով: Հիշեցնենք, որ Վաչե Մարգարյանն այն դատավորն է, որի մասին, ըստ ամենայնի, խոսում էին հայտնի գաղտնալսման մեջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ դատավոր Հրաչ հիշատակելով: Հիշեցնենք նաեւ, որ այդքան մեծ թվով գրավ վճարելու պատրաստակամություն հայտնած կողմի գործը այն աղմկահարույց եւ ցավալի միջադեպն էր, երբ նախորդ տարվա սեպտեմբերին վիճաբանություն էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եւ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի միջեւ, որի հետեւանքով փոխգնդապետը գլխի շրջանում լուրջ վնասվածք էր ստացել, եւ արդեն 4 ամիս է՝ կոմայից դուրս չի գալիս: Նա հյուծվել է, նիհարել եւ միայն շնչում է:

 

 

 

 

Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավանդական մեծ ասուլիսով է հանդես գալու Կապան քաղաքում: Այս մասին ե՛ւ հասարակության լայն շերտերը, ե՛ւ լրագրողները երեկ տեղեկացան հենց վարչապետի ֆեյսբուքյան գրառումից: Իհարկե, նախկինում էլ, երբ ասուլիսներ էին լինում, վարչապետը ֆեյսբուքյան գրառումներ անում էր, սակայն մինչ այդ լրագրողներն արդեն տեղեկացած լինում էին նման իրադարձության մասին նրա խոսնակից կամ լրատվական ծառայությունից: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 9-ից Նիկոլ Փաշինյանը մամուլի խոսնակ չունի: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը այն դժգոհությունն էր, թե Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանը՝ իր ողջ ռեսուրսներով: Եվ չնայած Կարապետյանի հեռանալուց անցել է արդեն մեկ շաբաթ ժամանակ, սակայն Փաշինյանը չի շտապում նոր նշանակում կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մոտ օրերս էլ նա նոր նշանակում չի անի: «Այս պահին դեռ թեկնածուներ չունենք, քննարկումները շարունակվում են»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց կառավարությանն առընթեր «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը: Թերեւս Փաշինյանը չի ցանկանում շտապել եւ նշանակել այնպիսի խոսնակի, որը Կարապետյանի նման կփորձի վարչապետի թիկունքում խարդավանքներ հյուսել: Կարծես թե վստահելի կադրերի պակաս կա:

 

 

 

 

Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: «Ժողովուրդ» օրաթերթին այդ գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, թե գաղտնալսման մասով 2018թ.՝ գաղտնալսումից հետո, նախաքննական մարմնին ինչ է հայտնել ՀՔԾ պետ Խաչատրյանը եւ ինչու է հրաժարվել քննիչներին տրամադրել իր բջջային հեռախոսը: Բանն այն է, որ դեռեւս 2018 թվականին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման գործով իր հեռախոսը տվել էր նախաքննական մարմնին. «Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրե՛ք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ եւ կնոջս անձնական նամակագրությունը»: Սակայն ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվել է իր հեռախոսը տալ քննիչներին՝ գործով անհրաժեշտ հանգամանքները պարզելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց՝ ինչու Սասուն Խաչատրյանն իր հեռախոսը չի տվել. արդյոք պատճառն ա՞յն է, որ հենց ինքն է զանգահարել «դատավոր Հրաչին», հրահանգել Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել: ՀՔԾ-ից պատասխանեցին. «Գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, եւ պարոն Խաչատրյանը այնտեղ նախազգուշացվել է նախաքննական տվյալներ չհրապարակելու մասին, հետեւաբար նա չի կարող տվյալներ հայտնել Ձեր հարցադրման առնչությամբ»:




Լրահոս